Յուրաքանչյուր հղիության կորուստ թողնում է ոչ միայն դատարկություն, այլև մի շարք հարցեր. ինչո՞ւ դա տեղի ունեցավ, ի՞նչ անել հաջորդիվ, կա՞ արդյոք կրկին փորձելու հնարավորություն: Կրկնվող վիժումները պարզապես վիճակագրություն չեն. դրանք կանանց և ընտանիքների իրական պատմություններ են, մենակության զգացում ու անպատասխան հարցեր: Պատճառները կարող են թաքնված լինել բազմաթիվ բաների մեջ՝ հորմոններ, գենետիկա, իմունային համակարգ և երբեմն տղամարդկանց առողջություն: Ժամանակակից բժշկությունը առաջարկում է ախտորոշման և բուժման նոր տարբերակներ, բայց յուրաքանչյուր իրավիճակ եզակի է և պահանջում է համալիր մոտեցում: Այս հարցերը և լուծումների որոնումները եղել են MedMeet 2025-ի շրջանակներում անցկացված կոնֆերանսի կիզակետում, որը միավորել էր գենետիկների, էնդոկրինոլոգների, ուրոլոգների և վիրաբույժների:

Գենետիկա և հորմոններ
Քննարկումների մեկնարկային կետը, ինչպես և սպասվում էր, գենետիկան և հորմոններն են եղել։ Բժիշկ Անի Գասպարյանը խոսել է վերարտադրողական գենետիկայի նորագույն տեխնոլոգիաների մասին, որոնք օգնում են բացահայտել կորուստների թաքնված պատճառները։ Բժիշկ Մարի Ղասաբօղլյանը շեշտել է, որ վահանաձև գեղձը կարող է ավելի շատ ազդել վերարտադրողական առողջության վրա, քան շատերը կարծում են։ Ուռոլոգ, բժիշկ Դավիթ Տոնոյանը տղամարդու տեսանկյունից է անդրադարձել հարցին՝ նշելով, որ սերմնաբջիջների ԴՆԹ-ի ֆրագմենտացիան և ախտորոշման ժամանակակից մեթոդները կարող են վճռորոշ դեր խաղալ բալիկ ունենալու համար։
Զարգացման անոմալիաներ
Կոնֆերանսի շրջանակում քննարկումը շոշափել է ոչ միայն կրկնվող վիժումների պատճառները, այլև դրանք հաղթահարելու ժամանակակից հնարավորությունները։ Բժիշկ Ռուսուդան Վարդանյանը ներկայացրել է արգանդի պաթոլոգիաները վերացնելու նորարարական մոտեցումներ, որոնք թույլ են տալիս պահպանել վերարտադրողական ներուժը։ Հատուկ ուշադրություն է դարձվել արգանդի միջնապատի հեռացմանը (արգանդի սեպտում)՝ զարգացման բնածին անոմալիային, որի դեպքում արգանդի խոռոչը մասնակիորեն կամ ամբողջությամբ բաժանված է միջնապատով։ Նման պաթոլոգիան հաճախ հանգեցնում է անպտղության, կրկնվող վիժումների և հղիության ընթացքում բարդությունների։
Բժիշկ Վարդանյանը շեշտել է, որ միջնապատի վիրահատական հեռացումն ապացուցողական արդյունավետության բազա ունի։ «Չնայած առկա հակասական տվյալներին՝ վիրահատական միջամտությունը շարունակում է արդիական մնալ այն դեպքերում, երբ դրա ցուցումներն ակնհայտ են։ Բնականաբար, նախ դիտարկվում են բուժման կոնսերվատիվ մեթոդները, սակայն բժշկական ցուցումների առկայության դեպքում վիրահատությունից խուսափել պետք չէ։ Վիրահատությունը պետք է իրականացվի փորձառու մասնագետների կողմից՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ»,- նշել է նա։

Անբացատրելի դեպքեր
Վերջնական մասը նվիրված էր էնդոմետրիումին և այսպես կոչված «անբացատրելի» դեպքերին։ Բժիշկ Նորայր Ղուկասյանը խոսել է էնդոմետրիումի քրոնիկական բորբոքման դերակատարության մասին, իսկ բժիշկ Հռիփսիմե Գրիգորյանը բացահայտել է ԷԿՈ-ի անհաջող փորձերի առեղծվածը, երբ սաղմերը տեսանելի պատճառներով չեն իմպլանտացվում։
Գրիգորյանը նշել է, որ ԱՄԲ-ի ելքի վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Առաջին հերթին դրանք մայրական գործոններն են՝ ներառյալ արգանդի անատոմիական առանձնահատկությունները, նախորդ միջամտությունների հետևանքները, ինչպես նաև էնդոմետրիումի պաթոլոգիաները։ Կարևոր դեր են խաղում գենետիկ պատճառները, որոնք կարող են մեծացնել կրկնվող վիժումների ռիսկը։ Բացի այդ, գոյություն ունեն իմունաբանական խանգարումներ, վարակներ, թրոմբոֆիլիա և մոլեկուլային ու էնդոմետրիալ ռեցեպտիվության փոփոխություններ, որոնք նույնպես կարող են խոչընդոտել հաջող հղիությանը։ Ոչ պակաս կարևոր են նաև սաղմի գործոնները և տղամարդու գործոնը, ներառյալ սերմի որակը և տղամարդու կենսակերպը, օրինակ՝ ծխելը, որը նվազեցնում է հղիանալու հնարավորությունները։
Եզրափակիչ պանելային քննարկումը համախմբել է առաջատար մասնագետների և պարզ է դարձել, որ բազմագործոն մոտեցումը, որը հաշվի է առնում ամեն ինչ՝ գենետիկայից ու հորմոններից մինչև իմունիտետ և վիրաբուժություն, բժշկությանը մոտեցնում է հազարավոր ընտանիքներին ծանոթ այդ խնդրի լուծմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day