Գիտնականները հայտնաբերել են, որ մուգ, քաղցր կեռասում պարունակվող միացությունները կարող են դանդաղեցնել կրծքագեղձի քաղցկեղի ամենաագրեսիվ ձևերից մեկի աճը: Նման եզրակացության է հանգել Թեքսասի A&M համալսարանի գիտնականների խումբը, որը հետազոտել է այս կեռասում պարունակվող բնական գունանյութերի ազդեցությունը կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի վրա, որը հիվանդության ամենադժվար բուժվող տեսակներից մեկն է:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Molecular Science բժշկագիտական հանդեսում:
Քաղցկեղի այդ տեսակը բնութագրվում է բջիջներում երեք հիմնական մոլեկուլային մարկերների՝ էստրոգենային ընկալիչների, պրոգեստերոնային ընկալիչների և HER2 սպիտակուցի բացակայությամբ: Դրա պատճառով ստանդարտ հորմոնալ թերապիաները նվազ արդյունավետ են, իսկ բուն ուռուցքը հաճախ ավելի արագ է զարգանում և ավելի հեշտությամբ մետաստազներ տալիս:
Հետազոտության կենտրոնում եղել են բնական բուսական գունանյութերի՝ անտոցիանինները, որոնք մուգ կեռասին հաղորդում են իրենց հարուստ, կարմրավուն-գինեգույն երանգը: Այդ միացությունները հայտնի են իրենց հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններով, սակայն գիտնականները որոշել են են ստուգել՝ արդյոք դրանք կարող են ազդել նաև ուռուցքի զարգացման վրա:
Փորձարկումները կատարվել են մկների վրա: Կենդանիները բաժանվել են մի քանի խմբերի. դրանցից մեկին ուռուցքի զարգացումից առաջ տրվել է անտոցիանիններով հարուստ կեռասի լուծամզվածք, մյուսին՝ ուռուցքի զարգացումից հետո քիմիաթերապիա են նշանակել, երրորդ խումբը ստացել է երկու բուժումների համադրություն, իսկ վերահսկիչ խումբը բուժում չի ստացել։
Արդյունքները ցույց են տվել, որ անտոցիանիններ ստացած մկների մոտ ուռուցքներն ավելի դանդաղ են աճել և զգալիորեն պակաս են տարածվել ամբողջ մարմնով մեկ։ Իսկ հատկապես թոքերում և այլ օրգաններում մետաստազների շոշափելի նվազում է նկատվել։
Բացի դրանից, այդ կենդանիները պահպանել են մարմնի նորմալ զանգվածը և որևէ էական կողմնակի ազդեցություն չեն ցուցաբերել։
Լրացուցիչ վերլուծությունը ցույց է տվել, որ անտոցիանինները փոխում են քաղցկեղի տարածման և բուժման նկատմամբ ուռուցքային բջիջների դիմադրողականությանն առնչվող գեների ակտիվությունը։ Դա ենթադրում է հնարավոր մոլեկուլային մեխանիզմ, որի միջոցով բնական միացությունները կարող են ճնշել ուռուցքի աճը և ագրեսիվությունը։
Սակայն հետազոտողներն ընդգծում են, որ դրանք միայն կենդանիների վրա լաբորատոր փորձեր են։ Անհրաժեշտ են հետագա կլինիկական փորձարկումներ՝ պարզելու համար՝ արդյոք մուգ կեռասը կամ դրա ակտիվ բաղադրիչներն ի վիճակի՞ են օգտագործվել մարդկանց շրջանում քաղցկեղի կանխարգելման կամ բուժման համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day