• Latest news

Պացիենտի աչքերով․ Ձվարանի կիստայի լապարոսկոպիկ հեռացում

19 սեպտեմբերի, 2020  15:48

Այսօր բավականին հեշտ է այս կամ այն վիրահատության կամ միջամտության վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ ստանալ․ համացանցում կարելի է շատ տեղեկություններ գտնել։ Բայց նրանք, ում  նման վիրահատություն է սպասում, սովորաբար ցանկանում են իմանալ դրա միջով անցած ուրիշների փորձի մասին։

«Պացիենտի աչքերով» նոր խորագրում պացիենտներն իրենք են ներկայացնում վիրահատությունների եւ միջամտությունների վերաբերյալ իրենց հիշողությունները։

Այսօր Ա․Գ․-ն պատմում է լապարոսկոպիկ ճանապարհով ձվարանի էնդոմետրիոիդային կիստայի հեռացման մասին։

Կույր աղիքի բորբոքում, որը չէր եղել

Երբ բժշկի մոտ էի գնում աջ կողքիս անհարմարավետության գանգատով, գրեթե վստահ էի, որ մոտս կույր աղիքի բորբոքում է։ Պարզվեց, որ կույր աղիքի հետ կապված ամեն ինչ կարգին էր, դրա փոխարեն ձվարանումս մեծ կիստա կար՝ մոտ 6 սմ տրամագծով։

Ըստ ամենայնի, կիստան էնդոմետրիոիդային էր (բայց, ինչպես ինձ ասացին, դրանում կարելի էր համոզվել միայն հյուսվածաբանական հետազոտությամբ)։ Թե՛ սոնոգրաֆիստը, թե՛ գինեկոլոգը խորհուրդ տվեցին այն հեռացնել, քանի որ, ի տարբերություն, օրինակ, պարկուճային կիստայի, չէր կարող ինքնուրույն ներծծվել։

Ինձ երաշխավորեցին մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Գասպարյանին, որը կարողացավ վիրահատությունն անցկացնել լապարոսկոպիկ ճանապարհով, այսինքն՝ առանց փորի վրա մեծ կտրվածքների։

Նախապատրաստում

Վիրահատությունից մեկ օր առաջ ես անալիզներ հանձնեցի եւ հանդիպեցի անեսթեզիոլոգի հետ։ Նա մի քանի հարց տվեց այն մասին, թե ունե՞մ արդյոք քրոնիկական հիվանդություններ, նայեց անալիզների արդյունքները։ Ավելի շատ հարցեր ես տվեցի նրան․ ցանկանում էի իմանալ, թե ի՞նչ նարկոզ է տալու ինձ, ինչո՞ւ հենց այդպիսի, ինչո՞ւ չի կարելի կիրառել էպիդուրալ անզգայացում․․․ եւ էլի շատ այլ հարցեր։

Նախօրեին ինձ խնդրեցին երեկոյան ժամը 5-ից հետո ոչ մի բան չուտել, իսկ վիրահատության օրը հիվանդանոց ներկայանալ սոված։ Ես չէի էլ կարողանում ուտել․ եթե անկեղծ ասեմ, ապա առաջիկա վիրահատությունից շատ էի վախենում եւ ընդհանրապես ախորժակ չունեի։ Վիրահատությունից առաջ ամբողջ երեկոյան նստած կարդում էի, թե կոնկրետ ինչ է տեղի ունենալու, ինչպիսի խնդիրներ եւ բարդություններ կարող են լինել։ Կարդացի մի քանի հոդված եւ մի քանի տեսահոլովակ դիտեցի ինտուբացիոն նարկոզի մասին։ Իզուր։ Այդ նյութերից հետո ես սկսեցի է՛լ ավելի շատ վախենալ։

Ժամը քանի՞սն է

Գիշերը ես գրեթե չքնեցի (այո-այո, ես սարսափելի վախենում էի), իսկ վաղ առավոտյան եկա հիվանդանոց։ Հանգստացա միայն այն ժամանակ, երբ հայտնվեցի վիրահատական սեղանին։ Ե՛վ բժիշկները, ե՛ւ բուժքույրերը շատ հանգիստ էին, ժպտում էին, կատակում, եւ նրանց տրամադրությունը փոխանցվեց ինձ։

Ձեռքիս երակ ներարկեցին քնաբեր եւ խնդրեցին սկսել հաշվել։ Չեմ հիշում, թե մինչեւ որ թիվը հասցրեցի հասնել նախքան քնելը։

Ինձ թվում էր՝ ընդամենը մի ակնթարթով եմ անջատվել եւ անմիջապես արթնացա։ Բայց այդ նույն ժամանակ այնպիսի զգացում ունեի, որ երկար եմ քնել եւ վերջապես նորմալ եմ քնել (գիշերվա անքնությունից հետո)։

Չգիտես ինչու, ես անմիջապես հարցրի՝ ժամը քանի՞սն է։ Եվ երբ պատասխանը լսեցի, հասկացա, որ քնել եմ շուրջ 1,5 ժամ։

