Միջին տարիքում ոչ թե բուն դեպրեսիան, այլ միայն մի քանի հատուկ ախտանիշներ կարող են զգալիորեն մեծացնել ծերության շրջանում դեմենցիայի վտանգը: Նման եզրակացության են հանգել Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է The Lancet Psychiatry բժշկագիտական հանդեսում:
Հետազոտողները վերլուծել են բրիտանական երկարատև Whitehall II հետազոտության 5811 մասնակիցների տվյալները: 1990-ականների վերջին, երբ մասնակիցները 45-69 տարեկան էին, և ոչ մեկը դեմենցիայի նշաններ չէր ցուցաբերում, նրանք դեպրեսիվ ախտանիշների վերաբերյալ մանրամասն հարցաթերթիկներ են լրացրել: Այնուհետև 25 տարի շարունակ հետևել են նրանց առողջությանը՝ օգտագործելով ազգային առողջապահական գրանցամատյանները: Այդ ընթացքում դեմենցիա է ախտորոշվել մասնակիցների մոտավորապես 10%-ի շրջանում:
Վերլուծությունը ցույց է տվել, որ դեմենցիայի վտանգի աճը կապված է ոչ թե առհասարակ դեպրեսիայի, այլ վեց հատուկ ախտանիշների հետ, որոնք դրսևորվել են միջին տարիքում: Դրանք ներառում էին ինքնավստահության կորուստ, դժվարություններին դիմակայելու անկարողության զգացողություն, ջերմության և ուրիշների հետ կապվածության պակաս, մշտական նյարդայնություն, դժգոհություն առաջադրանքների կատարման ձևից, ինչպես նաև կենտրոնացման խնդիրներ: Այդ ախտանիշները լիովին բացատրում էին միջին տարիքի դեպրեսիայի և ուշ շրջանի դեմենցիայի միջև կապը, հատկապես 60 տարեկանից փոքր մարդկանց շրջանում։
Ուշագրավ է, որ դեպրեսիայի այլ տարածված ախտանիշները, ներառյալ՝ քնի խանգարումները, դեպրեսիվ տրամադրությունը կամ ինքնասպանության մասին մտքերը երկարատև դեմենցիայի ռիսկի հետ որևէ էական կապ չեն ցուցաբերել։ Դա ընդգծում է, որ դեպրեսիան տարասեռ վիճակ է, և դրա առանձին դրսևորումները ուղեղի առողջության համար կարող են տարբեր հետևանքներ ունենալ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day