• Latest news

Ազատվել ուռուցքից եւ պահպանել օրգանը. Երեւանում կանցկացվի արգանդի բարորակ նորագոյացություններին նվիրված գիտաժողով

15 մարտի, 2023  16:10

Արգանդի բարորակ նորագոյացությունները, ինչպիսիք են միոմաները եւ պոլիպները, սովորաբար չեն սպառնում կնոջ կյանքին, բայց կարող են ծայրաստիճան բացասաբար ազդել նրա կյանքի որակի վրա եւ անպտղության պատճառ դառնալ: Որոշ դեպքերում այդ նորագոյացությունների հեռացումը կարող է պահանջել օրգանի հեռացում, եւ կինը ընդմիշտ կկորցնի երեխաներ ունենալու հնարավորությունը: Բայց կան դեպքեր, երբ հնարավոր է ազատվել նորագոյացություններից եւ պահպանել արգանդը եւ պացիենտի պտղաբերությունը:

Ինչպե՞ս են ախտորոշում արգանդի բարորակ նորագոյացությունները։ Այսօր դրանց բուժման ի՞նչ մեթոդներ կան։ Ո՞ր դեպքերում է հնարավոր պահպանել արգանդը: Այս բոլոր հարցերը հայ մասնագետները կքննարկեն Start Of Life (SOL) բժշկական հասարակական կազմակերպության եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի կողմից կազմակերպված «Արգանդի բարորակ նորագոյացությունների բուժման մարտավարություն» թեմայով գիտաժողովի շրջանակներում։

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց վիրաբույժ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու եւ Start Of Life հասարակական կազմակերպության հիմնադիր Ազնար Խաչատրյանը, գիտաժողովի շրջանակներում մեծ ուշադրություն կդարձվի արգանդի առավել տարածված բարորակ հիվանդություններին՝ միոմաներին, պոլիպներին, էնդոմետրիոզին:

 Այս հիվանդությունների ախտորոշման եւ բուժման վերաբերյալ դասախոսություններով հանդես կգան Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս հայտնի եւ հարգված մասնագետներ:

Արգանդի բարորակ նորագոյացությունների մասին 8 հետաքրքիր դասախոսություն

Գիտաժողովը կբացի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Թոխունցը: Նա կպատմի միոմետրիումի պաթոլոգիաների սոնոգրաֆիկ ախտորոշման եւ դրանց դասակարգման մասին՝ ըստ FIGO-ի եւ MUSA-ի։

Երեւանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմինե Հարությունյանը դասախոսությամբ հանդես կգա էնդոմետրիումի պոլիպների եւ հիպերպլազիայի եւ դրանց բուժման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ:

Գինեկոլոգ-վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արտեմ Ստեփանյանը կպատմի լապարոսկոպիկ եղանակով միոմէկտոմիաների (միոմայի հեռացման վիրահատությունների) մասին, կկիսվի խորհուրդներով եւ գաղտնիքներով:

Գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուսուդան Վարդանյանն իր դասախոսության ընթացքում կխոսի էնդոմետրիոզի բուժման նոր մոտեցումների մասին:

Մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սյուզաննա Բաբլոյանը հանդես կգա մարդու պապիլոմավիրուսի (HPV), ցերվիկալ ինտրաէպիթելային նեոպլազիաների (CIN) եւ դրանց գնահատման գործում կոլպոսկոպիայի դերի մասին դասախոսությամբ:

Գինեկոլոգ Աշոտ Սիրունյանը կպատմի կոնքի քրոնիկ ցավի համախտանիշի բուժման ժամանակակից մոտեցումների մասին:

Պաթոհիստոլոգ Անժելա Սարադյանը հանդես կգա արգանդի բարորակ նորագոյացությունների պաթոլոգիայի վերաբերյալ դասախոսությամբ:

Գիտաժողովը կեզրափակի գինեկոլոգ-վիրաբույժ Ազնար Խաչատրյանը՝ արգանդի զարկերակների էմբոլիզացիայի մասին դասախոսությամբ, որը միոմաների որոշ տեսակների բուժման ժամանակակից ոչ վիրահատական միջոց է, որը հնարավորություն է տալիս պահպանել պացիենտի արգանդը:

Тактика лечения доброкачественных новообразований матки

«Արգանդի բարորակ նորագոյացությունների բուժման մարտավարություն» գիտաժողովն առաջին հերթին նախատեսված է մանկաբարձ-գինեկոլոգների համար։ Դասախոսները լսարանին կներկայացնեն իրենց փորձը, արդյունքները, իրենց պրակտիկայից ամենահետաքրքիր դեպքերի լուսանկարները եւ տեսանյութերը: Մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն հարցեր տալ, այլ նաեւ ներկայացնել սեփական փորձը։

Դասախոսությունները շատ հետաքրքիր կլինեն նաեւ Բժշկական համալսարանի ուսանողներին. նրանց համար դա հիանալի հնարավորություն կլինի լսելու անվանի բժիշկներին, իմանալու նրանց մոտեցումների եւ փորձի մասին։

Գիտաժողովը կանցկացվի 2023 թվականի մարտի 18-ին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շենքում։ Գիտաժողովին մասնակցությունն անվճար է։ Գիտաժողովի մասնակիցները (ավելի քան 250-ն արդեն գրանցվել են) կկարողանան ստանալ նաեւ շարունակական մասնագիտական կրթության միավորներ։

Start Of Life. Ապագայի ծրագրեր

Start Of Life-ի լոգոտիպում պատկերված է մայրը՝ երեխայի հետ. այս լոգոտիպը, ինչպես եւ կազմակերպության անվանումը, որը թարգմանվում է որպես «Կյանքի սկիզբ», արտացոլում է նրա հիմնական նպատակը՝ պահպանել կնոջ առողջությունը, որպեսզի նա կարողանա առողջ երեխա ծննդաբերել։

Start Of Life NPO.jpg (38 KB)

Այս նպատակին հասնելու համար կազմակերպությունը նախատեսում է գիտաժողովներ եւ այլ միջոցառումներ անցկացնել, այդ թվում՝ Հայաստանի մարզերում՝ հայ բժիշկների որակավորումը բարձրացնելու եւ գիտելիքների ու փորձի  փոխանակման համար հնարավորություններ ու պայմաններ ստեղծելու նպատակով։

«Արգանդի բարորակ նորագոյացությունների բուժման մարտավարությունը» Start Of Life-ի կազմակերպած առաջին գիտաժողովն է։ Կազմակերպության հիմնադիրը, սակայն, վստահ է, որ այն վերջինը չի լինելու. շուտով նա եւ իր գործընկերները պատրաստվում են հերթական գիտաժողովն անցկացնել Գավառ քաղաքում։ Նախատեսվում է նաեւ գիտաժողով թերապեւտների համար. շատ հիվանդներ առաջին հերթին նրանց են դիմում, եւ եթե առաջնային օղակի բժիշկները նշանակեն անհրաժեշտ հետազոտություններ եւ անհրաժեշտության դեպքում հիվանդին ժամանակին ուղղորդեն մասնագետի մոտ, դա կօգնի հասնել բուժման հնարավորինս լավ արդյունքների:

Ինչպես ասաց Ազնար Խաչատրյանը, ապագայում Start Of Life-ը նախատեսում է հնարավորինս հաճախ այցելել Հայաստանի մարզեր, այնտեղ անցկացնել ոչ միայն գիտաժողովներ, այլեւ մասնագետների վերապատրաստում` տեղում նոր մոտեցումներին եւ տեխնիկաներին սովորելու հնարավորությամբ: Այսպիսով մարզերի բժիշկները ստիպված չեն լինի գալ Երեւան եւ կկարողանան տեղեկատվությունը ստանալ իրենց քաղաքում։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել