• Latest news

Հայաստանում օնլայն դպրոց է բացվում ծանրալսությամբ երեխաների ծնողների համար

14 մարտի, 2019  16:21

Հայաստանում օնլայն դպրոց է բացվում ծանրալսությամբ եւ լսողության այլ խնդիրներով երեխաների ծնողների համար: Սա անվճար հարթակ է, որ ծնողներին կտրամադրի բնածին եւ ձեռքբերովի ծանրալսության, դրա ախտորոշման, հնարավոր խնդիրների եւ դրանց լուծման ճանապարհների մասին ամբողջ անհրաժեշտ տեղեկությունները:

«Արաբկիր» ԲԿ սուրդոծառայության ղեկավար, «Հավատ» ՀԿ-ից Թամարա Մանուկյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ օնլայն դպրոցը ծնողներին հասանելի է դարձնում 15 հոլովակներ, որոնցում ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվում է մատչելի լեզվով: Հոլովակների թեմաներն ընտրել են մասնագետները: Դպրոցի գլխավոր առանձնահատկությունը ինտերակտիվությունն է. եթե հանկարծ ծնողների մոտ լրացուցիչ հարցեր առաջանան, նրանք դրանք տալու եւ մասնագետներից պատասխաններ ստանալու հնարավորություն կունենան:

Թամարա Մանուկյանը նշեց, որ ծանրալսությամբ երեխաներ ունեցող շատ ընտանիքներ Երեւանում չեն բնակվում, եւ ծնողներին ոչ միշտ է հաջողվում մայրաքաղաք գալ՝ մասնագետի հետ զրուցելու համար: Իսկ հարցեր կարող են մշտապես առաջանալ. ինչպե՞ս են ախտորոշում ծանրալսությունը, երեխային ինչպե՞ս է հնարավոր օգնել, լսողական սարքերից բացի՝ ի՞նչ լուծումներ կան, ինչպե՞ս օգտագործել լսողական սարքը, ինչպե՞ս այն խնամել, ինչպե՞ս փոխել մարտկոցները, ինչպե՞ս աշխատել ծանրալսությամբ երեխայի հետ, ինչպիսի՞ առաջընթաց սպասել: Այս բոլոր եւ շատ այլ հարցերի պատասխանները նրանք կկարողանան ստանալ օնլայն դպրոցում:

Չափազանց կարեւոր է այս հարցերում ծնողների տեղեկացվածությունը. եթե երեխայի մոտ ծանրալսությունը ժամանակին են հայտնաբերում, եթե նա լսողական սարքի կամ  կոխլեար իմպլանտի միջոցով լսելու հնարավորություն է ստանում, զարգանում է մյուս բոլոր երեխաների նման՝ ժամանակին է խոսել սովորում, դպրոց է հաճախում, հասարակությանն է ինտեգրվում եւ նրա լիարժեք անդամը դառնում: Իսկ եթե երեխայի մոտ ծանրալսությունը կամ խլությունը չհայտնաբերվի եւ մինչեւ 4-5 տարեկանը չփոխհատուցվի, նա խոսել չի սովորի եւ մնացյալ ամբողջ կյանքում ադապտացիայի հետ կապված դժվարություններ կունենա:

«Քանի որ մյուս մարզերից ծնողները չեն կարող գալ մեր սուրդոկենտրոն, մենք որոշել ենք այսպիսի ծառայություն ստեղծել, որը կօգնի տեղեկությունները ծնողներին հասցնել՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ են գտնվում: Նրանցից ոչ մի լրացուցիչ ծախս չի պահանջվում. հոլովակները դիտելու եւ անհրաժեշտ ամեն ինչ իմանալու համար ծնողներն ուղղակի պետք է համացանցին հասանելիություն ունենան», - նշեց Թամարա Մանուկյանը:

Օնլայն դպրոցը ստեղծվել է Եվրամիության, Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Եվրասիա համագործակցության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Դպրոցի հոլովակները հասանելի են «Հավատ» ՀԿ կայքում եւ Youtube-ում: Հոլովակների մի մասը բեռնված է, մնացյալը հասանելի կլինեն մոտ ապագայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է