• Latest news

Երեւանում բնական ճանապարհով բեղմնավորված երկու եռյակ է ծնվել (ֆոտո)

27 սեպտեմբերի, 2019  14:08

Երբ 26-ամյա Լուսինե Շառոյանն ու նրա ամուսինը պլանավորում էին երրորդ երեխան ունենալ, նրանք մտածել անգամ չէին կարող, որ իրենց երեխաները շուտով ոչ թե երեքը կլինեն, այլ՝ միանգամից հինգը։ Հղիության վաղ շրջանում առաջին անգամ գալով ՈՒՁՀ-ի՝ Լուսինեն իմացել է, որ եռյակի է սպասում։

Սոֆին, Սաթին եւ Սամվելը ծնվել են սեպտեմբերի 6-ին՝ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում։ Մի քանի տարի առաջ այստեղ են ծնվել նաեւ Լուսինեի երկու մյուս երեխաները՝ տղա եւ աղջիկ։ Այժմ նրանց ընտանիքում երեք աղջիկ եւ երկու տղա կա։

Մի քանի օր անց, սեպտեմբերի 11-ին, նույն կենտրոնում ծնվել է մեկ այլ եռյակ՝ 40-ամյա Աննա Ֆրանգուլյանի երեխաները։ Նրանց անվանել են Գրիգոր, Դանիել եւ Հարություն։ Աննան այժմ հինգ որդի ունի։

Հետաքրքիր է, որ երկու դեպքում էլ եռյակները բեղմանվորվել են բնական ճանապարհով, ինչն իրականում շատ հազվադեպ է լինում, ինչպես հաստատում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւը։

Նրա խոսքերով, վերջին տարիներին եռյակներ սկսել են ավելի հաճախ ծնվել՝ շնորհիվ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների, այդ թվում՝ ԱՄԲ-ի։ Իսկ, ահա, բնական ճանապարհով եռյակով հղիանալու հավանականությունը բավական ցածր է։

Բազմապտուղ հղիության դեպքում, մասնագետի խոսքերով, բարդությունների վտանգը, որպես կանոն, ավելի մեծ է, քան երբ պտուղը միայն մեկն է։ Հաճախ եռյակները անհաս են ծնվում եւ պահանջում են հատուկ խնամք՝ նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։ Այդ պատճառով ծայրահեղ կարեւոր է, որպեսզի այսպիսի երեխաները ծնվեն երրորդ մակարդակի ծննդատներում, որտեղ այդ խնամքը հնարավոր է պատշաճ կերպով ապահովել։

Աննայի եւ Լուսինեի եռյակները նույնպես անհաս են ծնվել։ Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Գասպարյանը, Լուսինեի երեխաները ծնված պահին կշռում էին 1450, 1650 եւ 1750 գրամ։ Նրանք ծնվել են հղիության 32-րդ շաբաթում՝ կեսարյան հատումով։ Լուսինեն օգոստոսի 23-ից բուժում է ստացել բարձր ռիսկայնության հղիների բաժանմունքում, որտեղ բժիշկները արել են ամեն բան, որ հետաձգեն վաղաժամ ծննդաբերությունը եւ երեխաներին ժամանակ տան, որպեսզի նրանց թոքերը հասցնեն ձեւավորվել եւ զարգանալ։

Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանը, ով հետեւել է Աննայի հղիությանը եւ կատարել է կեսարյան հատումը հղիության 35-րդ շաբաթում, ասում է, որ Գրիգորը, Դանիելը եւ Հարությունը ծնվելիս կշռում էին 1600, 1650 եւ 1450 գրամ։ Աննայի դեպքը հետաքրքիր է նաեւ նրանով, որ նրա երկու ավագ երեխաները նույնպես կեսարյան հատմամբ են ծնվել։

Քանի որ երեխաները անհաս են ծնվել, նրանք շնչառության հետ կապված որոշակի խնդիրներ են ունեցել, եւ որոշ ժամանակ բուժում են ստացել նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Սակայն այժմ, ինչպես պատմեց նեոնատալ ծառայության ղեկավար Անահիտ Ասատրյանը, բոլոր երեխաները իրենց լավ են զգում եւ արդեն շուտով դուրս կգրվեն եւ տուն կգնան։ Նրանց արագ առողջացմանը նպաստել է նաեւ այն, որ Լուսինեն եւ Աննան երեխաներին կրծքով են կերակրում։ Դա, իհարկե, հեշտ չէ, երբ խոսքը եռյակների մասին է, սակայն ե՛ւ երիտասարդ մայրերը, ե՛ւ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները հնարավոր ամեն բան արել են, որպեսզի նորածինները բոլոր հնարավոր կերերից ստանան լավագույնը՝ մայրական կաթը։

   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել