• Latest news▼

«Աստղիկ» ԲԿ-ում արդեն վիրահատություններ են կատարում ռոբոտի կիրառմամբ

26 հունվարի, 2026  22:35

«Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր իրականացվել է ռոբոտի օգնությամբ երկրորդ ռադիկալ պրոստատէկտոմիան՝ շագանակագեղձի ամբողջական հեռացումը։ Ռոբոտը «Աստղիկ» բժշկական կենտրոն է «ժամանել» վերջերս՝ անցյալ շաբաթվա վերջին, սակայն արդեն ապացուցել է, որ բարդ վիրահատությունների ժամանակ «գերազանց օգնական է»։

Այդ կապակցությամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Նա բարձր է գնահատել այն, որ նոր բժշկական տեխնոլոգիաների ներդրման հարցում Հայաստանը հետ չի մնում այլ երկրներից։

«Ուրախ ենք, որ մեր բժիշկ-մասնագետներն արդեն սովորական դարձած լապարոսկոպիկ վիրահատությունների հետ միաժամանակ առաջիկայում հնարավորություն կունենան իրականացնելու նաև ռոբոտային վիրաբուժության շատ կարևոր միջամտությունները։ Ուրոլոգիական, գինիկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական առումով այսօր այս տեխնոլոգիաներն իսկապես շատ կարևոր տեղ են գրավում, և դա նպաստում է, որ բուժառուն շատ ավելի արագ վերականգնվի, բժշկին մանևրելու և աշխատելու շատ ավելի մեծ հնարավորություններ են ընձեռվում»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:

avanesyan.jpeg (53 KB)

Սանկտ Պետերբուրգի Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի Ուրոլոգիայի և ռոբոտային վիրաբուժության կլինիկայի տնօրեն Միխայիլ Մոսոյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ բժշկական, վիրաբուժական ռոբոտը քայլող, խոսող և ինչ-որ գործողություններ կատարող այն տեսակը չէ, որին սովոր ենք տեսնել ֆիլմերում։ Այդ համակարգը «ռոբոտ» անվանելը մի ժամանակ մարքեթինգային հնարք էր։ «Դա լավ գործիք է բժշկի ձեռքում։ Դասական իմաստով, դա ռոբոտ չէ. գործիք է, թվային միջնորդ՝ վիրաբույժի մտքի և բուժառուի օրգանիզմի միջև»,- նշել է Մոսոյանը։

Բժիշկը հավելել է, որ գործիքը մեծապես հեշտացնում և արագացնում է վիրաբույժի աշխատանքը։ Օրինակ, Ալմազովի անվան կենտրոնում անցյալ տարի մեկ վիրաբույժ նման ռոբոտի միջոցով 275 վիրահատություն է կատարել, այն դեպքում, երբ սովորաբար նման ծավալի վիրահատություն ի վիճակի են կատարելու 10 վիրաբույժ։ Ռոբոտի օգնությամբ վիրահատությունը ևս մեծ առավելություն է բուժառուի համար, որը երաշխավորում է արագ վերականգնում առանց հաշմվելու։

mosoyan.jpeg (53 KB)

Տվյալ դեպքում, օրինակ, դա հնարավորություն է խուսափելու միզարձակության խնդիրներից, որոնք վիրահատությունից հետո սաստիկ վատթարացնում են բուժառուների կյանքի որակը և միաժամանակ լրացուցիչ բեռ դարձնում պետության համար՝ անաշխատունակության պատճառով: Իսկ նման կերպ մեկ ամսվա ընթացքում բուժառուն կրկին ոտքի վրա է և կարող է շարունակել աշխատել և օգուտներ տալ պետությանը:

Հայաստանում վիրաբուժական ռոբոտն իրականություն դարձնելու համար մեծ ջանքեր գործադրած ռուսաստանցի բժիշկը կարծում է, որ եթե այդ տեխնոլոգիայի ներդրումը, որը միջազգային մակարդակով կիրառվում է 20-25 տարի, այսօր տեղի չունենար, Հայաստանի համար դա լուրջ ռազմավարական հետընթաց կլիներ:

mosoyan222.jpg (40 KB)

Նրա գնահատմամբ՝ հայ բժիշկները վաղուց պատրաստ են ներդնելու այդ առաջադեմ վիրաբուժական տեխնոլոգիան: Սակայն խնդիրը միայն թանկ տեխնոլոգիան չէ. հարցը նաև դպրոցն է, վերապատրաստումը, բժիշկների որակավորումը, և դա ևս ներդրումներ է պահանջում: Եվ «Աստղիկ» բժշկական կենտրոնը, ըստ նրա, այս ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ ամեն ինչ ունի՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Արմեն Ավոյանը պատմեց, որ այսօրվա բուժառուն շագանակագեղձի քաղցկեղ ունի, որը հայտնաբերվել է վաղ փուլում: Նա վստահեցրեց, որ նոր տեխնոլոգիայով կատարված վիրահատությունը երաշխավորում է բուժառուի լիակատար բուժումը և լիարժեք ապաքինումը: Մասնագետը պարզաբանեց, որ ռոբոտի առավելությունը Հայաստանում վաղուց արդյունավետորեն կիրառվող լապարոսկոպիկ մեթոդի նկատմամբ այն է, որ դրա «մատները» դժվարամատչելի հատվածներում արագ և արդյունավետ գործողությունների հնարավորություն են տալիս:

avoyan.jpeg (56 KB)

«Այս վիրահատության ժամանակ կիրառվող գործիքներն այնպիսին են, որ դժվար հասանելի տեղերում մենք կարողանում ենք աշխատել չվնասելով հարակից օրգանները, անոթները, խուսափելով բարդություններից։ Նույնիսկ այն երկու հիմնական բարդությունները, որ ունենում ենք լապարոսկոպիայի և բաց վիրահատություններից հետո՝ առաջին հերթին անմիզապահությունը, երկրորդ՝ սեռական ֆունկցիայի խանգարումը․․․ Այդ երկու բարդությունների տոկոսը զգալիորեն նվազում է»,- նշել է Արմեն Ավոյանը:  

Կլինիկայի բուժական գծով փոխտնօրեն և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար Շահեն Դանիելյանը պատմել է, որ 2025 թվականի ամռանը Մադրիդում անցկացված Հայկական բժշկական կոնգրեսում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված  Հայաստանում ռոբոտացված վիրաբուժության ներդրմանը, և արդեն վեց ամիս անց այն​​ իրականություն է դարձել։

«Հույս ունենք՝ շատ մոտ ապագայում ի վիճակի կլինենք մեր բարդագույն վիրահատությունները՝ կրծքային, որովայնային արդեն կատարել ռոբոտիկ վիրաբուժության տեխնոլոգիաների կիրառմամբ, և դա շահավետ է ոչ միայն բուժառուների, այլև բժիշկների համար, քանի որ պրեցիզիոն տեխնիկայից զատ կա թիմի ավելի հանգիստ աշխատելու հնարավորություն, որը մեզ համար շատ կարևոր է։ Վիրաբույժը շատ հարմարավետ իրավիճակում նստած է կոնսոլի մոտ և որպես կանոն, այդ լարվածությունը, այդ անհանգստությունը չկա, որը որ շատ կարևոր բենեֆիտներից մեկն է»,- պարզաբանել է նա այս մեթոդի առավելությունները լապարոսկոպիայի և բաց վիրահատության համեմատ: Դոկտոր Դանիելյանը հավելել է, որ ռոբոտով վիրահատության ներդրումը չի չեղարկում մյուս բոլոր մեթոդները: Դժվար թե իմաստ  ունենա այդ թանկարժեք տեխնոլոգիան կիրառել պարզ, հեշտ դեպքերում: Այն պետք է կիրառել միայն բարդ վիրահատությունների համար:

Բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արայիկ Ոսկանյանը պարզաբանել է, որ ռոբոտը սկզբնապես ստեղծվել է ուրոլոգիական վիրաբուժության համար, սակայն այսօր այն ակտիվորեն կիրառվում է բոլոր ոլորտներում, և արդյունքները մի քանի անգամ գերազանցում են բաց կամ լապարոսկոպիկ միջամտությունների արդյունքներին։

Խոսելով մեթոդի առավելությունների մասին՝ նա մասնավորապես նշել է, որ լապարոսկոպիայի դեպքում գործիքները տեղադրվում են մեկ անցքի միջոցով, իսկ ռոբոտացված գործիքները՝ երեքով, և դրանք զգալիորեն ավելի ճկուն են, քան մարդու ձեռքը։

voskanyan2.jpeg (44 KB)

«Ռոբոտն այս պահի դրությամբ, կարելի է ասել, համաշխարհային բժշկագիտության մեջ ոսկե ստանդարտ է։ Ամենամեծ նվաճումն է, ամենալավ արդյունքներ ցույց տվող մեթոդը։ Դա մեթոդ է, գործիք է վիրաբույժի ձեռքում, և վիրաբույժն ինչպես այն կօգտագործի, այնպիսի արդյունքներ էլ կստացվեն։ Այսինքն ինքներս պետք է պատրաստված լինենք ռոբոտով վիրաբուժության համար, այնպես չի, որ ռոբոտը միացնենք, և ինքը մեր փոխարեն վիրահատի»,- ասել է նա՝ հավելելով, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժները շուտով կվերապատրաստվեն տարբեր կենտրոններում, ներառյալ՝ Չինաստանում, որտեղ էլ ստեղծվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն փոխանցված ռոբոտը:

Արայիկ Ոսկանյանը հավելել է, որ այսօր նշանակալի օր է Հայաստանի առողջապահական համակարգի համար, քանի որ ներդրվում է ամենաժամանակակից վիրաբուժական տեխնոլոգիան։

Վիրաբուժական ռոբոտը «Աստղիկ» բժշկական կենտրոն է մատակարարել Չինաստանի Շենժեն քաղաքում գործող Edge Medical ընկերությունը, պատմել է ընկերության դիստրիբյուտոր Կարեն Մոսոյանը։ «Մենք բազմիցս եղել ենք ընկերության գլխավոր գրասենյակում։ Նրանց անձամբ ճանաչում ենք և վստահում ենք նրանց տեխնոլոգիաներին։ Եվ այսօր, ինչ-որ իմաստով, իմ պատվի հարցն էլ է, քանի որ կոնսոլի մոտ այժմ նստած է հայրս՝ պրոֆեսոր Մոսոյանը։ Այսինքն, իմ աշխատանքն էր համոզվել, որ ռոբոտը կարգին վիճակում է, որ այն ժամանակին հասցվի այստեղ և լավ վիճակում լինի, քանի որ գիտեմ, որ հաջորդ օրն այն օգտագործելու է հայրս»,- ասել է նա։  

«Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը NEWS.am Medicine-ի թղթակցին հետ զրույցում նշել է, որ ռոբոտի օգնությամբ վիրահատությունն ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում, արդեն ավելի քան տասը տարի կիրառվում է, և նա վաղուց մտածում էր այս տեխնոլոգիան Հայաստանում ներդնելու մասին։ «Սա վիրաբուժության բնական էվոլյուցիոն զարգացում է, և վաղ թե ուշ այն պետք է հասներ մեզ»,- ընդգծել է նա։

Տնօրենը պատմել է, որ ութ տարի առաջ բանակցություններ են սկսվել Da Vinci ռոբոտի արտադրող ամերիկյան Intuitive Surgical ընկերության հետ։ Սակայն ընկերության քաղաքականությունն իր արտադրանքը Հայաստանի պես երկրներ չարտահանելն է։ Միխայիլ Մոսոյանի հետ խորհրդակցելուց հետո, որը մշտական ​​կապի մեջ է տեղի ուրոլոգների հետ, «Աստղիկ» բժշկական կենտրոնը որոշել է ռոբոտը գնել չինական ընկերությունից։

«Նա գնաց, Չինաստանում տարբեր ռոբոտներ տեսավ և մեզ խորհուրդ տվեց այս մոդելը, որը որ մենք գնել ենք, որը որ կարելի է ասել ոչ մի բանով չի զիջում “Ինտուիտիվի” “Դա Վինչիին” և վերջապես հնարավորություն է տալիս, որ մենք ունենանք ռոբոտովիրաբուժությունը Հայաստանում», - ասել է նա։

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll