Հագեցած ճարպերի սպառման կրճատումը կապված է ընդհանուր մահացության և սիրտ-անոթային պատահարների ռիսկի նվազման հետ, սակայն այս ազդեցությունը հիմնականում նկատվում է սիրտ-անոթային բարձր ռիսկ ունեցող մարդկանց մոտ: Նման եզրակացության է եկել գիտնականների միջազգային թիմը: Աշխատանքը հրապարակվել է Annals of Internal Medicine (AIM) ամսագրում:
Հետազոտողները վերլուծել են 17 պատահական կլինիկական փորձարկումների տվյալներ, որոնց մասնակցել է ավելի քան 66 հազար մարդ: Այդ փորձարկումներում ուսումնասիրվել է հագեցած ճարպերի քանակի նվազեցման կամ դրանք այլ սննդանյութերով փոխարինելու ազդեցությունը: Սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող մասնակիցների մոտ սննդակարգում հագեցած ճարպերի մասնաբաժնի կրճատումը կապված է եղել ընդհանուր մահացության նվազման, ինչպես նաև ինֆարկտների և ինսուլտների թվի հավանական կրճատման հետ:
Ամենամեծ ազդեցությունը նկատվել է այն դեպքերում, երբ հագեցած ճարպերը փոխարինվել են բազմաչհագեցած ճարպաթթուներով: Նման փոխարինումը հանգեցրել է ոչ մահացու միոկարդի ինֆարկտի ռիսկի զգալի նվազման: Սիրտ-անոթային ցածր և չափավոր ռիսկ ունեցող մարդկանց մոտ դիտարկման հնգամյա ժամանակահատվածում նմանատիպ առավելություններ չեն հայտնաբերվել:
Հեղինակները նշել են, որ ստացված տվյալները մատնանշում են ավելի հասցեական դիետիկ հանձնարարականների անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով անհատական ռիսկը, այլ ոչ թե ունիվերսալ սահմանափակումներ ողջ բնակչության համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day