• Latest news▼

Պաշտպանության անսպասելի գործոն. ինչպես է մանկան միկրոբիոմը կապված վարակների վտանգի հետ

14 մարտի, 2026  19:54

Նոր տվյալները ցույց են տալիս, որ երեխայի մոտ կյանքի առաջին օրերին ձեւավորվող աղիների միկրոբիոմը կարող է կարեւոր դեր խաղալ վաղ մանուկ հասակում վիրուսային վարակներից պաշտպանվելու հարցում։ Wellcome Sanger Institute-ի եւ University College London-ի գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ մանրէների կազմը նորածինների աղիներում կապված է ծանր շնչառական վարակների առաջացման հավանականության հետ կյանքի առաջին տարիներին։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Lancet Microbe ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են 1 082 նորածինների կղանքի նմուշները Մեծ Բրիտանիայում, նորածինների միկրոբիոմի ուսումնասիրման վերաբերյալ լայնածավալ նախագծի շրջանակում։ Օգտագործելով գենոմային սեքվենավորման մեթոդները՝ հետազոտողներն ուսումնասիրել են երեխաների աղիներում առկա մանրէները ծնվելուց հետո առաջին մեկ շաբաթվա ընթացքում, իսկ հետո այդ տվյալները համադրել են մինչեւ երկու տարեկանը հոսպիտալացման մասին բժշկական գրառումների հետ։

Պարզվել է, որ նորածինների մի մասի միկրոբիոմում գերակշռել է Bifidobacterium longum մանրէն այլ օգտակար տեսակներ հետ միասին, օրինակ՝  Bifidobacterium bifidum-ի եւ Bacteroides dorei-ի։ Այսպիսի մանրէներ ունեցող երեխաները կյանքի առաջին երկու տարիներին զգալիորեն ավելի հազվադեպ են հայտնվել հիվանդանոցում ստորին շնչուղիների վիրուսային վարակների պատճառով։ Մանրէների նման համադրությունն ավելի հաճախ հանդիպել է բնական ճանապարհով ծնված նորածինների մոտ։

Ընդ որում,  հետազոտողներն ընդգծել են, որ խոսքն առայժմ միայն վիճակագրական կապի մասին է, այլ ոչ թե ապացուցված պատճառահետեւանքային կախվածության։ Բնական ճանապարհով ծնված բոլոր երեխաները չէ, որ ունեցել են պաշտպանական միկրոբիոմ, եւ աղիների միկրոֆլորայի ձեւավորման վրա կարող են ազդել շատ գործոններ, ներառյալ սնունդը, հակաբիոտիկների ընդունումը եւ շրջակա միջավայրը։

Այնուամենայնիվ, արդյունքները կարեւոր հուշում են տալիս ապագա բժշկական հետազոտությունների համար։ Գիտնականների կարծիքով՝ ապագայում կարելի կլինի մշակել հատուկ պրոբիոտիկներ կամ անհատականացված միջամտություններ՝ ուղղված առողջ միկրոբիոմի ձեւավորմանը երեխայի կյանքի առաջին շաբաթներին։ Նման մոտեցումները կարող են նվազեցնել ծանր վարակների վտանգը վաղ մանուկ հասակում եւ ամրապնդել իմունային համակարգը կյանքի հենց սկզբից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll