• Latest news

Վաղ տարիքում մանրէների հետ շփումը կարող է իմունային հիշողություն ձևավորել

18 ապրիլի, 2026  13:43

Ընդունված է, որ հարուստ կենսաբազմազանություն ունեցող միջավայրում՝ ֆերմաներում, ընտանի կենդանիներ ունեցող տներում և առհասարակ գյուղական վայրերում մեծացող երեխաներն ավելի հազվադեպ են տառապում ալերգիայից: Բայց ինչո՞ւ է դա այդպես։

Ամերիկացի հետազոտողները գտել են պատասխանը: Պարզվում է, որ վաղ տարիքում տարբեր մանրէների և սպիտակուցների հետ  շփումը ձևավորում է ընդարձակ իմունային հիշողություն և արտադրում յուրահատուկ հակամարմիններ, որոնք ուշ տարիքում օգնում են արգելափակել ալերգիկ ռեակցիաները: Հետազոտողների խոսքով՝ անվնաս ալերգենների (ամբրոզիա, կատուներ, գետնանուշ և այլն) նկատմամբ չափազանց սուր արձագանքելու փոխարեն, «փորձառու» իմունային համակարգը դրսևորում է հավասարակշռված ռեակցիա:

Ստացված տվյալները կօգնեն մշակել ալերգիայի կանխարգելման ավելի արդյունավետ ռազմավարություններ, որոնք խրախուսում են վաղ շփումը բնական միջավայրի հետ և նոր բուժման մեթոդների կիրառումը, որոնք ուժեղացնում են պաշտպանիչ իմունային ռեակցիաները, այլ ոչ թե պարզապես ճնշում ախտանիշները: Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում:

«Մենք ցանկանում էինք ստուգել այն վարկածը, թե արդյոք պակաս մաքուր միջավայրում ապրելը պաշտպանում է ալերգիայից,— ասում է իմունակենսաբանության պրոֆեսոր և հետազոտության առաջին հեղինակ Ռուսլան Մեջիթովը։— Հիմնական հարցը, որին մենք ուզում էինք պատասխանել, հետևյալն էր. ի՞նչ է տեղի ունենում իմունային համակարգի հետ, երբ մարդը գտնվում է բնական միջավայրում և շփվում է մեծ քանակությամբ մանրէների հետ»։

Սա պարզելու համար հետազոտողները համեմատել են մկների երկու խումբ։ Առաջին խումբը բաղկացած էր մանրէներով հարուստ միջավայրում մեծացած առանձնյակներից, որոնք նման էին բնական պայմաններում ապրող մկներին, հայտնում է «Նաուչնայա Ռոսսիյան»։ Երկրորդ խումբը բաղկացած է եղել ստերիլ պայմաններում մեծացած լաբորատոր մկներից։ Հետազոտողները երկու խմբերին էլ ենթարկել են ալերգենների ազդեցությանը, այնուհետև չափել կենդանիների ալերգիկ ռեակցիաները, հակամարմինների արտադրությունը և իմունային բջիջների ակտիվությունը։

Գիտնականները խթանել են մկների իմունային համակարգը՝ նրանց ենթարկելով տարածված վարակիչ գործոնների (ինֆեկցիոն ագենտների), ինչպես նաև բարդ սննդային ալերգենների ազդեցությանը, ինչպիսիք են սոյան, գետնանուշը և ոլոռը։ Հետազոտողները նաև որոշել են, թե որ տարիքում է մկների մոտ ալերգիայի զարգացման հավանականությունն ամենամեծը՝ համեմատելով նրանց վիճակը վաղ և հասուն տարիքում։

Պարզվել է, որ բնական պայմաններում մեծացած մկները զգալիորեն պաշտպանված են ծանր ալերգիկ ռեակցիաներից (ի տարբերություն լաբորատոր մկների)։ Բնական միջավայրում մեծացած մկներն ունեն յուրօրինակ իմունային հիշողություն, որը թույլ է տալիս նրանց հաղթահարել այնպիսի ալերգեններ, որոնց լաբորատոր մկները նախկինում երբեք չեն առնչվել։ Այս խաչաձև փոխազդող իմունային հիշողությունը փոխում է արձագանքի ուղղությունը՝ ալերգիա առաջացնող հակամարմիններից (IgE) դեպի ալերգիկ ռեակցիաներ չհարուցող պաշտպանիչ հակամարմիններ։

«Վայրի մկները ենթարկվում են ամենատարբեր միկրոօրգանիզմների ազդեցությանը, բայց չեն հիվանդանում։ Նրանք ներկայացնում են կենդանու բնական վիճակը, ինչպես նաև մարդու վիճակը՝ մոտավորապես մինչև 100 տարի առաջվա ժամանակահատվածը,— ասել է Մեջիթովը։— Ըստ էության, մենք հայտնաբերել ենք, որ մանրէների և այլ անտիգենների հետ բնական շփման դեպքում իմունային համակարգն աշխատում է բոլորովին այլ կերպ, քան ստերիլ մկների մոտ, որոնց իմունային համակարգն ակնհայտորեն բնականոն վիճակում չէ»։

Չափազանց «մաքուր» միջավայրում գտնվող իմունային համակարգը կարող է բավարար չափով մարզված չլինել և ավելի հաճախ խափանումներ ունենալ։ Ժամանակակից հասարակության մեջ ալերգիայի դեպքերի թիվը կտրուկ աճել է, և այս հետազոտությունը ցույց է տալիս, որ ալերգիկ ռեակցիաների զարգացման գործում կարևոր դեր է խաղում շրջակա միջավայրը, այլ ոչ միայն գենետիկան։

«Ինդուստրացման, ինչպես նաև հակաբիոտիկների, ախտահանիչ միջոցների, հիգիենայի պարագաների և պատվաստումների կիրառման շնորհիվ մենք ավելի ու ավելի պաշտպանված ենք իսկապես վտանգավոր մանրէներից, և դա հիանալի է,— ասում է Մեջիթովը։— Սակայն դրա դիմաց մենք վճարում ենք նրանով, որ մեր իմունային համակարգը գտնվում է չմարզված, անպատրաստ վիճակում, ինչի հետևանքով անվնաս ազդեցությունները առաջացնում են պաթոլոգիական ալերգիկ ռեակցիա»։

Նոր տվյալները վկայում են այն մասին, որ ալերգենների ազդեցությունը և IgG հակամարմինների (իմունոգլոբուլին G)՝ արյան մեջ ամենատարածված հակամարմինների արտադրությունը կարող են օգնել արդեն իսկ առկա ալերգիկ հիվանդությունների բուժման հարցում։ Հետազոտողների խոսքով՝ այս հոդվածը լույս է սփռում նաև աուտոիմունային հիվանդությունների զարգացման գործում շրջակա միջավայրի դերի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll