• Latest news

The Conversation. Ո՞ր հարուցիչը կարող է հաջորդ համավարակն առաջացնել

29 սեպտեմբերի, 2024  10:59

COVID-19 համավարակից առաջ , Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կազմել էր առաջնահերթ վարակիչ հիվանդությունների ցանկը։ 2018 թվականին այդ ցանկում ներառվել է «X հիվանդությունը», ինչը նշանակում է, որ նախկինում անհայտ հարուցիչը կարող է համավարակի պատճառ դառնալ, գրում է The Conversation-ը։

Գրիպ. «Բոլորին հայտնի»

Գրիպը հայտնի հիվանդություն է։ Ըստ էության,  ամեն ձմեռ մենք փոքրիկ համավարակներ ենք ունենում՝ ամեն տարի վիրուսի աննշան փոփոխություններով: Սակայն կարող են ավելի լուրջ փոփոխություններ տեղի ունենալ, որը կարող է տարածում գտնել իմունիտետի ցածր մակարդակ ունեցող բնակչության շրջանում: Սակայն մենք լիովին չենք հասկանում, թե ինչն է գրիպի վիրուսի մուտացիա առաջացնում:

Թռչնագրիպի ներկայիս H5N1 ենթատեսակը տարածվել է ամբողջ աշխարհում։ Այն հանգեցրել է միլիոնավոր թռչունների ոչնչացման և ախտահարել կաթնասունների մի քանի տեսակների, այդ թվում՝ կովերի ԱՄՆ-ում և ծովային կաթնասունների՝ Հարավային Ամերիկայում: Արձանագրվել են վարակի դեպքեր այն մարդկանց մոտ, որոնք սերտ շփում են ունեցել վարակված կենդանիների հետ, բայց, բարեբախտաբար, ներկայումս մարդկանց շրջանում վարակի կայուն տարածում չկա։

Կորոնավիրուսներ. «անհայտ հայտնիներ»

Մինչև COVID-ի համավարակը, մենք ունեինք ծանր սուր շնչառական (SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական (MERS) համախտանիշների մեծ բռնկումների փորձ: Երկուսն էլ առաջանում են վիրուսներից, որոնք սերտորեն կապված են SARS-CoV-2-ի հետ՝ COVID-ի կորոնավիրուսի հետ: Թեև մինչև COVID-19-ը դրանք, հնարավոր է, հայտնի չեն եղել հանրությանը։ Կորոնավիրուսները ներառվել են ԱՀԿ-ի 2015 թվականի համավարակային հավանականություն ունեցող հիվանդությունների ցանկում:

Վիրուսների 25 ընտանիք. մոտեցում «հայտնի անհայտներին»

Այժմ ուշադրության կենտրոնում են հայտնի անհայտները: Հայտնի է, որ 25 ընտանիքի մոտ 120 վիրուս մարդու հիվանդություն է առաջացնում: Վիրուսների յուրաքանչյուր ընտանիքի անդամներն ունեն ընդհանուր հատկություններ, և մեր իմունային համակարը դրանց արձագանքում է նմանատիպ ձևերով: Օրինակ կարող է ծառայել ֆլավիվիրուսների ընտանիքը, որի ամենահայտնի ներկայացուցիչները դեղին տենդի և դենգեի վիրուսներն են։ Այս ընտանիքը ներառում է նաև մի քանի այլ կարևոր վիրուսներ, ինչպիսիք են Զիկա վիրուսը (որը կարող է բնածին արատներ առաջացնել հղի կանանց վարակվելու դեպքում) և Արևմտյան Նեղոսի վիրուսը (որն առաջացնում է էնցեֆալիտ կամ գլխուղեղի բորբոքում):

X հարուցիչ. «անհայտ չճանաչված»

Կան նաև «անհայտ չճանաչվածներ» կամ «X հիվանդությունը»՝ անհայտ հարուցիչ, որը կարող է լուրջ գլոբալ համավարակ առաջացնել: Դրան նախապատրաստվելու համար պետք է կիրառվեն համաճարակային հսկողության նոր ձևեր, մասնավորապես՝ պարզելու, թե որտեղ կարող են հայտնվել նոր հարուցիչները: Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ մարդիկ են գիտակցում, որ անհրաժեշտ է ավելի լայն դիտարկել առողջությունը՝ մտածելով ոչ միայն մարդու առողջության, այլև կենդանիների և շրջակա միջավայրի մասին։

Այս հայեցակարգը հայտնի է «Միասնական առողջություն» անունով և դիտարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, գյուղատնտեսության կիրառած ինտենսիվ մեթոդները, էկզոտիկ կենդանիների առևտուրը, վայրի բնության միջավայր մարդու ներխուժման մեծացումը, միջազգային ուղևորությունների փոփոխությունները և ուրբանիզացիան:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll