• Latest news

Արգանդի զարկերակների էմբոլիզացիա. ի՞նչ առավելություններ ունի այս միջամտությունը

29 հունիսի, 2019  11:08

Արգանդի զարկերակների էմբոլիզացիան արգանդի միոմայի բուժման արդի միջոց է առանց վիրաբուժական միջամտության։ Ինչպես պատմել է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Ազնար Խաչատրյանը, զարգացած երկրներում, որտեղ լավ են հասկանում օրգանների պահպանման կարեւորությունը բուժվելիս, այդ միջամտությունն այսօր մեծ տարածում ունի։ Հիմա այն հասանելի է նաեւ «Աստղիկ» ԲԿ-ում։

Արգանդի զարկերակների էմբոլիզացիայի առաջին երկու միջամտություններն այստեղ կատարվել են մոտ 2 շաբաթ առաջ։ Առաջին պացիենտի մոտ (43 տարեկան) մի քանի միոմա կար, դրանցից ամենախոշորը հասնում էր 5 սանտիմետրի։ Միոմաներն արագ մեծանում էին չափերով, եւ պացիենտը ցանկանում էր ազատվել դրանցից՝ պահպանելով արգանդը։ Սովորական միոմէկտոմիան (միոմաների հեռացում վիրաբուժական միջամտությամբ) միոմաների նման քանակության դեպքում այս պացիենտի պարագայում հարմար չէր. արգանդի վրա չափից ավելի սպիներ ու դեֆեկտներ կմնային։

Երկրորդ պացիենտի (38 տարեկան) մոտ մեկ միոմա կար, բայց մեծ՝ 8 սանտիմետրանոց։ Այն այնպես էր տեղակայված, որ դրա հեռացումը կարող էր հանգեցնել լուրջ արնահոսության, որը կարող էր բժիշկներին ստիպել հեռացնել ամբողջ արգանդը։ Այս բոլոր խնդիրներից խուսափելու համար երկու կանանց առաջարկեցին կատարել նոր միջամտություն՝ արգանդի զարկերակների էմբոլիզացիա։

Այժմ պացիենտներն արդեն տանն եւ եւ լավ են զգում։

Ի՞նչ է արգանդի զարկերակների էմբոլիզացիան, եւ ի՞նչ առավելություններ ունի միոմէկտոմիայից։

Միջամտությունը ենթադրում է արյան հոսքի փակում միոմայում հատուկ միջոցի օգնությամբ, որը մտցվում է արգանդի զարկերակ բարակ կատետրով, ազդրի միջով ԿՏ-անիոգրաֆի վերահսկողությամբ։ Երբ միոմայի արյան մատակարարումը փակվում է, միոման, անհրաժեշտ սնունդ չստանալով, սկսում է փոքրանալ։ Փոքրիկ միոմաները կարող են այնքան փոքրանալ, որ անգամ ՈւՁՃ-ն դրանք ցույց չի տա։ Ավելի խոշոր միոմաները նկատելիորեն փոքրանում են եւ դադարում խանգարել պացիենտին։

Պացիենտի մաշկի վրա սպիներ նման միջամտությունից հետո, ի տարբերություն բաց կամ անգամ լապարասկոպիկ վիրահատության, չեն մնում։ Եվ վերականգնումն էլ, որպես կանոն, ավելի թեթեւ է անցնում, քան վիրահատությունից հետո։

Ո՞ւմ է ցուցված արգանդի զարկերակների էմբոլիզացիան։

Տարիքային սահմանափակումներ  այս միջամտության անցկացման համար չկան, բայց դրան դիմում են առաջին հերթին վերարտադրողական տարիքի կանայք, որոնք դեռ ծրագրում են երեխաներ ունենալ։ Եթե նման կանանց մոտ մեծ միոմաներ կան, որոնց հեռացումից հետո արգանդի վրա մնում են սպիներ, որոնք կարող են հետագայում խանգարել հղիանալուն եւ ծննդաբերելուն, նրանց համար ավելի նախընտրելի է արգանդի զարկերակների էմբոլիզացիան, ոչ թե միոմէկտոմիան։

Այս միջամտությունը կարող է ցուցված լինել նաեւ այն կանանց, որոնց ինչ-որ պատճառներով չի կարելի նարկոզ տալ վիրաբուժական միջամտության համար. արգանդի զարկերակների էմբոլիզացիայի համար նարկոզ չի պահանջվում։

Որոշ դեպքերում, իհարկե, մասնագետները խորհուրդ են տալիս կատարել միոմէկտոմիա. ամեն բան կախված է միոմաների դիրքից եւ մի շարք այլ գործոններից։ Երբեմն, մանավանդ եթե միոման շատ մեծ է, մասնագետները կարող են որոշել սկզբում էմբոլիզացիա կատարել, որպեսզի միոման փոքրանա, ինչից հետո նոր հեռացնել այն՝ չվախենալով լուրջ արնահոսությունից։

Ի դեպ, այս միջամտությունը կիրառվում է ոչ միայն միոմաների բուժման համար. դրա օգնությամբ կարելի է պահպանել պացիենտների արգանդը վզիկային հղիության դեպքում (երբ սաղմի զարգացումը տեղի է ունենում արգանդի վզիկի խոռոչում)։ Առաջ այս պաթոլոգիայի դեպքում ստիպված էին արգանդը հեռացնել, որպեսզի փրկեն կնոջ կյանքը առատ արնահոսությունից։ Իսկ հիմա հնարավորություն կա էմբոլիզացիայի օգնությամբ փակել արյան հոսքը դեպի սաղմ՝ այդկերպ պահպանելով երիտասարդ կնոջ վերարտադրողական ֆունկցիան։

Արգանդի զարկերակների էմբոլիզացիան կարող է կիրառվել նաեւ որոշ օնկոլոգիական հիվանդությունների դեպքում՝ կյանքին սպառնացող արնահոսությունը կանխելու նպատակով։

Արդյո՞ք անվտանգ է այս միջամտությունը։

Բարդություններ կարող են լինել ցանկացած բժշկական միջամտության դեպքում, եւ արգանդի զարկերակների էմբոլիզացիան բացառություն չէ։ Հենց դրա համար էլ այնքան կարեւոր է, որպեսզի միջամտությունն իրականացնի փորձառու մասնագետը, որն ունի անհրաժեշտ բոլոր հմտություններն ու գիտելիքները. այդ ժամանակ խնդիրների ռիսկը նվազագույն կլինի։

Ազնար Խաչատրյանի թեկնածուական թեզը  նվիրված է արգանդի զարկերակների էմբոլիզացիայի միջոցով արգանդի միոմայի բուժման սխալների եւ բարդությունների վերլուծությանը 1500 պացիենտի օրինակով, եւ այս հարցին մասնագետը լսելով չէ, որ ծանոթ է։

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է ընտրել «ճիշտ» պացիենտների՝ հաշվի առնելով բոլոր ցուցումներն ու հակացուցումները, ինչից հետո ճիշտ ու խելամտորեն պատրաստել նրանց միջամտությանը։ Դե, իսկ բուն միջամտության ընթացքում եւ դրանից հետո շատ կարեւոր են մասնագետների փորձն ու գրագիտությունը։

Ինչպե՞ս է ընթանում հետմիջամտական շրջանը։

Արգանդի զարկերակների էմբոլիզացիայից հետո պացիենտը մնում է հիվանդանոցում 3-5 օր, այդ ընթացքում նրա մոտ կարող է բարձրանալ ջերմությունը, կարող են լինել ցավեր որովայնի շրջանում, չէ՞ որ միոմայի հյուսվածքները, որոնք իրենց համար սովորական սնունդ չեն ստանում, սկսում են մեռնել։

Ցավի զգացողության ինտենսիվությունը, որպես կանոն, կախված է միոմայի չափերից. մեծ միոմաների դեպքում հետմիջամտական շրջանը փոքր-ինչ ավելի ցավոտ է, քան փոքրերի դեպքում, բայց երկու պարագայում էլ մասնագետներն ապահովում են պացիենտներին ցավազրկողներով, որպեսզի նրանց համար առավելագույն չափով հարմար լինի։

Հիվանդանոցից դուրս գրվելուց մի քանի օր հետո  պացիենտները կարող են վերադառնալ սովորական կյանքին։

Միջամտությունից հետո առաջին 3 ամիսների ընթացքում միոման դանդաղ փոքրանում է, ինչից հետո սկսում է ավելի արագ փոքրանալ. որոշները, ինչպես արդեն նշեցինք, լիովին անհետանում են, մյուսները՝ մեծերը, փոքրանում են 2-3 սանտիմետր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է