Հակաբիոների սխալ օգտագործումը շատ վտանգավոր է, քանի որ հեշտությամբ կարող է դրանց հանդեպ կայունության հանգեցնել: Այդ իսկ պատճառով, ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանի կարծիքով, ճիշտ կլինի, որ հակաբիոտիկները, ինչպես եւ գրեթե բոլոր այլ դեղամիջոցները, վաճառվեն միայն դեղատոմսով, որպեսզի մարդիկ չկարողանան վնաս հասցնել իրենց առողջությանը՝ առանց բժշկի ցուցումների հակաբիոտիկներ գնելով եւ օգտագործելով:
Գլխավոր թոքաբանը հիշեցնում է, որ հակաբիոտիկները կարելի է օգտագործել միայն երբ կա բակտերիաներով պայմանավորված վարակ: Բոլոր այլ դեպքերում դրանք ոչ միայն օգուտ չեն տա, այլեւ կարող են վնասել:
Այսօր Հայաստանում հակաբիոտիկներ կարելի է գնել ցանկացած դեղատանը, եւ շատերը, առանց բժիշկների հետ խորհրդակցելու, հենց այդպես էլ վարվում են: Թոքաբանի խոսքով՝ նրանք չեն հասկանում, որ եթե, օրինակ, երեխան հազում է, փռշտում, ուղղակի հիվանդ է, դա դեռ չի նշանակում, որ նրան կարելի է եւ կամ պետք է հակաբիոտիկներ տալ: Հենց մայրերի անգրագիտության պատճառով է շատ երեխաների մոտ հակաբիոտիկների հանդեպ կայունություն առաջանում:
Անդրանիկ Ոսկանյանի կարծիքով, ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է մշակի ճանապարհներ՝ բոլոր դեղամիջոցները միայն դեղատոմսով դարձնելու համար, մանավանդ որ նման փորձ Հայաստանում արդեն կա՝ հոգեմետ դեղամիջոցները, օրինակ, ազատ չեն վաճառվում: Վերջերս դեղատոմսով է դարձել նաեւ Սայտոտեկը: Մասնագետի խոսքով՝ դեղատոմսը պետք է ոչ միայն ուղղակի ստորագրված լինի բժշկի կողմից, այլեւ պետք է բժշկի անունն ու անձնական կնիքը պարունակի, որպեսզի դեղագետը համոզվի, որ դեղատոմսը իրոք գործող բժիշկ է դուրս գրել:
Ի դեպ, բազմաթիվ զարգացած երկրներում գրեթե բոլոր դեղամիջոցները եւ մանավանդ հակաբիոտիկները միայն դեղատոմսով են վաճառվում:
Հիշեցնենք, որ վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակուրպությունն ահազանգել էր, որ հակաբիոտիկների հանդեպ կայունությունը հանրային առողջապահության համար լուրջ սպառնալիք է դարձել ողջ աշխարհում, եւ դա կարող է բերել հակաբիոտիկների դարաշրջանի ավարտին, եւ սովորական վարակները կրկին մահացու կդառնան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day