• Latest news

Արևի լույսի երկարատև ազդեցությունը կարող է խաթարել մաշկի կենսաբանական ժամացույցը․ JID

7 մայիսի, 2026  15:29

Արևի լույսի բազմամյա ազդեցությունը կարող է խաթարել մարդու մաշկի ներքին կենսաբանական ժամացույցը։ Նման եզրակացության են եկել Մանչեսթերի, Փենսիլվանիայի համալսարանների և No7 Beauty Company-ի հետազոտողները: Աշխատությունը հրապարակվել է Journal of Investigative Dermatology ամսագրում: Գիտնականները կարծում են, որ հենց ցիրկադային ռիթմերի այս խանգարումը կարող է լինել մաշկի արագացված ծերացման և քրոնիկական բորբոքման պատճառներից մեկը:

Հետազոտողներն առաջին անգամ ուղղակիորեն համեմատել են «կենսաբանական ժամացույցի» աշխատանքը մաշկի այն հատվածներում, որոնք տասնամյակներ շարունակ ենթարկվել են արևի ազդեցությանը, և այն գոտիներում, որոնք սովորաբար թաքնված են արևից: Դրա համար 20 կամավորների նախաբազկից և հետույքի վերին հատվածից մաշկի նմուշներ են վերցվել օրվա տարբեր ժամերին՝ ցերեկը, երեկոյան, գիշերը և լուսադեմին: Այնուհետև գիտնականները վերլուծել են օրգանիզմի ցիրկադային ռիթմերի հետ կապված հազարավոր գեների ակտիվությունը։

Արդյունքներն անսպասելի են եղել։ Մշտապես ուլտրամանուշակագույն ճառագայթների ենթարկվող մաշկի մեջ ներքին ռիթմերը զգալիորեն թույլ են եղել և ժամանակային առումով՝ շեղված: Հատկապես մտահոգիչ է եղել ԴՆԹ-ի վնասվածքների վերականգնման համար պատասխանատու գեների աշխատանքի խաթարումը: Բնականոն վիճակում բջիջների նորոգման բազմաթիվ գործընթացներն ակտիվանում են գիշերը, երբ մաշկը չի ենթարկվում արևի ազդեցությանը: Սակայն քրոնիկական ուլտրամանուշակագույն ազդեցությունը, կարծես թե, խախտում է այս նուրբ սինխրոնացումը:

Գիտնականները ենթադրում են, որ հենց սա կարող է արագացնել ֆոտոծերացումը՝ գործընթաց, որի ժամանակ մաշկը կորցնում է առաձգականությունը, հայտնվում են կնճիռներ, բորբոքումներ և հյուսվածքների վնասվածքներ: Հետազոտողները նշում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները ոչ միայն ուղղակիորեն վնասում են բջիջները, այլև բառացիորեն «խառնում են» մաշկի ներքին ժամացույցի կարգավորումները:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ցիրկադային ռիթմերը կառավարում են գրեթե ողջ օրգանիզմը՝ քնից ու մարմնի ջերմաստիճանից մինչև իմունիտետ և նյութափոխանակություն: Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ հետազոտություններ են կենսաբանական ժամացույցի խանգարումները կապում դեմենցիայի, սիրտ-անոթային հիվանդությունների և հոգեկան խանգարումների բարձր ռիսկի հետ:

Միևնույն ժամանակ, հետազոտողներն ընդունում են, որ աշխատանքն ունի սահմանափակումներ. փորձարկմանը մասնակցել են եվրոպական ծագում ունեցող ընդամենը 20 կին՝ 51–63 տարեկան: Այնուամենայնիվ, հետազոտությունն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել մաշկաբանների և կոսմետիկա արտադրողների շրջանում:

Գիտնականները կարծում են, որ մաշկի խնամքի համար պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել օրվա ժամին։ Օրինակ՝ թե կոնկրետ երբ է ավելի արդյունավետ պաշտպանիչ կամ վերականգնող միջոցների օգտագործումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll