Մետֆորմին դեղամիջոցը լայնորեն կիրառվում է շաքարային դիաբետի բուժման համար և կարող է պաշտպանիչ ազդեցություն ունենալ տեսողության վրա։ Ophthalmology Retina ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել դրա կապը տարիքային մակուլյար դեգեներացիայի վտանգավոր ձևի և զարգացման ռիսկի նվազեցման հետ։ Այդ հիվանդությունը հաճախ հանգեցնում է կուրության։
Չիկագոյի համալսարանի գիտնականները վերլուծել են ավելի քան 44 հազար պացիենտների տվյալներ։ Ընտրանքի մեջ ներառվել է նոր ախտորոշված նեովասկուլյար ձևով 22 205 մարդ և այդ ախտորոշումը չունեցող 22 126 մարդ։ Արդյունքները ցույց են տվել, որ մետֆորմինի ընդունումը կապված է հիվանդության զարգացման ռիսկի մոտ 16% նվազման հետ։
Լրացուցիչ վերլուծությունը բացահայտել է, որ առավել արտահայտված պաշտպանիչ ազդեցություն է նկատվում դեղամիջոցի չափավոր ընդհանուր դեղաչափերի դեպքում: Նմանատիպ միտում է պահպանվել նաև դիաբետով հիվանդների շրջանում. նրանց մոտ, ովքեր ընդունել են մետֆորմին, մակուլյար դեգեներացիայի զարգացման հավանականությունն ավելի ցածր է եղել:
Հետազոտողներն ընդգծում են, որ տարիքային մակուլյար դեգեներացիան մնում է տարեց մարդկանց շրջանում տեսողության կորստի հիմնական պատճառներից մեկը: Նրանց կարծիքով, շնորհիվ հասանելիության և կողմնակի ազդեցությունների համեմատաբար ցածր ռիսկի, մետֆորմինը կարող է որպես հեռանկարային միջոց դիատրկվել հիվանդության կանխարգելման կամ դրա առաջընթացի դանդաղեցման համար: Այնուամենայնիվ, վերջնական եզրակացությունների համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day