• Latest news

Ամենափոքրը Հայաստանում․ Ծնվելիս 540 գրամ քաշ ունեցած երեխան դուրս է գրվում հիվանդանոցից

7 մարտի, 2022  17:05

Փոքրիկ Անդրեյը ծնվել է ավելի քան 4 ամիս առաջ եւ միայն այսօր է դուրս գրվում հիվանդանոցից։ Այժմ նա կշռում է 3700 գրամ, ինչպես միջին հասունության երեխան։ Իսկ ծննդյան պահին կշռել է 540 գրամ, ինչը նրան Հայաստանում ողջ մնացած ամենափոքր թերահաս նորածինն է դարձրել։

Անդրեյը ծնվել է հոկտեմբերի 21-ին՝ Վանաձորում, հղիության 23-րդ շաբաթում։ Նրա մոր՝ 42-ամյա Մարիա Չիչովայի մոտ ընկերքի անջատում է սկսվել։ Վանաձորի բժիշկները ստիպված են եղել վաղաժամ ծնունդ ընդունել, որից հետո խորապես թերզարգացած երեխային, որը մեծահասակ մարդու ափի չափ է եղել, մանկական վերակենդանացման բրիգադը շտապ տեղափոխել է Երեւան՝ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։

Ինչպես լրագրողներին պատմեց կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանը, հիվանդանոց ընդունվելիս երեխայի վիճակը ծանր է գնահատվել։ Բժիշկների թիմը նրան բուժել է 137 օր, որից առաջին 25-ը նա միացված է եղել թոքերի արհեստական օդափոխության սարքին, մինչեւ սկսել է ինքնուրույն շնչել:

Թերզարգացած եւ հատկապես խորը թերզարգացած երեխաները, որոնք արտակարգ ցածր քաշ ունեն, հաճախ բախվում են մի շարք խնդիրների, այդ թվում՝ թերահասության ռետինոպատիայի: Խնդիրներից խուսափելու համար Անդրեյի հետ աշխատել են բազմաթիվ նեղ մասնագետներ, այդ թվում՝ ակնաբույժ եւ սրտաբան։

Եվ այսօր, դուրս գրվելով հիվանդանոցից, Անդրեյը միանգամայն առողջ է՝ ոչ ռետինոպատիա, ոչ այլ խնդիրներ այժմ չունի։

Ինչպես նշեց նեոնատոլոգիայի բաժանմունքի վարիչ Անահիտ Ասատրյանը, Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում այս պահին կան 8 խորապես թերզարգացած երեխաներ, որոնք ծննդյան պահին մոտ 700-800 գրամ քաշով են ծնվել։ Սակայն ոչ միայն այս կենտրոնում, այլեւ ամբողջ Հայաստանում Անդրեյը ամենափոքր երեխան է, որի կյանքը հաջողվել է պահպանել։

Տանը Անդրեյին անհամբեր սպասում են երկու եղբայրները եւ քույրը։ Ինչպես ծնողները, նրանք շատ էին անհանգստանում Անդրեյի համար եւ նույնիսկ, Մարիա Չիչովայի խոսքով, մխիթարում եւ հանգստացնում էին իրեն՝ ասելով, որ Անդրեյի հետ ամեն ինչ լավ կլինի։ Ինքը՝ Մարիան, իր խոսքով, նույնպես երբեք հույսը չի կտրել, որ իր չորրորդ երեխան ողջ կմնա, եւ որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է