• Latest news

Մեզնից խուսափում էին ինչպես բորոտներից. Չինաստանից վերադարձած հայը պատմել է իր «արկածների» մասին (ֆոտո)

14 փետրվարի, 2020  17:42

COVID-19 կորոնավիրուսի բռնկման պատճառով Չինաստանից շատ հայեր սկսեցին հայրենիք վերադառնալ: Նրանց թվում էր նաեւ Սիփան Պետրոսյանը, որն ապրել է չինական Հանչժոու քաղաքում (Չժեցզյան նահանգ): Նա NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց, թե իր ընտանիքի հետ միասին ինչպես է հասել մինչեւ Հայաստան եւ ճանապարհին ինչպիսի դժվարությունների է բախվել:

Ամենուրեք ստուգումներ

Սիփանին եւ նրա ընտանիքի անդամներին ճանապարհին բազմիցս կանգնեցրել են՝ անձնագիրը եւ մարմնի ջերմաստիճանը ստուգել են շենքից դուրս գալիս, այնուհետեւ շրջանից դուրս գալիս, քաղաքից, նահանգից:

Շանհայի օդանավակայանում այս բոլոր ստուգումները կատարել են օդանավակայան մտնելիս, հետո էլի՝ գրանցվելուց առաջ, եւս մեկ անգամ՝ օդանավ նստելիս:

Սիփանի խոսքով՝ օդանավի մեջ բոլորը դիմակներով էին՝ անկախ ինքնազգացողությունից:

Մոսկվայում

Քանի որ Չինաստանից Հայաստան ուղիղ չվերթներ չկան, Սիփանը, նրա կինը, երեխաները եւ ծանոթ ամուսնական զույգը թռչել են տարանցիկ չվերթով Մոսկվայով: Այնտեղ օդանավից իջնելուց առաջ նրանք ստիպված էին 40 րոպե սպասել, որպեսզի բոլորի ջերմությունը չափեին:

«Մոսկովյան օդանավակայանում դիստանցիոն ջերմաչափեր չկային, կար միայն ինչ-որ սարք, որը հայտնում էր, որ մարդու ջերմությունը կարծես նորմայից բարձր է: Եթե այն ցույց էր տալիս, որ որեւէ մեկի մոտ ջերմություն կա, այն չափում էին սովորական ջերմաչափով: Բոլորը ստիպված էին նստել ու սպասել, մինչեւ բոլորի ջերմությունը նորից կչափեին, ում մոտ այն կասկածում էին: Սա յուրաքանչյուրի համար մոտ 5 րոպե է տեւում»,- ասաց Սիփանը:

Մոսկվայից Երեւան թռչող օդանավում արդեն ոչ բոլոր ուղեւորներն էին դիմակով, միայն նրանք, ովքեր եկել էին Չինաստանից:

Երեւանում

Արդեն «Զվարթնոց» օդանավակայանում պարզվեց, որ ուղեւորների մեծ մասը բարձր ջերմություն ունի: Ճիշտ է, կորոնավիրուսը դրա հետ կապ չուներ: Ինքնաթիռը, Սիփանի խոսքով, շատ անհաջող վայրէջք է կատարել, ինչը մեծ սթրես է առաջացրել ուղեւորների մոտ:

«Կարծում եմ, որ խնդիրը հենց վայրէջքն էր: Մարդիկ շատ լարված էին, եւ հավանաբար հենց այդ պատճառով շատերի ջերմությունը բարձրացավ»,- պատմեց Սիփանը:

12 ուղեւորները, այդ թվում՝ Սիփանը եւ նրա ընտանիքն ու ընկերները, շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց:

«Բժիշկները, որոնք մեզ ստուգեցին օդանավակայանում, իրենց ադեկվատ էին պահում, ինչը չէի ասի նրանց մասին, ովքեր մեզ հիվանդանոց տարան: Նրանք մեզնից խուսափում էին ինչպես բորոտներից: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ մենք հասանք ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ մեզ լավ ընդունեցին եւ անցան աշխատանքի: Տնօրենը եւս տեսակցեց մեզ»,- պատմեց Սիփանը:

Սիփանին եւ մյուս հոսպիտալացված ուղեւորներին տեղափոխել են պալատներ եւ անհրաժեշտ հետազոտություններ անցկացրել, այդ թվում՝ կորոնավիրուսի լաբորատոր թեստ:

Որոշ ժամանակ անց պարզվել է, որ անալիզների արդյունքները բացասական են եղել, եւ վերջապես նրանք կարողացել են տուն գնալ:

Սիփանը մտադիր է որոշ ժամանակ ընտանիքի հետ մնալ Հայաստանում, սակայն նա մշտական կապ է պահում Չինաստանում գտնվող հայերի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել