«Ռոսպոտրեբնադզորի» համաձայն՝ բոտուլիզմը սննդային թունավորման ծանր ձեւ է, որն առաջանում է այն ժամանակ, երբ սննդամթերքների մեջ հայտնվում է բոտուլոտոքսինը (այն առաջ է բերում Clostridium botulinum մանրէն թթվածնի ցածր պարունակության պայմաններում)։
Եվ չնայած բոտուլոտոքսինն օգտագործում են բժշկական եւ կոսմետիկական նպատակներով (դրա հիման վրա ստեղծում են բոտոքսը), այն ամենահզոր օրգանական թույներից մեկն է, որը հայտնի է մարդկությանը։
Օրգանիզմում հայտնվելով՝ այն արգելակում է նյարդային ազդանշանները, որոնք ստիպում են մկաններին սպազմի ենթարկվել։ Ճիշտ կիրառման դեպքում դրա շնորհիվ կարելի է բուժել սպազմները, հարթել մաշկը եւ անգամ կանխել միգրենը, գրել է ՏԱՍՍ-ը։ Բայց եթե նեյրոտոքսինը հայտնվում է բաց վերքում կամ ստամոքսում, մարդու մոտ առաջանում է նյարդային համակարգի ծանր ախտահարում, ուղեղի ազդանշանները դադարում են հասնել մկաններին, ինչը հանգեցնում է կաթվածի։ Ավելի հաճախ տուժում են հյուսվածքները, որոնք պատասխանատու են կլլման, խոսելու եւ շնչելու համար։
Այս վիճակը կոչվում է բոտուլիզմ։ Վաղ ազդանշաններն են հոգնածությունը, թուլությունը եւ գլխապտույտը՝ տեսողության հետագա մթագնմամբ, չորությունը բերանում եւ կլլման եւ խոսելու հետ կապված դժվարությունները։ Սովորաբար առաջին ախտանշաններն առաջ են գալիս արդեն թունավորումից 12-36 ժամ հետո, եւ, թեեւ մարդիկ հազվադեպ են հիվանդանում բոտուլիզմով, մահացության մակարդակը բարձր է (5-10 տոկոս դեպքերն ավարտվում են մահացու ելքով)։ Երբ բոտուլիզմը առաջին անգամ գրանցվեց 1793թ. Գերմանիայում, 13 վարակվածներից ողջ մնաց միայն յոթը։ Վաղ բուժօգնությունը (հակատոքսինի ներարկում եւ միացում արհեստական շնչառության սարքին անհրաժեշտության դեպքում) կրիտիկականորեն կարեւոր է պացիենտի կյանքը փրկելու համար, ուստի տոքսիկոզի առաջին նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։
Կարեւոր է զգույշ լինել։ Քանի որ մանրէներն առաջ են բերում նեյրոտոքսին անօդ միջավայրում, «Ռոսպոտրեբնադզորը» խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել հերմետիկ պահածոյացված տնային պահածոներին (սունկ, բանջարեղեն, մրգեր, միս եւ թռչնամիս, պաշտետներ), ինչպես նաեւ գործարանային արտադրության պահածոներին, եթե բանկան ուռել է, աղի կամ ապխտած ձկներին, խոզի մսին։ Ինչպես բացատրել է Ռոսբիոտեխի ամբիոնի վարիչ Դմիտրի Կուլիկովը, ուտելիքի մեջ բոտուլոտոքսինի առկայության նշան կարող է լինել բանկայի պարունակության պղտորումը կամ պղպջակները (թեեւ նշաններից ոչ մեկը 100 տոկոսանոց երաշխիք չի տալիս թույնի առկայության կամ բացակայության մասին)։ Երաշխավորված ձեւով մանրէն սպանելուն կօգնի մթերքները եռացնելը. այն ոչնչանում է +100 °С-ի պայմաններում 5-15 րոպե, +80 °С-ի դեպքում կես ժամ եռացնելիս։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր