Սխտորն ու հայելիները, հնարավոր է, կօգնեն ձեզ պաշտպանվել վամպիրներից եւ այլ չար ոգիներից, սակայն ոչ մի դեպքում չեն պաշտպանի կորոնավիրուսից: Ինչպես նաեւ ոգելից խմիչքների կամ մեծ քանակությամբ մաքուր ջրի օգտագործումը:
Կանխարգելման ինչպիսի՞ միջոցներն են իրականում պաշտպանում վարակվելուց:
Ջուր խմելը
Կա միֆ, որ ջրի պարբերաբար օգտագործումը կարող է օգնել պաշտպանվել կորոնավիրուսային վարակից: Սակայն այդ միֆը որեւէ ապացույց չունի, չկա որեւէ գիտական հիմք: Ջուր խմելն, իհարկե, օգտակար է (եթե հակացուցումներ չունեք), սակայն կորոնավիրուսից ջուրը բնավ չի կարող պաշտպանել:
Դիմակ
Դիմակ կրելը 100-տոկոսանոց պաշտպանություն չի ապահովում, սակայն զգալիորեն կրճատում է վարակվելու հավանականությունը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս պարտադիր դիմակ կրել, հատկապես, բազմամարդ վայրերում, այդ թվում՝ փողոցում:
Ձեռքերը լվանալը
Ձեռքերն օճառով հաճախ եւ մանրակրկիտ լվանալն իսկապես կանխարգելման արդյունավետ միջոց է: Ձեռքերը պետք է լվանալ առնվազն 20 վայրկյան՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով եղունգներին, քանի որ այդտեղ հաճախ լինում են բազմաթիվ բակտերիաներ եւ վիրուսներ: Եթե չկա ջուր եւ օճառ, ձեռքերը պետք է մշակել ախտահանիչով, որը պարունակում է առնվազն 60 տոկոս սպիրտ:
Սխտոր
Սխտորն օգտակար բանջարեղեն է համարվում, սակայն կորոնավիրուսով վարակվելու ռիսկի վրա որեւէ կերպ չի ազդում:
Ձեռքերով չդիպչել դեմքին
Միջին վիճակագրական մարդը դիպչում է դեմքին օրական շուրջ 300 անգամ՝ չնկատելով դա: Այդպես նա ծակոտիներում եւ լորձաթաղանթում թողնում է բազում հարուցիչներ, այդ թվում՝ կորոնավիրուս: Ուստի վարակվելը կանխարգելելու համար իսկապես խորհուրդ է տրվում չդիպչել դեմքին:
Շոգ կլիմա
Օդի ջերմաստիճանը գրեթե չի ազդում կորոնավիրուսով վարակվելու ռիսկի վրա, եւ հիվանդացության բռնկումներն ամռան ամիսներին դա ապացուցել են:
Օդափոխում
Վարակվելու ռիսկն ավելի բարձր է փակ տարածություններում, իսկ դրանց օդափոխումն իսկապես նվազեցնում է այդ ռիսկը:
Տաք լոգանք
Ո՛չ տաք լոգանքը, ո՛չ սառը լոգանքը չեն կարող պաշտպանել կորոնավիրուսից կամ որեւէ այլ վիրուսից՝ համաձայն ԱՀԿ-ի տվյալների:
Ճիշտ հիգիենա
Փակելով բերանն ու քիթը փռշտալու եւ հազալու ժամանակ՝ մենք սահմանափակում ենք վիրուսների, այդ թվում՝ կորոնավիրուսի տարածման արագությունը:
Ալկոհոլ
Սպիրտ պարունակող ախտահանիչների օգնությամբ կարելի է մշակել տարբեր մակերեսներ, եւ դա իսկապես նվազեցնում է այդ մակերեսներից վարակվելու ռիսկը: Սակայն դրանք մարմնի վրա քսել կամ, առավելեւս, խմել չի կարելի: Դիմակներն ալկոհոլի մեջ թրջելը եւս շատ վատ միտք է:
Ֆիզիկական շփումների սահմանափակումը
Գիտնականների կարծիքով՝ ուղղակի մարմնական շփումների կրճատումն իսկապես օգնում է նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու ռիսկը: Խուսափեք համբույրներից, գրկառնումներից եւ ձեռքսեղմումներից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր