• Latest news

Կայունություն հակաբիոտիկների հանդեպ. Ինչո՞ւ է այն առաջանում եւ ի՞նչ անել

7 մայիսի, 2014  22:39

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ է առաջանում կայունություն հակաբիոտիկների հանդեպ։ Ի՞նչ անել դրանից խուսափելու համար։ Այս խնդրի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը խոսեց Հայաստանի գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանի հետ։

«Հակաբիոտիկների չվերահսկվող օգտագործումը հանգեցրել է նրան, որ մանրէները նրանց ընտելացել են», - ասաց թոքաբանը։

Հիշեցնենք, որ վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակուրպությունն ահազանգել էր, որ  հակաբիոտիկների հանդեպ կայունությունը հանրային առողջապահության համար լուրջ սպառնալիք է դարձել ողջ աշխարհում, եւ դա կարող է բերել հակաբիոտիկների դարաշրջանի ավարտին, եւ սովորական վարակները կրկին մահացու կդառնան։

ԱՀԿ. Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը լուրջ սպառնալիք է դարձել

Ինչպես նշեց Անդրանիկ Ոսկանյանը, կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ առաջանում է այն պատճառով, որ մանրէները, որոնց այդ դեղերը պիտի սպանեին, կորցնում են զգայունությունը դրանց հանդեպ։ Իսկ դրա պատճառը հակաբիոտիկների չվերահսկվող օգտագործումն է։  

Ի՞նչ է նշանակում հակաբիոտիկների չհսկվող օգտագործում։ Առաջին հերթին, ինքնաբուժում, երբ դեղը ոչ թե բժիշկն է նշանակում, այլ «ինքը հիվանդը, կամ ծնողները, կամ հարեւանուհին, կամ մեկ հարկ վերեւ ապրող բուժքույրը», նշեց թոքաբանը։ Նույնքան վտանգավոր է դեղատան աշխատակիցներից խորհուրդ հարցնելը. բուժման նշանակումը դեղագործի պարտականությունների մեջ չի մտնում, նա կարող է սխալ, անգամ վտանգավոր  խորհուրդ տալ։

«Հարկավոր է օրենքի ուժով սահմանել դեղագործի գործառույթները։ Դեղագործը պետք է բացատրի, ինչպես դեղ ընդունել, որ ժամին, քանի անգամ։ Բայց նա չպետք է ասի, ինչպես եւ ինչով բուժել։ Միայն բուժող բժիշկը դեղեր նշանակելու իրավունք ունի. Այս ամենը պետք է օրենքով ամրագրվի», - ասաց Ա. Ոսկանյանը։

Հակաբիոտիկների չվերահսկվող օգտագործումն իր մեջ ներառում է նաեւ այն դեպքերը, երբ բուժումն ընդհատվում է, եւ մանրէները մինչեւ վերջ չեն ոչնչացվում։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդիկ ինքնագլուխ դադարեցնում են հակաբիոտիկի ընդունումը, հենց որ իրենց մի քիչ լավ են զգում։ «Մանրէների ոչնչանալու համար ժամանակ է պետք։ Այդ պատճառով, եթե բժիշկը նշանակում է 7 օր հակաբիոտիկ խմել, ապա այն պետք է ընդունել հենց 7 օր, այլ ոչ թե դադարեցնել, հենց որ ջերմությունը իջնի», - ասաց բժիշկը, հավելելով, որ շատ ծնողներ համարում են, որ եթե երեխան իրեն արդեն լավ է զգում, ապա պետք չէ շարունակել թունավորել նրան դեղերով։ Նրանք չեն հասկանում, որ բուժումը ընդհատելու պատճառով երեխայի համար հետո ավելի վատ կլինի։

Այսպիսով, հակաբիոտիկների չվերահսկվող եւ սխալ օգտագործումը մանրէներին հարմարվելու հնարավորություն է տալիս՝ նրանք դառնում են դեղերի հանդեպ կայուն։

«Մանրէներն էլ կենդանի օրգանիզմներ են, որոնք ապրել են ուզում։ Նրանք հարմարվում են, մուտացիայի են ենթարկվում, ավելի կենսունակ են դառնում», - ասաց բժիշկը, հավելելով, որ երբ այդպիսի կայուն մանրէները շատանում են, անգամ թեթեւ վարակը կարող է մահացու դառնալ, քանի որ ոչ մի հակաբիոտիկ արդեն այդ հարուցիչների վրա չի ազդում։

Ա. Ոսկանյանը նշեց, որ Հայաստանում հակաբիոտիկների կայունության հարցը նույքան մտահոգիչ է, ինչպես եւ մյուս երկրներում։ Սակայն, իր կարծիքով, հայերը մի քիչ ավելի կարգապահ են, երբ խոսքը բուժման մասին է, եւ առավել հաճախ դեղերն օգտագործում են ըստ բժիշկների նշանակումների։

Ինչպե՞ս խուսափել այս խնդրից։ Ա.Ոսկանյանը նշեց, որ հակաբիոտիկները պետք է նշանակել մեծ զգուշությամբ։ Դա պետք է անի միայն բժիշկը հիվանդի նորմալ զննումից եւ ախտորոշումից հետո։ Այնուհետեւ անհրաժեշտ է ստանալ բուժման ամբողջ կուրսը, իսկ եթե դրանից հետո վարակը մնում է, պետք է ոչ թե հակաբիոտիկը փոխել, այլ հասկանալ, թե ինչու։

Եւ իհարկե, չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է