• Latest news

Nature Microbiology. Սուրճ խմելու սովորությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ աղիների միկրոբիոմի կազմի վրա

24 նոյեմբերի, 2024  15:00

Բժշկական հետազոտողների միջազգային թիմը պարզել է, որ այն մարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով սուրճ են խմում, աղիքային բակտերիաների մի տեսակի քանակը զգալիորեն ավելի մեծ է, քան սուրճ չխմողների մոտ:

Իրենց ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Nature Microbiology ամսագրում, թիմը վերլուծել է մեծ թվով հիվանդների կղանքի և արյան նմուշները, ինչպես նաև նմանատիպ տվյալներ խոշոր բժշկական տվյալների բազաներում՝ փորձելով գտնել սուրճի օգտագործման ազդեցությունը աղիների բիոմի վրա:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի և ըմպելիքների օգտագործումը ազդում է աղիների բիոմի վրա՝ սնկերի, խմորիչների և բակտերիաների համայնքի վրա, որոնք ապրում են մարդու աղեստամոքսային տրակտում: Սակայն, թե որ մթերքներն են նպաստում առողջ բիոմի ձևավորմանը և որոնք են վնասակար, առայժմ լավ չի ուսումնասիրված։

Նոր հետազոտության ընթացքում գիտնականների թիմը փորձել է ավելին իմանալ մեկ սննդի, կամ այս դեպքում՝ ըմպելիքի ազդեցության մասին աղիների բիոմի վրա: Նրանք ընտրել են սուրճը երկու պատճառով՝ նախ, որ շատ մարդիկ են խմում այն, և երկրորդ՝ այն կամ ​​խմում են ամեն օր, կամ ընդհանրապես չեն խմում։

Աղիների միկրոբիոմի վրա սուրճ խմելու ազդեցության մասին իմանալու համար գիտնականները սկսել են վերլուծել Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում բնակվող մոտավորապես 22․800 մարդու և 211 խմբերի ևս 54․200 մարդու բժշկական տվյալները:

Սա հնարավորություն տվեց համեմատել սուրճ խմողների և չխմողների կղանքի նմուշների տվյալները և ուսումնասիրել աղիների բիոմի տարբերությունները երկու խմբերի միջև:

Գիտնականները երկու խմբերի միջև մեկ էական տարբերություն են հայտնաբերել՝ Lawsonibacter asaccharolyticus կոչվող բակտերիաների պոպուլյացիայի չափը: Այն մարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով սուրճ էին խմում, բակտերիաների մակարդակը ութ անգամ ավելի բարձր էր, քան սուրճ չխմողների մոտ, և այս տարբերությունը դիտարկվում է ամբողջ աշխարհում:

Հետազոտական ​​թիմը խոստովանում է, որ չգիտի, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ L. asaccharolyticus-ի ավելի բարձր մակարդակը մարդկանց վրա, սակայն ենթադրում է, որ դա, ամենայն հավանականությամբ, կապված է առողջության համար  սուրճի օգտագործմանը վերագրվող առավելությունների հետ։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll