Գերմանիայից հետազոտողները մշակել են սրտանոթային հիվանդությունների վաղ ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ, որը հնարավոր է դարձնում անոթային խնդիրները հայտնաբերել նույնիսկ ախտանիշների ի հայտ գալուց առաջ։ Fast-RSOM տեխնոլոգիան տեսանելի է դարձնում ամենափոքր արյան անոթները և գնահատում դրանց գործառույթը՝ առանց ներարկումների, կաթետերների կամ այլ միջամտությունների։ Արդյունքները հրապարակվել են Light: Science & Applications (LS&A) ամսագրում։
Մեթոդը հայտնաբերում է մաշկի միկրոանոթների աննշան փոփոխությունները, հիմնականում՝ էնդոթելային ֆունկցիայի խանգարումները՝ արյան անոթների նեղանալու և լայնանալու ունակությունը։ Նման խանգարումները համարվում են ապագա սրտանոթային հիվանդությունների առաջին նշաններից մեկը, բայց նախկինում դրանք գործնականում անհնար էր ուղղակիորեն չափել։ Fast-RSOM-ը հնարավորություն է տալիս գնահատել մազանոթների առողջությունը նույնիսկ ախտանիշների ի հայտ գալուց առաջ։
Փորձերը ցույց են տվել, որ տեխնոլոգիան կարող է հայտնաբերել անոթային համակարգի վատթարացումը՝ կապված ծխելու, ճարպակալման, բարձր արյան ճնշման և այլ ռիսկի գործոնների հետ։ Ի տարբերություն ավանդական մեթոդների, որոնք անուղղակիորեն գնահատում են ռիսկը, fast-RSOM-ը ցույց է տալիս իրական կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ իրական ժամանակում։
Հեղինակները կարծում են, որ սարքը կարող է դառնալ արդյունավետ կանխարգելիչ գործիք. այն բժիշկներին հնարավորություն կտա ավելի ճշգրիտ նույնականացնել բարձր ռիսկի խմբի մարդկանց, վերահսկել բուժման արդյունքները և հետևել կենսակերպի փոփոխությունների ազդեցությանը: Կոմպակտ չափսերի և ինվազիվ միջամտությունների բացակայության շնորհիվ մեթոդը կարող է ապագայում օգտագործվել սովորական կլինիկաներում՝ պարբերական հետազոտությունների համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day