• Latest news

Ստեղծվել է արյան թեստ քաղցկեղի ԴՆԹ-ի նվազագույն հետքերը հայտնաբերելու համար․ NatCom

14 հունվարի, 2025  18:41

Օքսֆորդի համալսարանի գիտնականները մշակել են արյան նոր թեստ՝ TriOx անվանմամբ, որը կարող է հայտնաբերել քաղցկեղի վեց տեսակների՝ ներառյալ ենթաստամոքսային գեղձի, ձվարանների և կրծքագեղձի, վաղ նշանները: Մշակումը նկարագրված է Nature Communications (NatCom) ամսագրում հրապարակված գիտական հոդվածում:

TriOx տեխնոլոգիան օգտագործում է մեքենայական ուսուցում՝ արյան մեջ ԴՆԹ-ն վերլուծելու համար, ինչը թույլ է տալիս հայտնաբերել քաղցկեղի բջիջների նույնիսկ ամենաչնչին նշանները: Նախագծի առաջատար հետազոտող, պրոֆեսոր Աննա Շուխի խոսքով՝ թեստը վերլուծում է ամբողջ ուռուցքի գենոմը, ինչը մեծացնում է դրա ճշգրտությունը։

Նախնական թեստերը հաստատել են գործիքի բարձր զգայունությունը (94,9%) և սպեցիֆիկությունը (88,8%): Այս արդյունքները ցույց են տալիս, որ TriOx-ի օգտագործումը նվազեցնում է կեղծ արդյունքների ստացման հավանականությունը և անհարկի ընթացակարգերի նշանակումը:

Թեստը հիմնված է TAPS տեխնոլոգիայի վրա, որը մեքենայական ուսուցման ալգորիթմների հետ զուգակցվելիս ապահովում է քաղցկեղի ԴՆԹ-ի ճշգրիտ հայտնաբերումը։

Գիտնականները նշել են, որ վաղ փուլում քաղցկեղի հայտնաբերումն ու բուժումը զգալիորեն մեծացնում է ապաքինման հնարավորությունները և նվազեցնում բժշկական համակարգերի բեռը։ Հետազոտողները շարունակում են քաղցկեղի այլ տեսակների փորձարկումները, որպեսզի թեստը պիտանի լինի լայն կիրառման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll