• Latest news

Ինչպե՞ս է հղիության ընթացքում մոր սթրեսն ազդում երեխայի համային նախասիրությունների վրա

2 հուլիսի, 2022  15:44

Հղիության ընթացքում մայրերի` սթրեսի ենթարկվելը կարող է երկարաժամկետ բացասական հետեւանքներ ունենալ երեխաների սննդակարգի եւ, հետեւաբար, սնվելու հետ կապված առողջական վիճակների վրա, ինչպիսիք են գիրության եւ ճարպակալման հետ կապված հիվանդությունների աճը, ասվում է Կոռնելի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր Միքել Բելոտեի նոր հետազոտության մեջ:

Nutrition ամսագրում հրապարակված իրենց աշխատության մեջ հետազոտողները պարզել են, որ հղիության ընթացքում միջինից բարձր սթրեսը կապված է երեխաների համար առողջ սննդի էականորեն ավելի քիչ նախապատվության, ինչպես նաեւ թթու եւ դառը սննդի նկատմամբ ավելի թույլ նախընտրության հետ:

Հետազոտության համար գիտնականներն ընտրել են ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակով 213 մայրերի, որոնք ապրում էին Մեծ Բրիտանիայի Կոլչեսթեր շրջանում՝ 2-ից 12 տարեկան երեխաների հետ:  Մասնավորապես, նրանց հարցրել են՝ արդյո՞ք մայրերը հղիության ընթացքում վերապրել են կյանքի հետեւյալ իրադարձություններից մեկը կամ մի քանիսը. առողջական խնդիրներ, փոփոխություններ կամ դժվարություններ իրենց կամ իրենց կողակցի աշխատանքում, ֆինանսական հարցեր, նրանց սովորությունների փոփոխություն, պոտենցիալ սթրեսային այլ իրադարձություններ:

Այնուհետեւ մայրերին խնդրել են գնահատել, թե որքան սթրեսային էր իրադարձությունը մեկից տասը սանդղակով:

Բացի այդ, հետազոտողներն ուսումնասիրել են յուրաքանչյուր մասնակցի կրտսեր երեխայի առողջ սնվելու սովորությունները: Նրանք նաեւ ուսումնասիրել են երեխաների նախասիրությունները հինգ հիմնական համերի նկատմամբ՝ թթու, աղի, ումամի, դառը եւ քաղցր:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել «զգալի բացասական կապ նախածննդյան շրջանում սթրեսի ենթարկվելու եւ երեխայի առողջ սննդային նախասիրությունների եւ սննդակարգի միջեւ»: Մասնավորապես, նրանք պարզել են, որ սթրեսի ներարգանդային ազդեցությունը բացասաբար է կապված նրա հետ, որ երեխային թթու եւ դառը մթերքներ են դուր գալիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