Nature Microbiology ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ ծովային կենդանիների (օրինակ՝ ծովախեցգետինների և ձկների) շրջանում տարածված վիրուսը դարձել է մարդու աչքի քրոնիկ հիվանդության պատճառ։ Վերջին տարիներին Չինաստանում աճում է անհայտ ծագման վիրուսային ուվեիտի (POH-VAU) դեպքերի թիվը, որն ուղեկցվում է բարձր ներակնային ճնշմամբ։ Հիվանդությանը բնորոշ են աչքի չափազանց բարձր ճնշումը և բորբոքային գործընթացները։
Գիտնականները կասկածում են, որ պատճառը covert mortality nodavirus (CMNV) վիրուսն է, քանի որ հիվանդների մոտ հերպեսի կամ գոտևորող որքինի պես տարածված վիրուսների թեստերը մշտապես բացասական արդյունք են տվել։ Ավելի վաղ որոշ պացիենտների ակնային հյուսվածքներում հայտնաբերվել էին անհայտ վիրուսային մասնիկներ, որոնք իրենց չափերով և ձևով նման են եղել CMNV-ին։
Հետազոտության շրջանակում գիտնականները 2022 թվականի հունվարից մինչև 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ներգրավել են POH-VAU ախտորոշմամբ 70 պացիենտի։ Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ հեռացված ակնային հյուսվածքներում հայտնաբերվել են մոտ 25 նանոմետր չափի վիրուսային մասնիկներ, որոնք առողջ մարդկանց մոտ չեն հանդիպել։ CMNV-ի նկատմամբ սպեցիֆիկ «ոսկե պիտակով» հակամարմինները հաստատել են վիրուսի ինքնությունը, իսկ գենետիկական նյութի սեկվենավորումը 98,96% համընկնում է ցույց տվել ջրային կենդանիների մոտ հայտնաբերված վիրուսի հետ։
Հարցումների ժամանակ պացիենտների գրեթե երեք քառորդը նշել է, որ կա՛մ առանց ձեռնոցների աշխատել է հում ծովամթերքի հետ, կա՛մ օգտագործել է այն հում վիճակում։ Բջջային կուլտուրաների վրա կատարված փորձերը և CMNV-ով մկների վարակումը աչքի հիվանդության նույն ախտանիշներն են առաջացրել, ինչ մարդկանց մոտ՝ փաստելով վիրուսի դերը POH-VAU-ի զարգացման գործում։
Սա առաջին հետազոտությունն է, որը ջրային կենդանիների վիրուսը կապում է մարդու աչքի կոնկրետ հիվանդության հետ։ Համաշխարհային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ CMNV-ը հանդիպում է 49 տեսակների մոտ (ներառյալ խեցգետիններն ու կակղամորթները) և բոլոր մայրցամաքներում՝ Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում, Անտարկտիդայում և Ամերիկայում, ինչը վկայում է հնարավոր համաշխարհային վտանգի մասին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day