• Latest news

Դենսիտոմետրիա․ կարո՞ղ է արդյոք այս հետազոտությունը առողջության համար վտանգ ներկայացնել

7 սեպտեմբերի, 2020  17:53

Օստեոպորոզը վտանգավոր հիվանդություն է, որի դեպքում նվազում է ոսկորների խտությունը եւ մեծանում է կոտրվածքների հավանականությունը, այն կարող է բավական երկար ժամանակ առանց ախտանիշերի ընթանալ: Այս հիվանդության մասին դեռեւս մինչեւ կոտրվածքները կարելի է իմանալ միայն մի հետազոտության միջոցով, որը հայտնի է դենսիտոմետրիա անունով։

Դենսիտոմետրիան օստեոպորոզի վաղ ախտորոշման համար ռենտգենյան մեթոդ է՝ դրա օգնությամբ կարելի է գնահատել ոսկորների հանքային խտությունը, եւ եթե խնդիր հայտնաբերվի, ժամանակին բուժումը կօգնի կանխել կոտրվածքները եւ այլ խնդիրներ, որոնք կարող են առաջանալ ոսկորների խտության նվազման պատճառով:

Որքա՞ն հաճախ կարելի է կատարել դենսիտոմետրիա, եւ կարո՞ղ է արդյոք այս զննումը վտանգ ներկայացնել մարդու առողջության համար։ Այս խնդիրները պարզել NEWS.am Medicine-ին օգնեց Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի ղեկավար Վարդա Բաբալյանը:

Նրա խոսքերով՝ քանի որ օստեոպորոզը սովորաբար անախտանիշ է զարգանում, մինչ այն պահը, երբ մարդը կոտրվածք է ունենում թեթեւ հարվածից կամ ընկնելուց, դենսիտոմետրիան խորհուրդ է տրվում իրականացնել կանխարգելիչ նպատակներով, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ լիովին առողջ եք՝ տարին մեկ անգամ 65-ից բարձր տարիք ունեցող կանանց եւ 70-ից բարձր տարիք ունեցող տղամարդկանց խորհուրդ է տրվում ստուգել ոսկորների խտությունը:

Ինչ վերաբերում է այս պրոցեդուրայի անվտանգությանը, ապա տարին մեկ անգամ դրա անցկացումը համարվում է անվտանգ` համաձայն եվրոպական եւ ամերիկյան բոլոր կլինիկական ուղեցույցների։ Չնայած դենսիտոմետրիայի անցկացման ժամանակ օգտագործվում են ռենտգենյան ճառագայթներ, պետք է հիշել, որ ճառագայթային ծանրաբեռնվածությունը միայն մի փոքր է գերազանցում բնական ֆոնային ճառագայթմանը:

Այդ պատճառով այս հետազոտությունը բացարձակ հակացուցումներ չունի: Հղիության ընթացքում այն անցկացնելն անցանկալի է, եւ դա թերեւս միակ հակացուցումն է:

Հետազոտության անցկացումը բարդացնում է այնպիսի վիճակը, երբ հիվանդը չի կարող որոշ ժամանակ անշարժ մնալ: Բայց նույնիսկ այդպիսի իրավիճակները միայն հարաբերական հակացուցումներ են համարվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել