• Latest news

Ցրված սկլերոզը խաթարում է օրգանիզմի գործունեությունը՝ առաջին ախտանիշների ի հայտ գալուց 15 տարի առաջ

4 սեպտեմբերի, 2025  14:26

Կանադացի բժիշկները բացահայտել են, որ ցրված սկլերոզ ունեցող շատ մարդկանց մոտ օրգանիզմի և նյարդային համակարգի առաջին խնդիրները ի հայտ են գալիս դեռևս 15 տարի առաջ, մինչև ուղեղի հիվանդության տեսանելի ախտանշանների ի հայտ գալը։ Այս մասին հայտնել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի (UBC) մամուլի ծառայությունը։

«Ցրված սկլերոզը չափազանց դժվար է ախտորոշել, քանի որ դրա զարգացման վաղ շրջանի շատ նշաններ, ներառյալ հոգնածությունը, գլխացավը և այլ ցավերը, շատ ընդհանուր են և դրանք հաճախ ուղեկցում են մի շարք այլ հիվանդությունների։ Մեր դիտարկումները կտրուկ հետ են մղել այն ժամանակը, երբ ի հայտ են գալիս ցրված սկլերոզի զարգացման այս առաջին նշանները, ինչը ճանապարհ է բացում վաղ ախտորոշման և միջամտության համար», - հայտարարել է UBC-ի պրոֆեսոր Հելեն Թրեմլեթը, որի խոսքերը մեջբերում է համալսարանի մամուլի ծառայությունը։

Բժիշկներն այս բացահայտումն արել են Կանադայում բնակվող ցրված սկլերոզով տառապող 2 հազար մարդու առողջության վիճակի երկարատև մոնիթորինգի ընթացքում, փոխանցում է «TASS»-ը։ Նրանց մոտ ցրված սկլերոզի զարգացման առաջին նշանները հայտնաբերվել են կյանքի երրորդ-չորրորդ տասնամյակում, սակայն շատ հիվանդներ դժգոհել են առողջական խնդիրներից, որոնք բնորոշ են այս հիվանդությամբ տառապող մարդկանց՝ դեռևս ուղեղի նեյրոնների վնասված «մեկուսացմամբ» դեմիելինացման օջախների հայտնաբերումից շատ առաջ։

Դիտարկումը գիտնականներին դրդել է համեմատել Կանադայի առողջ բնակիչների և ցրված սկլերոզով հիվանդների պատմությունները՝ մինչև վերջիններիս պաշտոնական ախտորոշումը։ Նման տեղեկություններ ստանալու համար հետազոտողները մուտք են խնդրել հիվանդների և նույն տարիքի ու սեռի 10 հազար առողջ կանադացիների բժշկական քարտեր, որից հետո վերլուծել են, թե որքան հաճախ են նրանք այցելել տարբեր մասնագիտությունների բժիշկների։

Այս վերլուծությունը ցույց է տվել, որ առողջ մարդկանց և ցրված սկլերոզով տառապողների միջև առաջին տարբերությունները ի հայտ են գալիս ախտորոշումից 15 տարի առաջ։ Սովորաբար, այս հիվանդությամբ տառապողները 20%-ով ավելի հաճախ են դիմում թերապևտների՝ բողոքելով հոգնածությունից, ցավից, գլխապտույտից, դեպրեսիայից և հոգեկան այլ խանգարումներից։ Ախտորոշումից մոտ տասը տարի առաջ նրանք 60%-ով ավելի հաճախ են բողոքում աչքի ցավից և մշուշված տեսողությունից, իսկ ախտորոշումից երեքից հինգ տարի առաջ նրանք 70%-ով ավելի հաճախ են այցելում կլինիկաների ռադիոլոգիական բաժանմունքներ։

Մասնագետների կարծիքով՝ դիտարկումների նման արդյունքները վկայում են ցրված սկլերոզի զարգացման պրոդրոմալ փուլի անսովոր երկարության մասին․ դա այն ժամանակահատվածն է, երբ հիվանդությունն արդեն զարգանում է, բայց դրա զարգացման առաջին հստակ նշանները դեռևս չեն դիտվում։ Դա հասկանալը թույլ կտա մշակել ցրված սկլերոզի վաղ ախտորոշման առաջին մեթոդները, ինչպես նաև գիտնականներին հնարավորություն կտա մշակել և փորձարկել թերապիայի մեթոդներ, որոնք ուղղված են հիվանդության զարգացման սկզբնական փուլերում դանդաղեցնելուն կամ կանխելուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll