Հնդկաստանի Կալկաթա քաղաքի մոտակայքում մահացու նիպահ վիրուսի բռնկում է, որի դեմ պատվաստանյութ չկա։ Արձանագրվել է հինգ դեպք, որոնցից երեքը՝ այս շաբաթ։
Ներկա բռնկումը նշանակալի է, քանի որ սա Արեւմտյան Բենգալիայում 2007-ից ի վեր առաջին հաստատված դեպքն է։ Երկարատեւ ընդմիջումից հետո վիրուսի վերադարձը տարածաշրջան մտահոգություններ է առաջացնում վերահսկման տեսակետից։
Հնդկաստանի եւ Արեւմտյան Բենգալիայի իշխանությունները հայտարարել են արագ եւ համապարփակ հանրային առողջապահական միջոցառումների մասին, ներառյալ ուժեղացված մոնիթորինգը, լաբորատոր հետազոտությունները եւ դաշտային աշխատանքները։ Վերջին երկու դեպքերի հայտնաբերումից հետո նոր վարակներ չեն հայտնաբերվել։
Մասնավորապես, Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վարակված անձանց բոլոր հայտնի կոնտակտները կարանտինի մեջ են ու թետավորվել են։ Պացիենտների մասին մանրամասները չեն հրապարակվում, սակայն 196 կոնտակտ է հայտնաբերվել, բոլոր թեստերը բացասական են եղել։ Հնդկաստանից դուրս վիրուսի հաստատված դեպքեր չեն գրանցվել, սակայն մի քանի ասիական երկրներ որպես նախազգուշական միջոց ներդրել կամ ուժեղացրել են օդանավակայանների սանիտարական վերահսկողությունը։
Ինդոնեզիան եւ Թաիլանդը ուժեղացրել են խոշոր օդանավակայաններում ստուգումները, ներառյալ առողջական հայտարարագրի ձեւերի լրացումը, ջերմաչափումը եւ ժամանող ուղեւորների վիզուալ դիտարկումը։
Մյանմարի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել խուսափել Արեւմտյան Բենգալիա ոչ անհրաժեշտ ուղեւորություններից եւ կոչ է արել ճանապարհորդներին անհապաղ բժշկական օգնության դիմել, եթե ախտանիշներ են ի հայտ գալիս ճանապարհորդությունից հետո 14 օրվա ընթացքում։ Օդանավակայաններում ջերմաչափումը նույնպես խստացվել է։
Վիետնամի առողջապահության նախարարությունը կոչ է արել խստորեն պահպանել սննդի անվտանգության կանոնակարգերը եւ հանձնարարել է տեղական իշխանություններին ուժեղացնել մոնիթորինգը սահմանային անցակետերում, առողջապահական հաստատություններում եւ համայնքներում։
Չինաստանը հայտարարել է սահմանային գոտիներում հիվանդությունների կանխարգելման ուժեղացված միջոցառումների մասին։ Պետական լրատվամիջոցները հայտնել են, որ առողջապահական մարմինները սկսել են ռիսկերի գնահատումը, ընդլայնել են բժշկական անձնակազմի վերապատրաստումը եւ բարելավել մոնիթորինգի եւ թեստավորման հնարավորությունները։
ԱՀԿ-ն երեկ հայտարարել է, որ կապի մեջ է Հնդկաստանի առողջապահական մարմինների հետ՝ նիպահ վիրուսի տարածման ռիսկը գնահատելու համար, բայց ներկայում դրա հետագա տարածման ռիսկը գնահատում է ցածր։
NEWS.am Medicine-ը մեկ հրապարակման մեջ ամփոփել է վիրուսի վերաբերյալ այսօր հասանելի հիմնական տվյալները։
Ի՞նչ է նիպահ վիրուսը եւ ինչպե՞ս է այն փոխանցվում
Նիպահ վիրուսը զոոնոզ է, այսինքն՝ այն մարդկանց է փոխանցվում կենդանիներից։ Վարակի հիմնական աղբյուրներն են չղջիկները եւ խոզերը, ինչպես նաեւ նրանց վարակված հյուսվածքները կամ արտաթորանքը։ Կան ապացույցներ, որ նիպահ վիրուսը կարող է վարակել նաեւ այլ կենդանիների, այդ թվում՝ շների, կատուների, այծերի, ձիերի եւ ոչխարների։
Մարդիկ կարող են վարակվել չղջիկների կղանքից, մեզից կամ թքով աղտոտված սննդից՝ մրգերից կամ մրգային արտադրանքից (օրինակ՝ հում կամ մասնակիորեն ֆերմենտացված արմավի հյութից)։ Մարդկանց փոխանցվելուց հետո վիրուսը կարող է մարդուց մարդ տարածվել սերտ շփման միջոցով։ Սա վավերագրված է Բանգլադեշում եւ Հնդկաստանում, առավել հաճախ՝ ընտանիքի անդամների եւ հիվանդների խնամողների շրջանում։ Շնչառական ախտանիշներ ունեցող մարդիկ վարակը փոխանցելու հատուկ ռիսկ են ներկայացնում։
Որքանո՞վ է վարակիչ եւ վտանգավոր նիպահ վիրուսը
Վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Մալայզիայում եւ Սինգապուրում 1999թ․՝ խոզաբույծների շրջանում խոշոր բռնկման ժամանակ։ Ավելի քան 100 մարդ մահացել է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մահացության մակարդակը տատանվում է 40-75 տոկոսի սահմաններում, ինչն այն դարձնում է զգալիորեն ավելի վտանգավոր, քան կորոնավիրուսը։
Որտե՞ղ է տարածված նիպահ վիրուսը
Մարդկանց մոտ բռնկումներ են հայտնաբերվել միայն Հարավային եւ Հարավարեւելյան Ասիայում, հիմնականում գյուղական եւ կիսագյուղական վայրերում: Երկրները, որտեղ նախկինում բռնկումներ են գրանցվել, հետեւյալն են.
Չնայած նիպահ վիրուսի հակամարմիններ են հայտնաբերվել չղջիկների մոտ ամբողջ Ասիայում, ինչպես նաեւ Գանայում եւ Մադագասկարում, Հարավային եւ Հարավարեւելյան Ասիայից դուրս մարդկանց մոտ բռնկումներ չեն եղել:
Նոյեմբերին Journal of Infection and Public Health ամսագրում հրապարակված հետազոտությունը պարզել է, որ Բանգլադեշում բռնկումները տեղի են ունենում սեզոնային ձեւով՝ դեկտեմբերից մինչեւ ապրիլ: Սա պայմանավորված է արմավի հյութի՝ ավանդական ըմպելիքի հավաքման սեզոնով: Չղջիկները հաճախ բնակվում են այդ ծառերի մեջ եւ աղտոտում են հյութն իրենց թքով:
Որո՞նք են նիպահ վիրուսի ախտանշանները
Ինկուբացիոն շրջանը (վարակից մինչեւ ախտանիշների ի հայտ գալը) սովորաբար տեւում է 4-21 օր, չնայած հազվադեպ դեպքերում այն կարող է ավելի երկար լինել։
Հիվանդությունը սովորաբար սկսվում է հանկարծակի եւ նման է գրիպի։ Հիմնական ախտանիշներն են՝
Կարող են զարգանալ նաեւ թոքաբորբ եւ այլ շնչառական խնդիրներ։
Հիվանդության զարգացմանը զուգընթաց՝ կարող են ի հայտ գալ նյարդաբանական ախտանիշներ, այդ թվում՝ ուղեղի այտուց, որը կարող է հանգեցնել մահվան։
Ամենալուրջ բարդությունը էնցեֆալիտն է (ուղեղի բորբոքում), որը սովորաբար զարգանում է հիվանդության սկզբից 3-21 օր անց։ Սա նիպահ վարակի բնորոշ առանձնահատկությունն է եւ կապված է մահացության շատ բարձր մակարդակի հետ։ Ողջ մնացածներից ոմանց մոտ մնում են երկարատեւ նյարդաբանական հետեւանքներ, այդ թվում՝ մշտական նոպաներ եւ անձի փոփոխություններ։ Հազվագյուտ դեպքերում վիրուսը կարող է «վերակտիվանալ» սկզբնական վարակից ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց։
Ինչպե՞ս են բուժում նիպահ վիրուսը
Ներկայում նիպահ վիրուսի դեմ լիցենզավորված բուժում կամ պատվաստանյութեր չկան: Բուժումը հիմնականում օժանդակ է եւ պահանջում է բարձրորակ, ինտենսիվ բժշկական օգնություն:
2018թ․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նիպահ վիրուսը դասել է առաջնահերթ պաթոգենների շարքում, որը պահանջում է անհապաղ հետազոտություններ եւ պաշտպանիչ միջոցառումների մշակում:
Գոյություն ունեն հեռանկարային պատվաստանյութեր, որոնք գտնվում են փորձարկման տարբեր փուլերում, ինչպես նաեւ մոնոկլոնալ հակամարմիններ՝ մշակման փուլում:
Քանի որ հատուկ բուժում չկա, ուշադրությունը կենտրոնացվում է կանխարգելման վրա: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս.
Ինչպե՞ս կանխել նիպահ վիրուսի տարածումը
Էնդեմիկ շրջաններ ճանապարհորդողներին խորհուրդ է տրվում՝
Առողջապահական հաստատություններում անհրաժեշտ են վարակի վերահսկման խիստ միջոցառումներ, այդ թվում՝ պաշտպանություն շփման, կաթիլային եւ օդակաթիլային փոխանցումից։
Ի՞նչ անել, եթե մտահոգություններ ունեք
Էնդեմիկ երկրներ այցելող ճանապարհորդների համար ռիսկը շատ ցածր է, եթե պահպանվում են ստանդարտ նախազգուշական միջոցները։ Դա կարող է ավելի բարձր լինել այն մարդկանց մոտ, ովքեր մասնակցում են արմավի հյութ հավաքելու եւ խմելու տեղական ավանդույթներին։
Եթե ախտանիշներն ի հայտ են գալիս էնդեմիկ շրջանում գտնվելու ժամանակ, անմիջապես դիմեք բժշկի։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day