• Latest news

Ինչո՞ւ պոլիկլինիկաներում մետադոն դուրս չեն գրում, եւ ինչո՞ւ նախարարը տեղյակ չէ, որ այն օգտագործվում է ուռուցքաբանությունում

9 փետրվարի, 2023  12:52

Վերջին ժամանակներս Հայաստանի պոլիկլինիկաները մի շարք դեղերի համար դեղատոմս չեն տալիս օնկոհիվանդներին, այդ թվում եւ մետադոնի, որն օգտագործվում է որպես ցավազրկող։ Պացիենտներից մեկի (որին միայն մետադոնն է օգնում) ամուսինը ստիպված է եղել նրան նորից պալիատիվ կլինիկա պառկեցնել, որպեսզի խնայի նրան ուժեղ ցավերից։ Նա նաեւ թեժ գծով զանգահարել է առողջապահության նախարարություն, որտեղ խոստացել են ուսումնասիրել հարցը։

Սակայն օրերս NEWS.am Medicine-ի՝ ուռուցքաբանական դեֆիցիտի մասին հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խիստ զարմանք է հայտնել, որ «մետադոնը» հիշատակվել է քաղցկեղով հիվանդների դեղերի շարքում։

Հայտնի է, որ մետադոնը սինթետիկ դեղամիջոց է ափիոնազգի դեղերի խմբից, որն օգտագործվում է հիմնականում որպես փոխարինող թերապիա թմրանյութային կախվածության բուժման ժամանակ։ Բայց այն կիրառվում է նաեւ որպես ցավազրկող։ Հայաստան մետադոնը բերվում է Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ, իսկ այդ դեղամիջոցի մատակարարումների մենաշնորհը պատկանում է «Արֆարմացիա» ընկերությանը, որը կապում են Անահիտ Ավանեսյանի ընտանիքի հետ։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ ծառայության ղեկավար Հրանտ Կարապետյանը, պալիատիվ թերապիայում մետադոնը լայնորեն օգտագործվում է, եւ այն շատ ավելի արդյունավետ է, ինչպես նաեւ ավելի մատչելի է գնային առումով, քան մնացած նմանատիպ դեղամիջոցները։

Նա նշել է, որ հիվանդության պատմության հիման վրա, որը կազմվում է պալիատիվ ծառայության բժիշկների կողմից, պացիենտները կարող են պոլիկլինիկայում ստանալ այդ դեղամիջոցի դեղատոմս։ Առաջ երկիր էր մատակարարվում մետադոնի 40 միլիգրամանոց դեղահաբ, որի դեղատոմսն էլ գրում էին ամբուլատոր պացիենտների համար։ Իսկ հիմա «Արֆարմացիան» բերում է միայն շշալցված մետադոն (pharm.am կայքի համաձայն՝ դեղամիջոցի թողարկման միայն այս ձեւն է այժմ գրանցված Հայաստանում)։ Շշով դեղամիջոցը, Հրանտ Կարապետյանի խոսքով, կարելի է օգտագործել միայն ստացիոնարում, որտեղ հնարավոր է կատարել ճիշտ չափաբաժանում։ Իսկ տնային պայմաններում չափաբաժնի չարաշահման վտանգը մեծ է։

Հարցին, թե ինչ պետք է անեն պացիենտները, բժիշկը ձեռքերն է թափահարել։ Նրա խոսքով, եթե պացիենտին ավելի լավ օգնում է մետադոնը, ապա նրա համար այլընտրանք չկա, մյուս ափիոնազգիները կարող են անարդյունավետ լինել։ Կոնկրետ այս պացիենտի դեպքում դեղահաբով մետադոնը ձեռք են բերել մասնավոր կլինիկաներից մեկից, բնականաբար՝ փողով, այն դեպքում, երբ ցավազրկողները քաղցկեղով հիվանդներին օրենքով պետք է տրվեն պետպատվերով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է