Բժշկագիտական Science Translational Medicine հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հաստ աղիքի քաղցկեղը կարող մյուս քաղցկեղներից զանազանվող եզակի «մանրէային դրոշմ» ունենալ։
Գիտնականները վերլուծել են ավելի քան 9000 բուժառուների գենոմային տվյալները և պարզել, որ տասնյակ ուռուցքաբանական հիվանդությունների մեջ միայն հաստ աղիքի ուռուցքներն են մշտապես բնորոշ մանրէային համակեցություն պարունակում։
Այդ հայտնագործությունը մարտահրավեր է նետում նախկին այն պատկերացումներին, ըստ որոնց քաղցկեղի յուրաքանչյուր տեսակ ենթադրաբար ունի իր սեփական մանրէային «կնիքը»։ Պարզվում է այդպես չէ. հաստ աղիքի քաղցկեղն է աչքի ընկնում իր առանձնահատուկ և ճանաչելի մանրէային կառուցվածքով։ Ավելին, այդ մանրէային համակցություններն այն աստիճան յուրահատուկ են, որ կարող են օգնել բժիշկներին ավելի ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը և այն զանազանել այլ ուռուցքներից։
Հասկանալու համար, թե դա ինչ է նշանակում, կարևոր է պարզաբանել. ուռուցքները պարունակում են ոչ միայն քաղցկեղի բջիջներ, այլև միկրոօրգանիզմներ՝ մանրէներ և վիրուսներ, որոնք ապրում են դրանց կողքին։ Դրանց դերը ավանդաբար թերագնահատվել է։ Սակայն այժմ պարզ է դառնում, որ այդ միկրոօրգանիզմները կարող են ոչ միայն «համակեցություն» ունենալ քաղցկեղի հետ, այլև ազդել դրա զարգացման, ագրեսիվության և նույնիսկ նրա վրա, թե ինչպես է բուժառուն արձագանքում ապաքինմանը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ դեպքերում ստույգ մանրէների առկայությունը պայմանավորված է ավելի վատ կենսակայունությամբ, իսկ մյուսների պարագայում՝ ավելի բարենպաստ կանխատեսմամբ։ Դա նշանակում է, որ մանրէները կարող են նոր բիոմարկերներ դառնալ, որոնք բժիշկներին կօգնեն կանխատեսել հիվանդության ընթացքը և ավելի ճշգրիտ ընտրել բուժումը։
Բացի դրանից, ուռուցքի ԴՆԹ-ի վերլուծությունը կարող է թաքնված վարակներ ի հայտբերել, օրինակ՝ վիրուսներ, որոնք կարող են ներգրավված լինել քաղցկեղի զարգացման մեջ, սակայն սովորական ախտորոշման ժամանակ չեն հայտնաբերվել։ Դա լրացուցիչ հնարավորություններ է բացում վաղ հայտնաբերման և բժշկական միջամտության համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day