• Latest news

Ծխելը եւ բարձր ճնշումը. նոր տվյալներ

20 հունվարի, 2020  17:52

Ծխելը խանգարում է զարկերակային ճնշումը կարգավորելու օրգանիզմի ունակությանը եւ նպաստում հիպերտոնիայի առաջացմանը։ Նման եզրակացության են եկել Փենսիլվանիայի (ԱՄՆ) սիրտ-անոթային հիվանդությունների պետական ինստիտուտի գիտնականները։

Պարզվել է, որ քրոնիկական ծխողների մոտ զարկերակային ճնշման բարձրացման դեպքերը մոտ 2 անգամ ավելի հաճախ են տեղի ունենում, քան չծխողների մոտ։ Ավելին, ծխողները նաեւ ավելի հաճախ են տառապում սրտի ավելի հաճախակի զարկերից հանգստի եւ բարձր զարկերակային ճնշման վիճակում։

«Մարդկային օրգանիզմը բուֆերային համակարգ ունի, որը մշտապես վերահսկում է եւ աջակցում նորմալ արյան ճնշմանը,- News Wise-ին ասել է Փենսիլվանիայի սրտի եւ անոթների ինստիտուտի տնօրեն, դոկտոր Լոուրենս Սինովեյը։- Եթե զարկերակային ճնշումը ընկնում է, գործի է դրվում ռեակցիա, որը կոչվում է մկանային սիմպատիկ նյարդի ակտիվություն (MSNA), որպեսզի արյան ճնշումը վերադարձնի նորմալ մակարդակի»։

Իսկ ծխելը, ինչպես պարզել են գիտնականները, թուլացնում է օրգանիզմի՝ ճնշումն ինքնուրույն կարգավորելու կարողությունը՝ առաջ բերելով նրա անոմալ թռիչքներ, որոնք հանգեցնում են հիպերտոնիայի։

Այս հայտնագործությունը շատ կարեւոր է, որովհետեւ շատ ծխողներ իրենց սովորությունն ընկալում են որպես սթրեսի դեմ պայքարի մեխանիզմ։ Բայց իրականում ծխելը երկարաժամկետ հեռանկարում առաջ է բերում շատ ավելի լուրջ ֆիզիոլոգիական սթրես եւ նպաստում մի ամբողջ շարք խնդիրների առաջացմանը։

«Մենք հուսով ենք ավելի լավ հասկանալ, թե ծխախոտ ծխելը որքանով է նպաստում հիպերտոնիայի զարգացմանը,- ասել է Սինովեյը: - Այնուհետեւ մենք փորձելու ենք պարզել՝ կա՞ ինչ-որ բան, որ կարող ենք անել, որ միջամտենք եւ կանխենք այդ հիվանդության զարգացումը քրոնիկական ծխողների շրջանում»:

Հիշեցնենք, որ վերջերս կատարված մեկ այլ հետազոտություն ցույց էր տվել, որ նարգիլե ծխելը զգալիորեն մեծացնում է թրոմբների առաջացման հավանականությունը, որոնք իրենց հերթին կարող են դառնալ գլխուղեղի եւ սրտի մահացու վտանգավոր կաթվածների պատճառ: Եվս մեկ հետազոտություն ցույց է տվել, որ պասիվ ծխելը վնաս է հասցնում երեխաների արտերիաներին եւ նպաստում սրտի հիվանդությունների զարգացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։