Սան Դիեգոյում Կալիֆոռնիայի համալսարանի (UCSD) գիտնականները մշակել են նորարարական դեղամիջոց՝ լորունդրոստատ, որն ի վիճակի է վերացնելու կայուն հիպերտոնիան։ Դեղամիջոցի մասին ասված է New England Journal of Medicine (NEJM) բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտության մեջ։
Կլինիկական փորձարկումներին մասնակցել են Միացյալ Նահանգների տարբեր շրջաններից անվերահսկելի հիպերտոնիայից տառապող 285 բուժառուներ։ Դա բարձր արյան ճնշում է, որը հնարավոր չէ կանոնավորել կենսակերպի փոփոխությունների և ավանդական բուժումների միջոցով։ Այն կարող է հանգեցնել լուրջ առողջական հետևանքների, մասնավորապես՝ սրտի կաթվածի, սրտի անբավարարության, ուղեղի կաթվածի և երիկամների հիվանդության։
Բոլոր մասնակիցներից 190-ը ստանդարտ թերապիային զուգահեռ ընդունել են լորունդրոստատ, իսկ 95-ը՝ պլացեբո։ Դիտարկումների արդյունքներով՝ նոր դեղամիջոցն ընդունած մասնակիցների սիստոլիկ ճնշումը նվազել է միջինը 15 մմ սնդիկի սյունով, մինչդեռ վերահսկիչ խմբում այն ընդամենը 7 մմ սնդիկի սյուն էր կազմում:
Դեղամիջոցի թերապևտիկ ազդեցությունը գնահատվել է արյան ճնշման 24-ժամյա մոնիթորինգի օգնությամբ։ Չափումները կատարվել են հետազոտության սկզբնական, վեցերորդ և 12-րդ շաբաթներին, որոնք լորունդրոստատ ստացած բուժառուների օրգանիզմում արյան ճնշման կայուն նվազում են ցույց տվել։
Հետազոտողների կարծիքով՝ լորունդրոստատը ճնշում է արյան ճնշման և էլեկտրոլիտային հավասարակշռության կարգավորման գործում կարևոր դեր խաղացող ալդոստերոն հորմոնի արտադրությունը։ Այդ հորմոնի բարձր մակարդակը հաճախ խանգարում է ավանդական հակահիպերտոնիկ դեղամիջոցների ազդեցությանը, մի գործոն, որը նախկինում աննկատ էր մնում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day