• Latest news

Տուբերկուլյոզի բուժումը Հայաստանում. ձեռքբերումներ եւ մարտահրավերներ

24 մարտի, 2023  22:25

Հայաստանը նպատակ ունի մինչեւ 2030-2035 թվականները էլիմինացնել տուբերկուլյոզը: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը` «Տուբերկուլյոզը որպես հանրային առողջության հրատապ խնդիր» գիտաժողովի շրջանակում։

Նա նշեց, որ տուբերկուլյոզի նման վարակիչ հիվանդությունների էլիմինացումը չի նշանակում բացառել դեպքերը։ Խոսքը 100 հազար բնակչի հաշվով 10 կամ պակաս նոր դեպքի ցուցանիշի հասնելու մասին է։ 2022 թվականին Հայաստանում այս ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով կազմել է 14,2։

2021-2022 թվականներին այս ցուցանիշը (13.6) փոքր-ինչ ցածր է եղել, սակայն ոչ այն պատճառով, որ հիվանդացությունը նվազել է, այլ այն պատճառով, որ իրական պատկերը, կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, խեղաթյուրվել է։ Մարդիկ այս ընթացքում, վախենալով վարակվել կորոնավիրուսից, չեն ցանկացել եւս մեկ անգամ բուժհաստատություններ գնալ։ Այժմ, ըստ նրա, ցուցանիշներն արտացոլում են իրականությունը։

Տուբերկուլյոզը բուժելի հիվանդություն է

Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց, որ այսօր՝ մարտի 24-ին, Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, եւ արդեն երկրորդ տարին անընդմեջ այս օրը Հայաստանում անցկացվում է հիվանդության բուժման ժամանակակից մեթոդներին նվիրված գիտաժողով։

Կենտրոնի տնօրենի հիմնական ուղերձն է՝ չվախենալ ախտանշանների առաջացման դեպքում բժշկի դիմելուց, քանի որ տուբերկուլյոզը բուժելի հիվանդություն է․ «Իսկ այն պնդումները, թե բժշկի գնալու համար գումար չկա, չեն ընդունվում, քանի որ մեր երկրում տուբերկուլյոզի բուժումն անվճար է»։

Կենտրոնի տնօրենը հավելեց, որ եթե ի հայտ գան բնորոշ ախտանիշներ՝ թուլություն, քաշի կորուստ, խորխով եւ արյունոտ սուր հազ, ապա պետք է դիմել առողջության առաջնային պահպանման օղակի բժշկի, որտեղ բժիշկները կանցկացնեն հետազոտություն եւ ախտորոշման հաստատման դեպքում հետագա քայլերի վերաբերյալ որոշում կկայացնեն։

Արդյո՞ք պետք է բուժման գործընթացի ապակենտրոնացման պատճառով վախենալ տուբերկուլյոզով հիվանդներից

Արտակ Մանուկյանի խոսքով՝ Հայաստանն իսկապես գնում է տուբերկուլյոզի բուժման ապակենտրոնացման ճանապարհով, այսինքն՝ հնարավորության դեպքում հիվանդները բուժում են ստանում իրենց բնակության վայրում։ Փակվել է Երեւանի տուբերկուլյոզի դիսպանսերը, իսկ Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցը վերանվանվել է Թոքաբանության ազգային կենտրոնի։

Բայց պետք չէ վախենալ տուբերկուլյոզով վարակվելուց, պնդում է նա։ Վարակումը տեղի է ունենում կրողի հետ երկարատեւ շփման հետեւանքով։ Այսինքն՝ նման վտանգը իրական է միայն ընտանիքի անդամների, կամ փակ հաստատություններում եղողների համար, այն էլ՝ վատ կենսապայմանների դեպքում։ Եվ դրա հետ մեկտեղ տուբերկուլյոզով հիվանդը վարակիչ լինելու համար պետք է բացիլազատող լինի, այսինքն կրի հիվանդության բաց ԲԿ+ ձեւը։

Արտակ Մանուկյանը վստահեցրեց, որ տուբերկուլյոզի այս ձեւով վարակված բոլոր հիվանդները բուժվում են Կենտրոնի մեկուսացված ստացիոնար բաժանմունքում։ Նրանք հիվանդանոցից դուրս են գրվում միայն այն դեպքում, երբ դադարում են վարակիչ լինել։

Բուժում բնակության վայրում

Արտակ Մանուկյանի խոսքով՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հիվանդները շարունակում են բուժում ստանալ իրենց բնակության վայրում։ Դեղորայքն ընդունվում է բժշկի հսկողության ներքո՝ սկզբում պոլիկլինիկայում, իսկ հետո տանը՝ առցանց։ Հիվանդներին տրվում են անվճար հեռախոսներ եւ տեսազանգեր են ունենում իրենց բժիշկների հետ ամեն անգամ, երբ ընդունում են իրենց դեղերը: Եթե ​​ինչ-ինչ պատճառներով հիվանդը չի կապվում, ապա Տուբերկուլյոզի ազգային ծրագրի գրասենյակը ստանում է SMS հաղորդագրություն, որից հետո կապվում է հիվանդի հետ՝ հասկանալու, թե որն է պատճառը։

«Այսինքն՝ տուբերկուլյոզով բոլոր հիվանդները գտնվում են Թոքաբանական կենտրոնի հսկողության տակ», - ասաց Արտակ Մանուկյանը։ Առաջնային օղակի բժիշկները դրամական խրախուսումներ են ստանում դեպքերի արդյունավետ կառավարման համար: Սոցիալապես անապահով հիվանդները նույնպես ստանում են որոշակի ֆինանսական օգնություն։

Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիր եւ 2021-2025 թվականների ռազմավարություն 

Նաիրա Խաչատրյանը հիշեցրեց, որ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը գործում է 2004 թվականից։ Հիմնական փաստաթուղթը, որի վրա հիմնված են տուբերկուլյոզի դեմ պայքարի աշխատանքները, Առողջապահության նախարարության կողմից ընդունվող 5-ամյա ռազմավարություններն են։ Վերջին ընդունված ռազմավարությունը նախատեսված է 2021-2025 թվականների համար։ Նրա հիմնական նպատակներն են 2015 թվականի համեմատությամբ նվազեցնել հիվանդացության եւ մահացության մակարդակը, ինչպես նաեւ բարձրացնել բուժման արդյունավետությունը։ Մասնագետի խոսքով՝ դեղազգայուն տուբերկուլյոզի  բուժման արդյունավետության համար նշաձողը սահմանվել է 95 տոկոս, իսկ դեղակայուն տուբերկուլյոզի դեպքում՝ 85-ից 90 տոկոս։ Այսօր Հայաստանում այդ ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 86% եւ 63%։

Նաիրա Խաչատրյանը հավելեց, որ այս ցուցանիշներին հասնելու համար Առողջապահության նախարարության եւ Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ տարբեր ծրագրեր են իրականացվում տուբերկուլյոզով հիվանդներին աջակցելու, ինչպես նաեւ բժիշկներին խրախուսելու ուղղությամբ։ Ներդրվում են տուբերկուլյոզի բուժման նոր մոտեցումներ՝ նոր դեղամիջոցների եւ բուժման նոր սխեմաների կիրառմամբ, դեղերի ընդունման տեւողության կրճատմամբ։ «Տուբերկուլյոզի բուժումը շատ երկար է, պատահում է, որ հիվանդները հոգնում են բուժումից։ Բայց բուժման նոր սխեմաները կարող են նվազեցնել ժամանակը 20- 24 ամսից մինչեւ 9-ից 12 ամսվա, եւ դա հեշտացնում է հիվանդների հասարակության մեջ ինտեգրելու գործընթացը», - բացատրեց նա:

Սքրինինգային ծրագրեր եւ քիմիոկանխարգելում

Առաջիկա երեք տարիներին նախատեսվում է բարելավել հիվանդության հայտնաբերման ցուցանիշները, ինչի համար իրականացվում են տարբեր սքրինինգային ծրագրեր։ Նաիրա Խաչատրյանի խոսքով, բոլոր պետական ​​կանխարգելիչ զննումները ներառում են նաեւ տուբերկուլյոզի ախտորոշման բաղադրիչ, բացի այդ, թիրախային ուսումնասիրություններ են իրականացվում ռիսկային խմբերում՝ աշխատանքային միգրանտների, թմրամոլների շրջանում, փակ հաստատություններում (պատժի վայրեր, հոգեբուժարաններ):

Տուբերկուլյոզով հիվանդների հետ շփված անձանց առաջարկվում է անցնել այսպես կոչված քիմիոկանխարգելում՝ ընդունել հակատուբերկուլյոզային դեղամիջոցներ՝ տուբերկուլյոզի զարգացումը կանխելու համար։

Հատուկ ուշադրություն, ըստ մասնագետի, պահանջում են տուբերկուլյոզի ոչ թոքային դրսեւորումները, որոնք կարող են հանգեցնել հաշմանդամության։

Միգրանտներ

Հայաստանում տուբերկուլյոզի բուժումն անվճար է նաեւ օտարերկրյա քաղաքացիների համար, եւ աշխատանքային միգրանտներն ու ուսանողները, ովքեր գալիս են այստեղ, իրենց բուժումը ստանալու հարցում որեւէ դժվարության չեն հանդիպում։ Նույնը չի կարելի ասել Հայաստանից, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում աշխատող աշխատանքային միգրանտների մասին։

Նաիրա Խաչատրյանի խոսքով, եթե միգրանտները հետեւեն Ռուսաստանի օրենքներին, որոշ ժամանակ մնալուց հետո կարող են ապահովագրության պոլիս ստանալ, որով նրանց կտրամադրվի բժշկական օգնություն։ Բայց միգրանտների հիմնական մասը Ռուսաստանի Դաշնությունում մնում է ապօրինի եւ չունի բուժում ստանալու հնարավորություն։ Եվ սա Հայաստանում բժիշկների համար խնֆիր է դառնում. նրանք սկսում են բուժումը, լավ արդյունքների են հասնում, բայց մարդկից կեսից թողնում են բուժումը (կարծելով, որ արդեն բուժվել են), որպեսզի կրկին մեկնեն աշխատելու, ու հետո վերադառնում են հիվցանդության վատթարացմամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել