Մինեսոթայի (ԱՄՆ) Մայո կլինիկայի եւ Ուփսալայի համալսարանի (Շվեդիա) գիտնականները հայտնաբերել են, որ հորմոնալ եւ կենսաքիմիական գործոնները մեծ նշանակություն ունեն ալկոհոլային կախվածության ձեւավորման հարցում։ Դա նշանակում է, որ տղամարդիկ եւ կանայք, որոնք ունեն այդ կախումը, պետք է բուժվեն տարբեր մեթոդներով։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Նեյրոփսիխոֆարմակոլոգիայի եվրոպական քոլեջի (ECNP) կոնգրեսում (Միլան)։
Գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլային կախվածություն ունեցող 268 տղամարդկանց եւ 132 կանանց հորմոնալ եւ սպիտակուցային մարկերները։ Նրանք ուսումնասիրությունների արդյունքները համեմատել են հոգեբանական վնասի ցուցանիշների՝ դեպրեսիվ տրամադրության, տագնապայնության, ալկոհոլի հակման, ոգելից ըմպելիքի փաստացի օգտագործման եւ բուժման արդյունքների հետ առաջին երեք ամիսներին։
Հետազոտողները գնահատել են սեռական հորմոնների (տեստոստերոն, էստրոգեն, պրոգեստերոն) եւ սպիտակուցների մակարդակները, որոնք ազդել են մասնակիցների արյան մեջ վերարտադրողական ֆունցկիայի (ֆոլիկուլները խթանող հորմոն եւ լյուտեինացնող հորմոն) վրա։ Կատարվել է նաեւ օրգանիզմում ալբումինի եւ գլոբուլինի (որոնք միացնում են սեռական հորմոնները) խտության ուսումնասիրություն։
Ալկոհոլային կախվածություն, դեպրեսիա եւ ալկոհոլի մեծ հակում ունեցող տղամարդկանց մոտ իջել են տեստոստերոնի, էստրոնի, էստրադիոլի եւ գլոբուլին սպիտակուցի մակարդակները։ Կանանց մոտ նման փոփոխություններ չեն հայտնաբերվել։ Գիտնականները նաեւ պարզել են, որ տեստոստերոնի, գլոբուլինի եւ ալբումինի ավելի բարձր մակարդակ ունեցող կանանց մոտ ռեցիդիվի հավանականությունը բուժման առաջին երեք ամիսներին ավելի բարձր է, քան նրանց մոտ, որոնց կենսքաիմիական այդ մարկերների մակարդակներն ավելի ցածր են եղել։ Տղամարդկանց մոտ, հակառակը, նման ասոցիացիաներ չեն նկատվել։
Հետազոտողների խոսքով՝ հորմոնները եւ սպիտակուցներն ազդում են մարդու վարքի վրա։ Գոյություն ունի կապ դրանց մակարդակների եւ վարքի միջեւ ալկոհոլային խանգարման ժամանակ, բայց առայժմ հնարավոր չէ պարզել, թե որ փոփոխություններն են նախապատճառը, եւ որ փոփոխություններն են հետեւանք հանդիսանում։ Այդ պատճառով ալկոհոլիզմի բուժումը պահանջում է անհատական մոտեցում. մեթոդները, որոնք օգնում են տղամարդկանց, կարող են անարդյունավետ լինել կանանց համար։
Հատկապես կարեւոր է ուսումնասիրել, թե ինչպես կարող են կանանց հորմոնալ փոփոխությունները դաշտանային ցիկլի եւ դաշտանադադարի ժամանակ ազդել ալկոհոլիզմի կենսաքիմիայի վրա եւ փոխել բուժման մոտեցումը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day