Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի անվան բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը կարող է հանգեցնել բյուրեղների առաջացման, որոնք վնասում են լյարդը։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։
Հետազոտողները նշել են, որ մաքուր խոլեստերինը կարող է ձևավորել բյուրեղային թիթեղներ կամ ասեղանման կառուցվածքներ, որոնք մոմանման են և ջրում չլուծվող։ Լյարդի՝ նյութափոխանակության հետ կապված ճարպային հիվանդության (MASLD) վաղ փուլերում արդեն իսկ դրանց առաջացումը մեծացնում է լյարդի հյուսվածքի խտությունը՝ նույնիսկ ծանր ֆիբրոզի զարգացումից առաջ։
Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը կապված է լիպիդների կուտակման հետ և տարածված է ճարպակալմամբ, ինսուլինառեզիստենտականությամբ՝ ինսուլինային դիմադրողականությամբ և 2-րդ տիպի շաքարախտով տառապող մարդկանց շրջանում։
Կենդանիների վրա կատարված ուսումնասիրություններում համեմատել են բարձր ճարպային սննդակարգի և խոլեստերինով հարստացված սննդակարգի ազդեցությունը։ Երկու դեպքում էլ դիտվել է լյարդի ճարպակալում, բայց ավելացված խոլեստերին ունեցող խմբում բջիջների ներսում ձևավորվել են կոշտ ներառուկներ։
Դրանց առկայությունը մեծացրել է հյուսվածքների կոշտությունը՝ անկախ ֆիբրոզի աստիճանից՝ պայմաններ ստեղծելով լյարդի հետագա վնասման և սպիական հյուսվածքի արագացված առաջացման համար։ Փորձի ընթացքում այս կառուցվածքների հեռացումը նվազեցրել է հյուսվածքների խտությունը, ինչը ենթադրում է այս փոփոխությունների հնարավոր շրջելիությունը։
Ներկա պահին նման բյուրեղները կարող են հայտնաբերվել միայն բիոպսիայի միջոցով։ Ապագայում գիտնականները նախատեսում են մշակել ոչ ինվազիվ ախտորոշիչ մեթոդներ և ստուգել, թե արդյոք առկա դեղամիջոցները, մասնավորապես ստատինները, կարող են նվազեցնել խոլեստերինի բյուրեղների կուտակումը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day