Բերանի խոռոչի բակտերիաների քիմիական «կապի համակարգին» միջամտելը կարող է փոխել ատամնափառի բաղադրությունը՝ դարձնելով այն ավելի առողջ և կանխելով կարիեսի զարգացումը: Այս եզրակացությանն են եկել Մինեսոտայի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են NPJ Biofilms and Microbiomes ամսագրում:
Գիտնականների խոսքով՝ բերանի խոռոչի բակտերիաները մեկուսացված չեն գործում. նրանք փոխանակում են ազդանշանային մոլեկուլները մի մեխանիզմի միջոցով, որը հայտնի է որպես քվորումի զգայունություն: Այս քիմիական ազդանշանները թույլ են տալիս միկրոբներին համակարգել իրենց վարքագիծը, կարգավորել գեների ակտիվությունը և որոշել, թե որ տեսակներն են գերակշռելու բակտերիալ համայնքում: Այս հավասարակշռությունից է մեծապես կախված՝ միկրոբիոտան կմնա «առողջ» վիճակում, թե կթեքվի դեպի կարիեսի և լնդերի հիվանդությունների կողմը:
Հետազոտողները ուսումնասիրել են ատամնափառի լաբորատոր մոդելները և կենտրոնացել N-ացիլհոմոսերին լակտոնների (AHL) ազդանշանային մոլեկուլների վրա, որոնք օգտագործում են որոշ բակտերիաներ: Պարզվել է, որ հատուկ ֆերմենտներն ընդունակ են արգելափակել այդ ազդանշանները և դրանով իսկ «խլացնել» բակտերիալ հաղորդակցությունը:
Նման միջամտությունը նվազեցնում էր լնդերի բորբոքման հետ կապված միկրոբների ակտիվությունը և միաժամանակ նպաստում բերանի առողջ խոռոչին բնորոշ բակտերիաների աճին:
Ինչպես պարզաբանում են հեղինակները, ատամնափառի ձևավորումը հիշեցնում է էկոհամակարգի զարգացում: Սկզբում մակերեսը բնակեցնում են համեմատաբար անվնաս բակտերիաները, իսկ հետո, անբարենպաստ պայմանների դեպքում, հայտնվում են ավելի ագրեսիվ տեսակներ, ներառյալ Porphyromonas gingivalis-ը, որը սերտորեն կապված է պարոդոնտիտի հետ:
«Խափանելով այն քիմիական ազդանշանները, որոնք բակտերիաներն օգտագործում են հաղորդակցվելու համար, կարելի է ուղղորդել ատամնափառի համայնքը դեպի բերանի խոռոչի առողջության հետ կապված վիճակ», - նշում է հետազոտության հեղինակ, կենսաքիմիկոս Միքայել Էլիասը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day