• Latest news

«Երազումս հայտնվեց եւ ասաց, որ շուտով կվերադառնա». 44-օրյա պատերազմում զոհված Կարենի նորածին եղբորը կոչել են նրա պատվին

13 ապրիլի, 2022  15:56

9 ամիս առաջ 40-ամյա Արաքսյա Մկրտումյանը երազ է տեսել, թե ինչպես է ամբողջովին կապույտ հագուստով իր որդին՝ Կարենը, դուրս գալիս օվկիանոսից։ Նա ոչինչ չի ասել, միայն ժպտացել է։ Դրանից մի քանի ամիս առաջ 44-օրյա պատերազմում զոհվել է 20-ամյա Կարեն Միրզոյանը, ում մահից հետո ընտանիքն ուշքի չի գալիս։ Բայց այս երազը տեսնելուց հետո Արաքսյան հասկացել է, որ երեխա է ունենալու, եւ որ տղա է լինելու։

Երեխան ծնվել է ապրիլի 10-ին՝ Ծաղկազարդի օրը։ Նա ծնվել է հղիության 37-րդ շաբաթում։

«Կարծես գիտեր, որ իրեն սպասում են, այդ պատճառով շտապեց»,-ասում է Արաքսյան՝ ժպիտով նայելով իր գրկին խաղաղ քնած փոքրիկին։

Նրա խոսքով՝ նորածինը շատ նման է իր ավագ եղբորը։ Նա կարծես իսկապես վերածնվել է նորածնի մեջ։ Արտաքինը, շարժումները, ձայնը, նույնիսկ գիշերները չքնելը․ ամեն ինչ Կարենին է հիշեցնում։

Արաքսյայի խոսքով՝ մինչ ծննդաբերությունը երկու անգամ տեսել է նույն երազը, որում Կարենը հայտնվել է եւ ասել, որ շուտով կվերադառնա։ Այդ երազները նրան ստիպել են նորածնին կոչել Կարեն։ Նա հավատում է, որ իր զոհված որդին ինչ-որ առումով վերածնվել է նորածին երեխայի մեջ։

Կարեն Միրզոյանը մահացել է 2020թ․ նոյեմբերի 7-ին Շուշիում։ 25 օր կռվել է Հադրութում, ապա Վարանդայում։

«Մի քանի անգամ ասել է, որ մահից մազապուրծ է եղել, խնդրել է աղոթել իր համար։ Եվ մենք աղոթում էինք»,-հիշում է մայրը:

Այդ աղոթքներից մեկի ժամանակ սենյակի լույսը հանկարծ մարել է՝ չնայած լամպն աշխատել է, իսկ հոսանքը չեն անջատել։ Արաքսյան կարծում է, որ հենց այդ պահին է իր որդին զոհվել։ Հենց նոյեմբերի 7-ի առավոտյան վերջին անգամ խոսել է Կարենի հետ, որից հետո նա դադարել է պատասխանել զանգերին։

Ավելի ուշ նա իմացել է, որ Կարենը վիրավորվել է այդ օրը, բայց շարունակել է պայքարը: Եվս 2 վնասվածք է ստացել։ Նրանց վաշտի պատասխանատու սպան ինչ-ինչ պատճառներով լքել է նրան, եւ երբ պարզվել է, որ օգնության չարժե սպասել, եւ որ իրենք շրջափակված են, Կարենն ու նրա ընկեր Նարեկն ինքնասպան են եղել՝ թշնամու կողմից չգերեվարվելու համար։

Այսօր՝ ապրիլի 13-ին, նորածին Կարենն ու նրա մայրը դուրս են գրվել «Էրեբունի» ծննդատնից։ Նրանց դիմավորել են հարազատներն ու ընկերները՝ Կարենի հոր ու քրոջ գլխավորությամբ։

Արաքսյայի խոսքով՝ որդեկորույս մայրերն իսկապես պետք է մտածեն նորից ծննդաբերելու մասին։ Նրա խոսքով՝ կորստի ցավն, իհարկե, չի մոռացվի, բայց նորածինը կյանքին նոր իմաստ եւ հույս կհաղորդի եւ կվերադարձնի դեմքին ժպիտը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել