• Latest news

Սեզոնային ալերգիա. Ի՞նչ անել

14 փետրվարի, 2024  22:30

Սեզոնային ալերգիան, սովորաբար, մարդկանց մոտ ասոցացվում է փռշտոցի հետ, սակայն փռշտոցը ալերգիայի առաջին ախտանիշը չէ: Սեզոնային ալերգիայի ախտանիշներն են քթահոսությունը, քթի փակվածությունը և  քթի խոռոչում, ականջներում, կոկորդում քորը: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության   ալերգոլոգիայի և իմունոլոգիայի գծով խորհրդատու Սևան Իրիցյանը:

Սեզոնային ալերգիան եւ հարբուխը

Գարունը սեզոնային ալերգիայի սրացումների շրջան է:  Հարբուխի և սեզոնային ալերգիայի ախտանիշները բավական նման են իրար, ինչը հաճախ շփոթություն է առաջացնում մարդկանց մոտ:  Սևան Իրիցյանի խոսքով, հարկավոր է օրինաչափություններ գտնել՝  ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում են առաջանում ախտանիշները:

«Հարբուխի պարագայում, օրվա ժամը, գտնվելու վայրը առանձնապես նշանակություն չունեն: Բացի այդ, հարբուխի հետ լինում են նաև այլ գանգատներ. թուլություն, ցավեր, ջերմություն, ինչը տիպիկ չէ սեզոնային ալերգիաներին: Տարբերվում է նաև ախտանիշների տևողությունը, հարբուխը սովորաբար մեկ շաբաթ է տևում և անցնում, կամ բարդանում և մեկ այլ խնդիր է դառնում, որն արդեն նկատելի կտարբերվի իր ախտանիշներով: Իսկ սեզոնային ալերգիաների դեպքում կարող է միայն ախտանիշների սրման աստիճանը փոխվել»,-ասաց է ալերգոլոգը:

Ի՞նչ անել

Սևան Իրիցյանի խոսքով,  սեզոնային ալերգիաները վերջնականապես չեն բուժվում, ալերգիկները ստիպված են շարունակ հաբեր ընդունել, որոնք ժամանակավորապես կանխում են ախտանիշների առաջացումը: Տարիների ընթացքում օրգանիզմը ինքնուրույն կարգավորվում է, կամ հակառակը՝ ալերգիան բարդանում է և այլ հիվանդության վերածվում:

Ալերգոլոգը խորհուրդ է տալիս ախտանիշների առկայության դեպքում դիմել բժշկի և նրա կողմից նշանակված հաբերը ընդունել, ինչը հնարավորություն կտա որոշ ժամանակով  ազատվել ախտանիշներից և հանգիստ դուրս գալ տնից:

Սնունդը եւսեզոնային ալերգիան

Բժշկի խոսքով, սնունդը որևէ կերպ չի կարող ազդել ալերգիայի սրման վրա, սակայն նա ամեն դեպքում, խորհուրդ է տալիս խուսափել այն պտուղների օգտագործումից, որոնց ծաղկափոշին ալերգիայի առաջացման պատճառն է:

«Եթե մարդն ունի այդ ծաղկափոշու պատճառով առաջացող սեզոնային ալերգիա, ապա այդ և դրա նման այլ պտուղները ուտելու դեպքում, բերանի շրջանում մարդիկ ունենում են տարօրինակ զգացողություններ, ծակծկոցներ, կարող է նաև այտուց առաջանալ: Սա սեզոնային ալերգիան սննդի հետ կապող միակ օղակն է: Այսինքն ինչ-որ սնունդից հրաժարվելը չի կարող կանխարգելել սեզոնային ալերգիայի առաջացումը, միայն կարող է օգնել խուսափել այլ խնդիրներից»,-ասում է ալերգոլոգը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել