Պոդիատրիան նոր` երիտասարդ ուղղություն է բժշկության մեջ, որն ուսումնասիրում է ոտնաթաթի բնածին, ձեռք բերովի, տրավմատիկ բնույթի հիվանդությունները, ոտնաթաթի և քայլքի շարժման կենսամեխանիկան, վերլուծում է ոտնաթաթի ֆունկցիոնալ առանձնահատկությունները, բացատրում է քայլքի տարբեր ձևերը, ուսումնասիրում է ոտնաթաթի դիրքը կոշիկներում և ոտնաթաթի դեֆորմացիաների զարգացման մինչկլինիկական ողջ շարքը: Այն իր մեջ ներառում է բժշկության մի քանի բաժիններ՝ օրթոպեդիա, վնասվածքաբանություն, անոթային և թարախային վիրաբուժություն, նույնիսկ` նեյրովիրաբուժություն: Այս մասին NEWS.am Medicine թղթակցի հետ զրույցում պատմեց բժիշկ-խորհրդատու (կոնսուլտանտ) Հասմիկ Աղուզումյցանը:
Պոդիատրիան կանխարգելում և բուժում է ոտնաթաթի հիվանդությունները, ապահովում է օրթոպեդիկ հիվանդությունների պրոֆիլակտիկան ՝ դրանով իսկ խոչընդոտելով լուրջ հիվանդությունների առաջացումը: Այս ոլորտի լուրջ խնդիրներից է դիաբետիկ թաթի սինդրոմը, որը շաքարային դիաբետի ամենածանր բարդություններից մեկն է: Այն այսօր ամենադժվար բուժվող պաթոլոգիաներից է, և պահանջում է հատուկ ուշադրություն ինչպես բժշկի, այնպես էլ հիվանդի կողմից:
Մարդու ոտնաթաթը զարգանում եւ ձեւավորվում է մինչեւ 5 տարեկանը: Հենց այս շրջանում պետք է ուշադրություն դարձնել, որ երեխան ճիշտ կոշիկ կրի: Այն պետք է ամուր լինի, հետևամասը նույնպես պետք է ամուր լինի: Ներբանը պետք է պինդ և միևնույն ժամանակ բավականին ճկուն լինի:Երեխայի թաթը պետք է չեզոք վիճակում լինի: Կոշիկը պետք է պարտադիր համապատասխանի երեխայի ոտքին: Անթույլատրելի է կրել ուրիշի կոշիկը: Բժշկի կարծիքով պետք է որակյալ, ճիշտ կոշիկ գնել՝ հետագայում ոտնաթաթի կենսամեխանիկայի և քայլվածքի ժամանակ առաջացող խնդիրներից խուսափելու համար:
Օրթոպեդիկ ներդիրների ընտրության ժամանակ կիրառվում է տարիքային մոտեցումը: Օրինակ՝ մեծերի համար առաջին հերթին հարմարավետությունն է: պետք է ինչ-որ կերպ կանգնեցնել հիվանդության զարգացման ընթացքը, արթրոզների եւ ողնաշարի հիվանդությունների պրոֆիլակտիկա անցկացնել, ապահովել ոտնաթաթի անհրաժեշտ ամորտիզացիան, ինչը տարիքի հետ նվազում է: Եթե խոսքը գնում է մինչեւ հինգ տարեկան երեխաների մասին, ապա այստեղ կարելի է ուղղել ոտնաթաթի խախտված կենսամեխանիկան՝ հարթաթաթության զարգացումը կանխարգելելու համար: Երեխաների կողմից օրթոպեդիկ ներդիրների կրելը պետք է համատեղվի անհրաժեշտ վերականգնողական վարժությունների կոմպլեքսի, ֆիզիոթերապիայի, մերսման հետ:
Այն, որ երեխաների մոտ մինչեւ երեք տարեկանը հարթաթաթություն չի լինում՝ թյուր պատկերացում է: Այն կարող է լինել բնածին եւ ձեռք բերովի: Ամենավնասակարը ոչ թե ոտքի ցավերն են, ոչ թե դրանց դեֆորմացիաները, (ոսկրիկների)՝ լայնական հարթաթաթության արդյունքում, այլ դրանց հետեւանքները՝ ամբողջ հենաշարժիչ համակարգի, այդ թվում ողնաշարի դեֆորմացիան: Որքան շուտ է հայտնաբերվում հարթաթաթությունը, այքան ավելի հեշտ է այն կանխել:
Եթե ոտքերը շուտ են հոգնում, կա ցավ ձկնամկանի շրջանում, դա արդեն խոսում է առաջին աստիճանի հարթաթաթության մասին: Ըստ վիճակագրական տվյալների, այսօր աշխարհում ամեն հինգերորդ մարդն ունի ոտնաթաթի հետ կապված խնդիրներ, որոնց առաջացման հիմնական պատճառներից են ոտնաթաթի կենսամեխանիկական շեղումներն ու հարթաթաթությունը:
Հարթաթաթությունը ոտնաթաթի ձևի փոփոխություն է, որին բնորոշ է երկայնակի և լայնակի կամարների իջեցումը: Հարթաթաթությունը լինում է ի ծնե (3%) և ձեռք բերովի:
Ձեռք բերովի հարթաթաթությունը կարող է առաջանալ յուրաքանչյուր տարիքում և լինում է մի քանի տեսակի՝ հետտրավմատիկ, ստատիկ (80-90%), պարալիտիկ, ռախիտիկ։ Ստատիկ հարթաթությունը ամենատարածվածն է, որի առաջացման պատճառներն են ոտնաթաթի երկարատև գերծանրաբեռնվածությունը, սխալ ընտրված կոշիկները, մարմնի ավելորդ քաշը և այլն: Այն հատկապես առաջանում է որոշ մասնագիտությունների տեր մարդկանց մոտ՝ զինծառայողներ, վիրահատող բժիշկներ, ծանր ֆիզիկական աշխատանք կատարող մարդիկ:
Հարթաթաթությունը հանգեցնում է կեցվածքի բարդ շեղումների, ողնաշարային հիվանդությունների, ստորին վերջույթների հոդային դեֆորմացիների, ոտնաթաթի կոշտուկների առաջացման, երակների լայնացման, որոնք դրսևորվում են հոդացավով, ոտնացավով, ոտնաթաթի տակ այրոցի զգացողությամբ, քրոնիկ գլխացավով, քայլելիս` շուտ հոգնածությամբ:
Զինվորական ծառայության ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը` վազքը, շարային քայլքը, ակտիվ մարզումները նպաստում են առկա խնդիրների էլ ավելի արագ դրսևորմանն ու բարդությունների առաջացմանը: Շատ հաճախ շարային քայքի ժամանակ առաջանում են ոտնաթաթի մանր ոսկրերի կոտրվածքներ, որոնք հետագայում վերածվում են ոսկրային կոշտուկների: Քայլքի, վազքի ժամանակ միկրոհարվածներ են ստանում նաև ներքին օրգաններն ու գլխուղեղը: Առաջանում են առողջական խնդիրներ, որոնք բերում են աշխատունակության, մարտունակության և ֆիզիկական տոկունության անկման:
Նկարագրված վիճակը ավելի խորանում է, երբ ոտնաթաթը երկար ժամանակ մնում է խոնավ կիսագուլպաների ու կոշիկների մեջ, առաջացնելով մաշկային գերաճեր (մոզոլներ), կոշտուկներ, մաշկային և ներքին օրգանների բորբոքային հիվանդություններ: Հարթաթաթության բարդությունները կանխելու համար անհրաժեշտ է կրել օրթոպեդիկ ներդիրներ և կատարել կոշիկի ճիշտ ընտրություն: Կոշիկը պետք է ունենա ամուր, լայն, ճկուն տակացու, գերադասելի է, որ կարված լինի բնական կաշվից:
Եզրակացություն անելով՝ բժիշկը նշեց, որ մարդն իր կյանքի ընթացքում պետք է միշտ հոգ տանի իր ոտքերի մասին, դրանց ապահովելով առավելագույն հարմարավետություն, իսկ ոտնաթաթի շրջանում հոգնածության և ցավի առաջացման դեպքում, պետք է դիմել մասնագետի՝ համապատասխան օգնություն ստանալու համար:
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Երևանում տեղի ունեցավ Կումուրյանի անվան առաջին մասնագիտացված՝պոդիատրիկ կլինիկայի բացումը:
Անի Լիպարիտյան



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day