Համոզվելով, որ ես արթնացել եմ, ինձ տեղափոխեցին ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այնտեղ ինձ ասացին, որ մինչեւ պացիենտը չի արթնանում, նրան վիրահատարանից չեն հանում։ Պարզվում է՝ այդպես են անում միշտ, բայց շատերը հետո չեն հիշում, թե ինչպես են արթնացել՝ միայն հիշում են ինտենսիվ թերապիայի պալատը։

Ամենեւին ոչ միանգամից ստացվեց վազել

Ինձ ասել էին, որ լապարոսկոպիկ վիրահատությունից հետո շատ ավելի արագ են վերականգնվում, քան մեծ կտրվածքով «ավանդական» վիրահատությունից հետո։ «Հենց հաջորդ օրը վազելու ես»,- ասում էին ինձ։

Իրականում նրանք մի փոքր չափազանցնում էին։ Վիրահատությունից հետո ցավազրկողի ազդեցությունը նոր էր անցել, երբ փորիս մեջ բավականին տհաճ ցավեր սկսվեցին։ Բայց ամենեւին ոչ կտրվածքների պատճառով, այլ գազերի, որոնք փորի մեջ են մտցվում լապարոսկոպիկ վիրահատությունների ժամանակ․ դրանք օգնում են մեծացնել օրգանների միջեւ տարածությունը, որ վիրաբույժն ավելի հեշտ աշխատի։ Դրանք սովորաբար չի հաջողվում ամբողջությամբ դուրս բերել, ժամանակ է պահանջվում, որ օրգանիզմը դրանցից ազատվի։

Բավականին անհարմար էր պառկելը (երբ պառկում էի, այնպիսի զգացում ունեի՝ ասես, գազերը ներսից ճնշում էին սիրտս եւ թոքերս), բայց եւ քայլելն էլ դժվար էր՝ փորիս մեջ մի բան ձգում էր, եւ ես վախենում էի ուղղվել։ Սակայն նայելով կանանց, որոնց բաց վիրահատություն էին կատարել, հասկանում էի, որ իմ վիճակն իսկապես շատ ավելի լավ է։

Վիրահատությունից հետո ջերմութուն փաստացի չի եղել (նույն օրը մոտ 37 աստիճան, եւ արդեն 36.6 հաջորդ օրը)։ Միակ խնդիրը փորի մեջ ցավն էր, որն անցավ վիրահատությունից հետո գրեթե 1․5 օր հետո։

Ինձ հիվանդանոցից դուրս գրեցին 1 օր հետո։ Մի քանի օր բավական դժվարանում էի քայլել, բայց մեկ շաբաթ հետո արդեն «վազում» էի։ Գրեթե մեկ ամիս հետո ես արդեն կարողանում էի իսկականից վազել եւ մարզադահլիճ հաճախել։

Սպիներ

Վիրահատության ժամանակ 2 ոչ մեծ կտրվածք են արել փորիս՝ պորտից ներքեւ (1-1.5 սանտիմետրից ոչ ավելի)։ Վիրաբույժն այդ կտրվածքներով մտցնում է գործիքները եւ հատուկ խցիկ, որ էկրանին տեսնի, թե ինչ է անում։

Ինձ անչափ հետաքրքիր էր, թե ինչպես է հնարավոր 6-սանտիմետրանոց կիստան հանել 1.5-սանտիմետրանոց անցքով։ Պարզվում է այնտեղ է մտցվում հատուկ պարկիկ, որում կիստան մանրացվում է եւ փորից դուրս բերվում։

Վիրահատությունից հետո 2 տարի է անցել։ Հիմա ես իմ փորի վրա դժվարությամբ եմ գտնում այդ կտրվածքների սպիները։

Եթե ձեզ նման վիրահատություն է սպասվում

Եթե ձեզ սպասվում է լապարոսկոպիկ վիրահատություհն, չարժե ընթերցել սարսափելի հոդվածներ եւ գիշերը չքնել։ Ավելի լավ է նախօրեին դիտեք լավ ֆիլմ։ Իրականում ամեն ինչ ամենեւին այնքան սարսափելի չէ, ինչպես կարող է թվալ։ Լապարոսկոպիկ վիրահատությունից հետո իսկապես ավելի արագ են վերականգնվում, քան սովորականից հետո, նաեւ շատ ավելի փոքր է կպումների եւ այլ երկարաժամկետ բարդությունների հավանականությունը։ Պարզապես իմացեք, որ վիրահատությունից անմիջապես հետո անհարամարվետություն կունենաք փորում գազերի պատճառով, սակայն 2 օր հետո ամեն ինչ կանցնի, եւ դուք շուտով կկարողանաք վերադառնալ սովորական ամենօրյա կյանքին։

 

Եթե ցանկանում եք փոխանցել ձեր պատմությունը վիրահատությունների կամ միջամտությունների մասին, որոնց միջով անցել եք, գրեք մեզ [email protected] կամ https://www.facebook.com/mednewsam/ հասցեներով։ Ամենեւին անհրաժեշտ չէ գրելու ունակություն ունենալ․ ձեր պատմությունը պատմեք մեզ, եւ մեր թղթակիցները այն կշարադրեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել