Գիտնականները ստեղծել են նոր սարք, որի մեջ դոնորական օրգանները կարելի է «կենդանի» պահել մոտ 8 ժամվա ընթացքում՝ մինչեւ դրանք հիվանդին փոխպատվաստելը։ Ընդ որում, այդ ժամանակամիջոցում դոնորական սիրտը եւ թոքերը շարունակում են «գործել»՝ ի շնորհիվ սարքում կիրառվող նոր տեխնոլոգիայի, որը օրգանի համար օրգանիզմին հատուկ միջավայր է ստեղծում եւ, օրինակ, սրտին թթվածնով հարուստ արյուն մատակարարում։
Նոր սարքը կոչվում է Օրգանների խնամքի համակարգ (Organ Care System, OCS), եւ Բրիտանական Հարֆիլդի կլինիկայում այն արդեն մոտ 1 տարի է, ինչ օգտագործում է։ Այդ մեկ տարվա ընթացքում կատարվել է սրտի 25 փոխպատվաստում, եւ դոնորական սրտերը տեղափոխվել են հենց այդ սարքի միջոցով։
Մինչեւ այս սարքի ստեղծումը դոնորական օրգանները սառույցի մեջ էին պահպանվում՝ առավելագույնը 4 ժամվա ընթացքում։
Օրգանների խնամքի համակարգը ոչ միայն հնարավորություն է տալիս ավելի երկար պահպանել դոնորական օրգանները եւ անվնաս դրանք վիրահատարան հասցնել, այլեւ օգնում է վիրաբույժերին ավելի հեշտ հասկանալ, արդյոք դոնորական սիրտը համապատասխանում է պացիենտին, քանի որ ուսումնասիրել «աշխատող» սիրտը եւ գնահատել այն շատ ավելի հեշտ է, քան սառեցվածը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, այս համակարգի շնորհիվ արդեն մի քանի սխալ վիրահատություն է կանխվել, եւ պացիենտները չեն ստացել իրենց չհամապատասխանող սրտեր, որոնք կարող էին չգործել նրանց օրգանիզմում եւ նրանց կյանքը վտանգի ենթարկել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day