• Latest news

Հայ բժիշկները կարել են հիվանդի ամբողջությամբ կտրված թեւը (ֆոտո)

5 սեպտեմբերի, 2018  16:48
«Հերացի» համալսարանական կլինիկայում տրավմատիկ անդամահատումից հետո հիվանդի աջ թեւը կարել են: Արագածոտնից 31-ամյա Ժորա Խաչատրյանը ծանր վնասվածք էր ստացել արտադրության մեջ: Վերջույթը հաջողվեց վերականգնել ռեանիմատոլոգների, անեսթեզիոլոգների, տրավմատոլոգների եւ նեյրովիրաբույժների համակարգված աշխատանքի շնորհիվ:

Ինչպես լրագրողներին հայտնեց պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, վիրահատությունը կատարվել է սեպտեմբերի 3-ին եւ տեւել է 7,5 ժամ: «Նախ կատարվում է վերքի առաջնային մշակում, ճիշտ է գնահատվում հիվանդի եւ կորցրած վերջույթի վիճակը, որից հետո որոշում է ընդունվում՝ այն վերականգնման ենթակա է, թե ոչ: Սա բարդ դեպք էր: Նման վնասվածքները դժվար է վերականգնել: Մեր վնասվածքաբանները ժամանակին ամրացրին մկանները, որից հետո սկսվեց վերաիմպլանտացիայի պրոցեսը, որը հաջող անցավ»,- հայտնեց նա:

Նրա խոսքով՝ վիրահատությունը սկսելուց արդեն 2-2,5 ժամ հետո վերականգնվել է արյան շրջանառությունը: «Հիվանդը գիտակցության մեջ է, նրա վիճակը համապատասխանում է ստացած վնասվածքին եւ տարած վիրահատությանը: Մենք ճիշտ որոշում ենք ընդունել՝ նրա թեւը վերականգնելով»,- նշեց վիրաբույժը:

«Համակարգված աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք վերջույթը լիովին վերականգնել, եւ լրացուցիչ միջամտության անհրաժեշտություն չի լինի, քանի որ վիրահատության ժամանակ մենք ստիպված էինք թեւը 5 սմ-ով կարճացնել»,- տեղեկացրեց Սահակյանը:

Ինչպես նշվեց, սովորաբար վերականգնման ժամանակահատվածը տեւում է 1-1,5 տարի: Մինչդեռ բժիշկները վստահ են, որ Ժորա Խաչատրյանը կկարողանա վիրահատված ձեռքն օգտագործել եւ նույնիսկ գրել: «Հիվանդը լավատեսորեն է տրամադրված, իրեն քաջասիրտ է պահում: Սա կօգնի նրա հետագա վերականգնման գործին, քանի որ շատ կարեւոր է, որ հիվանդը վստահի բժշկին եւ լավատես լինի»,- շեշտեց վիրաբույժը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է