Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ (ԹՔՕՀ) տառապում է ամբողջ աշխարհում ավելի քան 65 միլիոն մարդ, սակայն դրա մասին բնակչությունը բավականին քիչ է տեղեկացված:
ԹՔՕՀ-ը քրոնիկական զարգացող վիճակների խմբի անվանումն է, որոնց պատճառով թոքերում օդի հոսքը սահմանափակվում է: ԹՔՕՀ-ը ներառում է քրոնիկական բրոնխիտը եւ էմֆիզեման, ընդ որում՝ որոշ պացիենտներ տառապում են երկու հիվանդություններով միաժամանակ: Այդ ախտորոշմամբ մարդիկ բառացիորեն խեղդվում են հազի եւ այտուցի պատճառով, որոնք առաջանում են շնչուղիներում լորձի չափից շատ քանակության հետեւանքով:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ուշագրավ փաստ այդ հիվանդության մասին.
ԹՔՕՀ-ը 80-90 տոկոս դեպքում այն զարգանում է երկար տարիներ ծխելու պատճառով: Ծխողների շրջանում նաեւ բարձր է այդ հիվանդության հետեւանքով մահացության ցուցանիշը: Յուրաքանչյուր ծխած ծխախոտի հետ մարդու թոքերում են հայտնվում հազարավոր քիմիական նյութեր, այդ թվում՝ նիկոտին, ածխաթթու գազ եւ ծխախոտային խեժ: Այդ ամենը նպաստում է լորձի ավելացմանը, դժվարացնում թոքերի ինքնամաքրումը, առաջացնում գրգռվածություն եւ հյուսվածքների բորբոքում, ինչը եւ հանգեցնում է ԹՔՕՀ -ի զարգացմանը:
Medportal.ru-ի հաղորդմամբ՝ ԹՔՕՀ-ը չի բուժվում, սակայն կարելի է զգալիորեն նվազեցնել դրա ախտանշաններն ու բարելավել կյանքի որակը: Նախ անհրաժեշտ է հրաժարվել ծխելուց:
ԱՀԿ-ի տվյալներով՝ ԹՔՕՀ-ը դանդաղ է զարգանում, եւ ի հայտ է գալիս 40-50 տարեկան մարդկանց մոտ: Հաճախ հիվանդությունը սկսվում է շնչահեղձությունից եւ քրոնիկական հազից մեծ քանակությամբ լորձի արտադրմամբ: Վիճակի վատթարացման դեպքում պացիենտները զգում են ուժգին թուլություն, նրանք դժվարանում են հաղթահարել ամենօրյա գործողությունները: Անգամ աստիճաններով բարձրանալը դառնում է խնդրահարույց: Բոլոր այդ խնդիրների պատճառով բազմաթիվ պացիենտներ կորցնում են աշխատունակությունը:
ԹՔՕՀ-ով պացիենտներից շատերը բախվում են քաշի նշանակալի կորստի հետ: Հետազոտությունները վկայում ե, որ այդ ախտորոշմամբ մարդկանց 25-40 տոկոսն ունի մարմնի զանգվածի ցածր ինդեքս: Ուստի, եթե ախտորոշվել է ԹՔՕՀ կամ կան վերոնշյալ ախտանշանները, կտրուկ եւ առանց պատճառի քաշի կորուստը կարող է մատնանշել այդ հիվանդության զարգացման մասին: Այդպիսի պացիենտներին կարեւոր է լավ սնվել եւ վարել առողջ կենսակերպ իրենց վիճակը չվատթարացնելու համար:
Գիտնականների գնահատմամբ՝ ԹՔՕՀ-ի դեպքերի մինչեւ 50 տոկոսը չի ախտորոշվում, հատկապես հիվանդության առաջին փուլում, երբ ախտանշանները դեռեւս թույլ են կամ չափավոր: Բազմաթիվ պացիենտներ վերագրում են շնչահեղձությունը տարիքային փոփոխություններին, ուստի դիմում են բժշկի միայն հիվանդության խիստ խորացման դեպքում:
Ինչպես եւ քրոնիկական հիվանդություններով տառապող մարդիկ, ԹՔՕՀ-ով պացիենտները գտնվում են COVID-19-ի ծանր արտահայտված ընթացքի եւ դրա հետեւանքով բարձր մահացության ռիսկի խմբում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր