• Latest news

Հայաստանյան «Լիքվոր» դեղագործական ընկերությանը հանձնվել է GMP հավաստագիր

10 դեկտեմբերի, 2013  14:31

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում աշխատանքներն է սկսել «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո անցկացվող «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովը:

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգային դեղարտադրող «Լիքվոր» դեղագործական ընկերությանը միջոցառման շրջանակներում հանձնվել է պետական որակի ՊԱԳ (պատշաճ արտադրական գործունեություն, GMP) համապատասխանության հավաստագիր: Դա նշանակում է «Լիքվոր» դեղագործական ընկերության  կողմից արտադրած դեղերի որակի նկատմամբ վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

«Լիքվոր» ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում ցուցաբերած առարկայական օժանդակության համար, ինչը նպաստել է ընկերության հետագա զարգացմանն ու ձեռքբերումների գրանցմանը:

Վարչապետ Սարգսյանը շնորհավորել է ընկերությանը՝ ՊԱԳ հավաստագրի արժանանալու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: 

ՊԱԳ-ը հանդիսանում է բարձր տեխնոլոգիական հագեցվածություն ունեցող համակարգ, որն ընդունված է ամբողջ աշխարհում և կանոնակարգում է դեղագործական արտադրական գործընթացը: Հավաստագիրը վկայում է դեղերի բարձր որակի մասին և անհրաժեշտ է արտադրանքի արտահանման գործընթացում:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը նշել է, որ ԱՄՆ-ն ուրախ է աջակցել Հայաստանի դեղագործության ոլորտին, քանի որ այն ունի արտահանումը մեծացնելու և աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն: «Բիզնեսի զարգացման մեր ծրագրի միջոցով աջակցում ենք հայաստանյան հիմնական հինգ դեղագործական ընկերությունների՝ հասնելու որակի միջազգային չափորոշիչներին»,- ասել է Հիլիարդը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը շնորհավորել է «Լիքվոր»-ին՝ պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր ստանալու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանի մյուս դեղագործական ընկերությունները նույնպես կհասնեն այսպիսի հաջողությունների:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը ծանոթացել է համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցող դեղագործական ընկերությունների գործունեությանն ու ծրագրերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել