• Latest news

Ու՞ր է անհետանում երկաթը COVID-ից հետո. գիտնականները պարզել են քրոնիկ հոգնածության հավանական պատճառը

9 մարտի, 2026  08:32

SARS-CoV-2-ով վարակվելուց հետո երկաթի փոխանակության խանգարումը կարող է կարևոր դեր խաղալ «երկարատև COVID»-ի զարգացման գործում: Հետազոտողները նման եզրահանգման են եկել՝ պարզելով, որ վարակի արդեն վաղ փուլերում որոշ պացիենտների մոտ սկսվում է օրգանիզմում երկաթի կայուն վերաբաշխում, որը կարող է պահպանվել առողջացումից ամիսներ անց:

Գիտնականները երկար ժամանակ հետևել և վերլուծել են COVID-19 տարած մարդկանց արյան նմուշները: Հետազոտությունը ցույց է տվել, որ այն պացիենտները, որոնց մոտ հետագայում զարգացել են «երկարատև COVID»-ի ախտանիշներ, վարակումից արդեն մի քանի շաբաթ անց երկաթի կարգավորման խանգարման և շարունակվող բորբոքային գործընթացի նշաններ են ցույցտվել: Այս փոփոխություններն առաջացել են անկախ տարիքից, սեռից և նույնիսկ հիվանդության սկզբնական ընթացքի ծանրությունից:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Immunology գիտական ամսագրում:

Վարակի ժամանակ օրգանիզմը գործի է դնում պաշտպանական մեխանիզմ, ինչի արդյունքում արյան մեջ երկաթի մակարդակը նվազում է, քանի որ շատ միկրոօրգանիզմներ օգտագործում են այս տարրը աճի համար: Դրանց բազմացումը սահմանափակելու համար օրգանիզմը ժամանակավորապես «թաքցնում» է երկաթը: Սակայն հետազոտողները պարզել են, որ COVID-ից հետո այս մեխանիզմը որոշ մարդկանց մոտ շարունակում է գործել չափազանց երկար: Երկաթը չի անհետանում օրգանիզմից, այլ կուտակվում է իմունային համակարգի բջիջների և հյուսվածքների ներսում՝ անհասանելի դառնալով արյան համար:

Երկաթի այս թաքնված վերաբաշխումը կարող է հանգեցնել մի վիճակի, որը հիշեցնում է ֆունկցիոնալ դեֆիցիտ: Չնայած օրգանիզմում երկաթի առկայությանը, այն դառնում է անբավարար էրիթրոցիտների բնականոն ձևավորման և թթվածնի արդյունավետ տեղափոխման համար: Արդյունքում բջիջները ստանում են ավելի քիչ էներգիա, ինչը կարող է առաջացնել «երկարատև COVID»-ին բնորոշ ախտանիշներ՝ քրոնիկական հոգնածություն, թուլություն և ֆիզիկական ծանրաբեռնվածության վատ տանելիություն:

Հետազոտողների կարծիքով՝ այս գործընթացների ըմբռնումը կարող է օգնել բուժման նոր ռազմավարությունների մշակմանը։ Մասնավորապես, հեռանկարային ուղղություն կարող է դառնալ բորբոքման վաղ վերահսկումը և օրգանիզմում երկաթի բնականոն բաշխման վերականգնումը։ Գիտնականներն ընդգծում են, որ նման իրավիճակում երկաթի պատրաստուկների պարզ նշանակումը միշտ չէ, որ արդյունավետ է, քանի որ խնդիրը ոչ թե տարրի քանակի մեջ է, այլ այն բանի, որ այն «կողպված» է մնում բջիջների ներսում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll