Բոստոնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ սննդակարգի կալորիականության տևական, զգուշավոր նվազեցումը կարող է բջջային մակարդակում դանդաղեցնել ուղեղի ծերացումը։
Աշխատանքը հրապարակվել է Aging Cell ամսագրում։
Խոսքը ոչ թե խիստ սննդակարգերի, այլ կալորիաների մոտ 30 տոկոսով կրճատման մասին է․ ռեժիմ, որը կարելի է տարիներով պահպանել առանց առողջությանը վնաս հասցնելու։ Այս հետազոտությունը տևել է մասնակիցների գրեթե ողջ կյանքի ընթացքում. այն սկսվել է դեռևս 1980-ականներին՝ ԱՄՆ Ծերացման խնդիրների ազգային ինստիտուտի հետ համատեղ, և ավարտվել փորձարկվողների բնական մահից հետո, երբ գիտնականները կարողացել են մանրամասն ուսումնասիրել նրանց ուղեղը։
Համեմատելու համար, թե սովորական սննդակարգով մարդկանց ուղեղի բջիջները ինչով են տարբերվում ավելի թեթև դիետայով երկար ապրած մարդկանց բջիջներից, հետազոտողները կիրառել են ժամանակակից ամենաճշգրիտ մեթոդներից մեկը՝ ՌՆԹ-ի միակորիզ սեկվենավորումը։ Եվ արդյունքները շատ խոսուն են եղել։ Կալորիաների չափավոր սահմանափակման հետևած մարդկանց բջիջներում «առողջ աշխատանքի» ավելի շատ նշաններ են եղել․ ավելի ակտիվ են միացել միելինի՝ նյարդային մանրաթելերի պաշտպանիչ թաղանթի համար պատասխանատու գեները, ավելի լավ են գործել էներգետիկ հավասարակշռության և ուղեղի սպիտակ նյութի կառուցվածքի պահպանման հետ կապված մետաբոլիկ ուղիները։ Պարզ ասած՝ այդ բջիջներն ավելի երիտասարդ և կայուն տեսք են ունեցել։
Ըստ գիտնականների, սա վկայում է այն մասին, որ կալորիաների տևական և խելամիտ կրճատումը կարող է իսկապես պահպանել ուղեղի առողջությունը և դանդաղեցնել տարիքային բնական փոփոխությունները՝ սպիտակ նյութի քայքայումը, միելինի կորուստը և նեյրոնների միջև կապերի վատթարացումը։ Սա ոչ թե հրաշք դեղահաբ է, այլ ավելի շուտ ուղեղի ծերացումը դանդաղեցնելուն օգնող մեղմ, բնական միջոց։
Թեև հետազոտությունն անցկացվել է մարդուն մոտ մոդելների վրա և պահանջում է հաստատում մարդկանց մեծ խմբերի շրջանում, հեղինակները արդյունքները կարևոր քայլ են համարում։ Դրանք ցույց են տալիս, որ սնունդը կարող է հզոր գործիք լինել ծերության ժամանակ մտքի պայծառությունն ու հիշողությունը պահպանելու համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում