• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղ. ռիսկի գործոնները

18 հունվարի, 2025  10:01

Ի՞նչ է քաղցկեղը

«Քաղցկեղ» անվանումը բնորոշ է 100-ից ավելի տարբեր հիվանդությունների, սակայն դրանց բոլորի ընդհանուր բնութագիրը հետևյալն է. քաղցկեղ առաջանում է այն ժամանակ, երբ մարմնի որևէ հատվածում անկանոն կերպով սկսում են բազմանալ ոչ նորմալ բջիջներ: Վերջիններիս բազմացումն էապես տարբերվում է նորմալ բջիջների կանոնավոր աճից, քանի որ դրանք, իրենց կյանքի շրջափուլն ավարտելու և մահանալու փոխարեն, շարունակում են բազմանալ և ձևավորել նոր ախտաբանական բջիջներ՝ ներաճելով նաև այլ հյուսվածքների մեջ։1

Բջիջները նորմալից փոխակերպվում են ոչ նորմալի և սեփական ԴՆԹ-ի վնասման հետևանքով դառնում են քաղցկեղածին։ Երբ առողջ բջիջներում վնասվում է ԴՆԹ- ն, այդ բջիջները վերականգնում են վնասը կամ մահանում, մինչդեռ քաղցկեղածին բջիջներում ԴՆԹ-ն մնում է վնասված, չի նորոգվում, և, մահանալու փոխարեն, սկսում են վերարտադրվել նույն վնասված ԴՆԹ-ով ոչ նորմալ բջիջներ։ Չնայած վնասված ԴՆԹ-ն հնարավոր է նաև ժառանգել, սակայն վնասների մեծ մասը տեղի է ունենում բջիջների վերարտադրության ընթացքում կամ պայմանավորված է շրջակա միջավայրի գործոններով:

Ախտաբանական բջիջները հաճախ ձևավորում են գոյացություն կամ ուռուցք (թեև դրանցից ոչ բոլորն են քաղցկեղային), իսկ ախտորոշված քաղցկեղն անվանում են այն օրգանի անունով, որտեղ սկիզբ է առել ուռուցքը: Թեև բոլոր քաղցկեղներն առաջանում են նույն կերպ՝ ոչ նորմալ բջիջների անկանոն աճի հետևանքով, սակայն քաղցկեղի տեսակները միանգամայն տարբեր են և պահանջում են բուժման չափազանց տարբեր մոտեցումներ:

1.1.jpg (255 KB)

Նկար 1. Կրծքագեղձի քաղցկեղի բջիջ. Էլէկտրոնային նկար

Իսկ ի՞նչ է կրծքագեղձի քաղցկեղը

Կնոջ կրծքագեղձը բաղկացած է

  • բլթակներից (կաթնարտադրող գեղձեր),
  • ծորաններից (փոքրիկ խողովակներ, որոնցով կաթը բլթերից հասնում է դեպի պտուկ)
  • ստրոմայից (ճարպային և շարակցական հյուսվածքներ, որոնք շրջապատում են ծորաներն ու բլթակները, արյունատար և ավշային անոթները):2

Կրծքագեղձում հիմնականում քաղցկեղը զարգանում է

  1. ծորաններում՝ առաջանալով ծորանների երկայնքով ձգվող բջիջներում,
  2. կամ բլթակներում՝ բլթակները պատող բջիջներում:

Քաղցկեղի տարածման եղանակներից հիմնականը ավշային համակարգով է, երբ ավիշն ավշային անոթներով հեռանում է կրծքագեղձից։ Նույն ճանապարհով կարող են տեղափոխվել քաղցկեղային բջիջները՝ ընթացքում կուտակվելով ավշային հանգույցներում, մինչդեռ  արյունատար համակարգով դրանք հասնում են հեռավոր այլ օրգաններ։

1.2.jpg (33 KB)

Նկար 2. Կրծքագեղձի կառուցվածքը

 

Որո՞նք են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնները

Ռիսկի գործոն է համարվում այն ամենը, ինչն ազդում է կրծքագեղձի քաղցկեղ ունենալու հավանականության վրա, սակայն մեկ կամ միաժամանակ մի քանի ռիսկի  գործոնների առկայությունը դեռևս չի նշանակում, որ կինն անկասկած պետք է հիվանդանա այդ հիվանդությամբ: Ավելին, կրծքագեղձի քաղցկեղը կարող է զարգանալ առանց որևէ ռիսկի գործոնի առկայության։3

Ռիսկի գործոնները տարբեր բնույթի են՝

  • վարքային,
  • բնապահպանական,
  • կենսաբանական
  • գենետիկ:

Բազմաթիվ հետազոտություններով բացահայտվել են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնող ռիսկի գործոնները: Դրանք են.

  • տարիք (կամ ծերացում),
  • դաշտանի մեկնարկ վաղ տարիքում (մինչև 12 տարեկանը),
  • դաշտանադադար ուշ տարիքում (55 տարեկանից հետո),
  • ուշացած առաջին ծննդաբերություն,
  • եթե կինը երբևէ չի ծննդաբերել,
  • եթե կինը երբևէ կրծքով չի կերակրել,
  • եթե կինը նախկինում ունեցել է կրծքագեղձի քաղցկեղ կամ կրծքի այլ ոչ  քաղցկեղային հիվանդություն,
  • կրծքագեղձի քաղցկեղի ընտանեկան պատմություն (մայր, քույր, դուստր, մորաքույր/հորաքույր, տատիկ, հայր, եղբայր),
  • խիտ գեղձով կուրծք,
  • բարձր դոզայով ճառագայթային թերապիա կրծքավանդակի շրջանում (երիտասարդ տարիքում),
  • գիրություն/ավելորդ քաշ (բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը դաշտանադադարից հետո),
  • հորմոն փոխարինող թերապիայի երկարատև կիրառում (էստրոգենի և պրոգեստերոնի համակցությամբ),
  • մուտացիոն փոփոխություններ կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված BRCA1 և BRCA2 գեներում,
  • ալկոհոլի չարաշահում (օրական մեկ բաժակից ավելի),
  • նստակյաց կենսակերպ/ֆիզիկական ցածր ակտիվություն։

Կան ռիսկի գործոններ, որոնց վրա հնարավոր է ազդել, օրինակ՝ նստակյաց կենսակերպը, ալկոհոլի չարաշահումը և ճարպակալումը: Պահպանելով առողջ ապրելակերպ՝ հնարավոր է նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը:

1.3.jpg (68 KB)

Գրականություն

  1. Mol Cancer Res. 2023 Jul 6;21(11):1142–1147. doi: 10.1158/1541-7786.MCR-23-0411 Updating the Definition of Cancer
  2. https://nbcf.org.au/about-breast-cancer/diagnosis/breast-cancer-anatomy/
  3. Cancers (Basel). 2021 Aug 25;13(17):4287. doi: 10.3390/cancers13174287. Breast Cancer—Epidemiology, Risk Factors, Classification, Prognostic Markers, and Current Treatment Strategies—An Updated Review, Sergiusz Łukasiewicz 1, Marcin Czeczelewski 2, Alicja Forma 2, Jacek Baj 3, Robert Sitarz 1,3,*, Andrzej Stanisławek

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll