• Latest news

Կապիկի ծաղիկ եւ նոր դավադրության տեսություն․ նոր պանդեմիայի շեմի՞ն ենք

27 մայիսի, 2022  18:24

Ոչ վաղ անցյալում կապիկի ծաղիկի դեպքեր գրանցվում էին միայն աֆրիկյան երկրներում, իսկ Արեւմուտքում միայն հատուկենտ դեպքեր էին լինում՝ կապված այդ երկրներ ուղեւորությունների հետ։ Այսօր կապիկի ծաղիկով վարակվում են մարդիկ, որոնք Աֆրիկա չեն գնացել եւ վերջին ամիսներին ապրել են ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում, որտեղ հիվանդությունը երբեք տարածում չի ունեցել։

Ամբողջ աշխարհում վերջին 20 օրում գրանցվել է հիվանդության ավելի քան 300 դեպք, եւ դրանց մեծ մասը որեւէ կապ չի ունեցել Աֆրիկա ուղեւորությունների հետ։ Այս տեղեկությունը մտահոգել է ոչ միայն առողջապահության ոլորտում աշխատող միջազգային կազմակերպությունների մասնագետներին, այլեւ դավադրության տեսությունների սիրահարներին։

«Կրակի վրա յուղ է լցրել» մի տարօրինակ փաստ. 2021 թվականի մարտին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կատարել են մի հետաքրքիր «վարժություն», որի ընթացքում դիտարկել են համաշխարհային համավարակի սցենարը, որն առաջացել է․․․ այո, կապիկի ծաղիկի պատճառով։

Վախեցնող սցենարը

Ըստ վարժության լեգենդի՝ կապիկի ծաղիկի «գլոբալ պանդեմիան» սկսվել է հորինված Բրինիա երկրում եւ տարածվել ամբողջ աշխարհում 18 ամիսների ընթացքում։ Վարժության ավարտին հորինված համավարակը ամբողջ աշխարհում հանգեցրել է վարակման ավելի քան երեք միլիարդ եւ մահվան 270 միլիոն դեպքի:

Ըստ սցենարի՝ հիվանդության առաջին դեպքերը գրանցվել են 2022 թվականի մայիսին եւ հունիսին հորինված Բրինիայում՝ 1421 վարակման եւ 4 մահվան դեպք։ Բրինիայի կառավարությունը ողջունել է բռնկումների վերաբերյալ միջազգային հետաքննությունները եւ բժշկական աջակցություն է խնդրել ԱՀԿ-ից:

Վարակվածներից վերցված վիրուսի նմուշների գենոմի սեկվենավորումը ցույց է տալիս, որ վիրուսը պարունակում է մուտացիաներ, որոնք նրան կայուն են դարձնում գոյություն ունեցող պատվաստանյութերի նկատմամբ։

Մինչեւ 2023 թվականի հունվարի 10-ը, ըստ սցենարի, 83 երկրներում գրանցվում է 70 միլիոն վարակման եւ 1,3 միլիոն մահվան դեպք։ 

Վիրուսն իրականում այնքան էլ վախենալու չէ՞

Այսօր՝ 2022 թվականի մայիսին, այս սցենարն իրատեսական եւ վախեցնող է թվում։

Այնուամենայնիվ, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը կարծում է, որ քիչ հավանական է, որ այդ վիրուսը կորոնավիրուսի նման գլոբալ համավարակ առաջացնի։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում մասնագետը նշեց, որ կապիկի ծաղիկի վիրուսը չի կարելի համեմատել կորոնավիրուսի հետ, քանի որ առաջինը ԴՆԹ վիրուս է, իսկ երկրորդը՝ ՌՆԹ վիրուս։ Առաջինը չի կարող փոխվել նույնքան արագ, որքան երկրորդը եւ, ի տարբերություն երկրորդի, կարճ ժամանակահատվածում բազմաթիվ նոր շտամներ չի ձեւավորում։

«Ըստ մեր ունեցած տվյալների՝ համավարակի վտանգ չկա», - ասաց մասնագետը։

Կապիկի ծաղիկի վիրուսի արագ տարածման ռիսկը նույնպես ցածր է, քանի որ, ի տարբերություն կորոնավիրուսի, այն հեշտությամբ չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով. դրանով կարելի է վարակվել միայն հիվանդի հետ սերտ շփման արդյունքում։ Ավելին, մասնագետների ներկայիս տվյալներով՝ այս հիվանդությամբ պացիենտը վարակիչ է դառնում միայն այն բանից հետո, երբ նրա մոտ հիվանդության ախտանշաններ են հայտնվում՝ խոցերի եւ մաշկային ցաների տեսքով։

Կենդանիներից վարակումը տեղի է ունենում հիվանդ կենդանիների արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաեւ վնասված մաշկի կամ լորձաթաղանթների հետ անմիջական շփման արդյունքում։ Ռիսկի լուրջ գործոն է նաեւ վարակված կենդանու հում միս ուտելը:

Վիրուսի շտամը, որն այսօր տարածվում է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, փորձագետներն այնքան էլ վտանգավոր չեն համարում։ Մինչ օրս վերոնշյալ երկրներում մահվան դեպքեր չեն գրանցվել։

Ընդհանուր առմամբ, հիվանդների մոտ հայտնաբերված վիրուսի արեւմտաաֆրիկյան շտամի մահացությունը կազմում է մոտավորապես 1 տոկոս։ Մասնագետները նշում են, որ զարգացած առողջապահական համակարգ ունեցող երկրներում այս հիվանդության պատճառով մահանալու ռիսկը բավական ցածր է։ Այնուամենայնիվ, վիրուսը վտանգավոր է երեխաների եւ իմունոդեֆիցիտ ունեցող մարդկանց համար։

Ո՞ր ախտանշանները կարող են վկայել հիվանդության առկայության մասին

Հիվանդության թաքնված շրջանը սովորաբար տեւում է 5-21 օր։ Հիվանդությանը բնորոշ ախտանշաններն են՝ ջերմություն, ուժեղ գլխացավ, այտուցված ավշային հանգույցներ, մեջքի ցավեր, մկանային ցավեր, ընդգծված թուլություն։

Ջերմության սկսվելուց 1-3 օր հետո ցան եւ խոցեր են առաջանում են նախ դեմքի, ապա մարմնի տարբեր մասերում։ Շատ դեպքերում հիվանդությունը մեղմ է ընթանում, ախտանշանները կարող են ինքնուրույն անհետանալ մի քանի շաբաթվա ընթացքում:

Բուժումը սովորաբար սիմպտոմատիկ է, երբեմն հակավիրուսային դեղամիջոցներ են օգտագործվում:

Պատվաստանյո՞ւթ

Հայաստանի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն ասում է, որ ժամանակին բնական ծաղիկ հիվանդությունը էլիմինացրած պատվաստանյութը, ըստ առկա տվյալների, արդյունավետ է նաեւ կապիկի ծաղիկի դեմ։

Այլ հարց է, որ հիմա այն այդքան էլ հեշտ չէ գտնել։ Քանի որ զանգվածային պատվաստումը բնական ծաղիկի վերացման հանգեցրեց, 1980-ից հետո պատվաստանյութն այլեւս լայնորեն չի կիրառվում եւ այսօր դրանով շարունակում են պատվաստել միայն փոքր ռիսկային խմբերի, օրինակ՝ լաբորատորիաներում ծաղկի վիրուսի հետ աշխատող մասնագետներին:

Մյուս կողմից, վստահ է մասնագետը, որ անհրաժեշտության դեպքում շատ արտադրողներ պատրաստ կլինեն սկսել այդ պատվաստանյութի արտադրությունը, քանի որ դրա ստեղծման տեխնոլոգիան վաղուց հայտնի է։ Առայժմ, միջազգային կազմակերպությունների փորձագետների կարծիքով, նման անհրաժեշտություն չկա։

Մյուս կողմից, ԵՄ-ն այժմ Առողջապահության արտակարգ իրավիճակների եւ պատրաստության մարմնի (HERA) աջակցությամբ աշխատում է կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերի գնումների կենտրոնացման ուղղությամբ: Սակայն հաղորդվում է, որ զանգվածային պատվաստումներ չեն նախատեսվում. պատվաստումները սահմանափակվելու են շատ սպեցիֆիկ դեպքերով, քանի որ վիրուսի փոխանցելիությունն ու ռիսկերը կորոնավիրուսի հետ համեմատելի չեն:

Ի դեպ, լավ լուր նրանց համար, ովքեր ծնվել են մինչեւ 1980 թվականը. եթե փոքր տարիքում պատվաստվել եք բնական ծաղկի դեմ, ապա, ամենայն հավանականությամբ, դեռ իմունիտետ ունեք նաեւ կապիկի ծաղիկի նկատմամբ:

Իսկ ի՞նչ պետք է անել

Նույնիսկ եթե կապիկի ծաղիկի տարածման հետեւում ինչ-որ համաշխարհային դավադրություն կա, չպետք է մոռանալ, որ ամեն ինչ հաճախ կախված է հենց մարդկանցից. եթե հնարավորինս զգույշ լինեք, ամենայն հավանականությամբ, չեք վարակվի: Մարդիկ նույնիսկ կարող էին խուսափել կորոնավիրուսով վարակվելուց, որը տարածվում է օդակաթիլային եղանակոց, իսկ ջրծաղիկը, ինչպես արդեն նշվել է վերեւում, այնուամենայնիվ, ավելի դժվար է փոխանցվում, քան կորոնավիրուսը։

Կապիկի ծաղիկի կանխման համար մասնագետը խորհուրդ է տալիս հետեւել հետեւյալ խորհուրդներին.

  • Խուսափեք տեւական սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ցան, մաշկային վերքեր կամ այլ ախտանիշներ ունեն:
  • Էկզոտիկ կապիկներ (եւ այլ պրիմատներ), ինչպես նաեւ կրծողներ մի՛ ներմուծեք Հայաստան։
  • Ապահովեք բոլոր մսամթերքների համարժեք ջերմային մշակումը. դա կպաշտպանի ոչ միայն կապիկի ծաղիկից, այլեւ բազմաթիվ այլ վարակիչ հիվանդություններից:
  • Կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափեք կապիկների եւ կրծողների հետ շփումից:
  • Եթե ​​դուք վերջերս եղել եք Աֆրիկայում կամ շփվել եք որեւէ մեկի հետ, ով վերջերս եղել է այնտեղ, խորհուրդ է տրվում անհապաղ բժշկական օգնության դիմել, եթե մաշկի ցան կամ այլ ախտանիշներ կան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է