Գիտնականները հետազոտում են օստեոարթրիտի հետևանքով վնասված հոդերը վերականգնելու նորարարական մեթոդները, ինչը ավելի արդյունավետ բուժման հույս է ներշնչում։ Առողջապահության առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալությունը (ARPA-H) հաղորդում է, որ մի քանի փորձարարական մոտեցումներ կարող են նպաստել աճառի և ոսկրային հյսւովածքների վերականգնմանը։
Օստեոարթրիտը, որից Միացյալ Նահանգներում տառապում է մոտ 32 միլիոն մարդ, զարգանում է հոդերի հյուսվածքի աստիճանական մաշվածության պատճառով։ Ներկայիս բուժումները հիմնականում կենտրոնանում են ախտանիշների մեղմացման վրա, սակայն վնասված կառուցվածքները չեն վերականգնում։
Երեք հետազոտական խմբեր աշխատում են նոր լուծումների վրա, հիմնականում ծնկի օստեոարթրիտի համար։ Գիտնականների երկու թիմ՝ Դյուկի համալսարանից և Կոլորադոյի Բոուլդերի համալսարանից, ներարկման և ինֆուզիոն թերապիայի (infusio, օրգանիզմում պաթոլոգիական կորուստները շտկելու կամ դրանք կանխելու նպատակով որոշակի ծավալի և կոնցենտրացիայի տարբեր լուծույթների՝ արյան մեջ ներմուծման վրա հիմնված բուժման մեթոդ –խմբ.) մեթոդներ են մշակում, որոնք կարող են խթանել աճառի և ոսկրային հյուսվածքների աճը։
Կոլումբիայի համալսարանի երրորդ խումբը ավելի հեղափոխական մոտեցմամբ է զբաղվում՝ ստեղծելով ամբողջական ծնկի հոդ՝ ոսկրային հյուսվածքներով և աճառային բջիջներով լցված եռաչափ տպիչով պատրաստված կառամատույցի օգնությամբ։
Մինչ այժմ այդ մեթոդները փորձարկվել են միայն փոքր կենդանիների վրա, իսկ դրանց արդյունավետությունը մարդկանց վրա դեռևս հաստատված չէ։ Ընդսմին, որոշ փորձարկումներ արդեն ցույց են տվել աճառը մի քանի ամսվա ընթացքում վերականգնելու ունակությունը։
Մեկ մոտեցումը հիմնված է հոդի ներսում դանդաղ արտազատվող դեղամիջոցի կիրառման վրա, որը խթանում է հյուսվածքների վերականգնումը: Մյուսն օգտագործում է սպիտակուցներ, որոնք լցնում են վնասված հատվածները և ակտիվացնում աճառի վերականգնման գործընթացը։
Փորձագետները նշում են, որ այդ զարգացումները կարող են լուրջ առաջընթաց դառնալ: Ի տարբերություն գոյություն ունեցող եղանակների, որոնք կենտրոնանում են միայն ախտանիշների թեթևացման վրա, այս նոր մոտեցումները թիրախավորում են հիվանդության արմատային պատճառը՝ հյուսվածքների վնասումը: Գիտնականները նպատակ ունեն ակտիվացնել օրգանզիմի սեփական վերականգնման մեխանիզմները։
Մարդկանց վրա կլինիկական փորձարկումները նախատեսվում է սկսել առաջիկա 18 ամիսների ընթացքում: Նախագիծն արդեն ստացել է զգալի ֆինանսավորում՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ: Հաջողության դեպքում այդ մեթոդները կարող են ոչ միայն փոխել արթրիտի բուժման մոտեցումը, այլև բուժառուների համար ավելի մատչելի դառնալ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day