Ջենիֆեր Էնիսթոնը կարողանում է առողջ ապրելակերպի անգամ ամենապարզ սովորույթները համաշխարհային թրենդի վերածել։ Մարզումներից մինչև օրական սննդակարգ՝ երկրպագուները վաղուց են ոգեշնչվում առողջության հանդեպ նրա ունեցած մոտեցմամբ։ Ժամանակին համացանցը «պայթեցրին» նրա ինտերվալային սովի մեթոդն ու սմուզիների բաղադրատոմսերը, բայց դրանցից ոչ մեկը չի կարող համեմատվել նրա արդեն պաշտամունքային դարձած աղցանի հետ, որը դերասանուհին «Ընկերները» սերիալի նկարահանումների ժամանակ կերել է ամեն օր՝ 10 տարի շարունակ։ Ու թեև նրա ճաշացանկը հիացնում է բոլորին, այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել նրա նախաճաշի մի փոքրիկ դետալը։
Դերասանուհի և գործարար Էնիսթոնը «Vital Proteins» բրենդի հետ համագործակցության շրջանակում Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ պատմելով այն ամենօրյա ծիսակարգերի մասին, որոնք օգնում են իրեն պահպանել կատարյալ ինքնազգացողությունը։ Այդ սովորույթների թվում են բակում շների հետ խաղալը, մարզասրահում պարապմունքները, ընկերուհիների հետ հանդիպումներն ու երեկոյան հանգստի համար սիրելի վինիլային սկավառակները լսելը։ Այնուամենայնիվ, ամենամեծ հետաքրքրությունը շարժել է նրա առավոտյան սուրճի արարողությունը. Ջենիֆերն իր օրն սկսում է մի գավաթ տաք սուրճով, որին կոլագենի փոշի է ավելացնում։
Վերջին տարիներին մեծ տարածում են գտել կոլագենային հավելումները (հատկապես փոշու տեսքով), քանի որ խոստանում են պահպանել մաշկի երիտասարդությունը, ամրացնել ոսկորներն ու բարելավել մազերի ու եղունգների վիճակը։ Ինքնին կոլագենը կարևոր սպիտակուց է, որը պարունակվում է մեր ոսկորներում, հյուսվածքներում ու աճառներում։ Բուսական սննդակարգ նախընտրողները պետք է հաշվի առնեն, որ նման փոշիներն ու հավելումները ստացվում են կենդանական աղբյուրներից։ Բայց արդյո՞ք կոլագենային հավելումներն իրականում այդքան օգտակար են, և արդյո՞ք արժե դրանք խառնել սուրճի հետ։ «EatingWell» պարբերականն ուսումնասիրել է գիտական տվյալները։
Արդյո՞ք օգտակար են կոլագենի փոշիները
Բարեբախտաբար, կոլագենի փոշիները սոսկ հայտնիների հերթական քմահաճույքը չեն. որոշ գիտական հետազոտություններ իրոք փաստում են դրանց օգտակարությունը։ Ավելին՝ որոշ սերտիֆիկացված դիետոլոգներ խորհուրդ են տալիս օգտագործել կոլագենի փոշին՝ որպես ավանդական պրոտեինների (օրինակ՝ շիճուկային կամ ոլոռի սպիտակուցի) այլընտրանք, հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել մաշկի, հոդերի կամ ոսկորների առողջությունը։
Այնուամենայնիվ, կոլագենային հավելումները բավականին թանկ արժեն և պարտադիր չէ, որ ավելի օգտակար լինեն, քան կոլագենով հարուստ բնական սննդամթերքը, ասենք՝ ոսկրի արգանակը կամ սարդինան։ Բացի այդ, վիտամին C-ով հարուստ մթերքները, ինչպիսիք են ցիտրուսները, հատապտուղներն ու բրոկոլին, օգնում են օրգանիզմին ինքնուրույն կոլագեն արտադրել։
«Ամուր ոսկորներ, առողջ մաշկ, մազեր ու եղունգներ ունենալու համար ձեզ բնավ պետք չեն թանկարժեք կոլագենի փոշիներ»,- ասում է դիետոլոգ Վիկտորյա Սիվերը։ «Կոլագեն պարունակող մթերքների, օրինակ՝ ոսկրի արգանակի կամ հավի կաշվի օգտագործումը կարող է հարստացնել ձեր սննդակարգը, սակայն կոլագենի մակարդակը պահպանելու ամենաարդյունավետ միջոցն այնպիսի սննդի վրա կենտրոնանալն է, որը խթանում է դրա բնական արտադրությունն օրգանիզմում։ Հատկապես կարևոր են ամինաթթուներով (պրոլին և գլիցին) ու վիտամին C-ով հարուստ մթերքները: Դրանց թվում են միսը, ձուկը, կաթնամթերքը, ընկուզեղենը, լոբազգիները, ձուն, ցորենի ծլերը և մրգերը, հատկապես՝ ցիտրուսայինները։
Իսկ արդյո՞ք ճիշտ է սուրճին կոլագեն խառնելը
Թեև առավոտյան սուրճին կոլագենի փոշի ավելացնելը դրա պակասը լրացնելու ամենահարմար տարբերակն է թվում, այնուամենայնիվ, այն կարող է ամենաարդյունավետը չլինել։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցության տակ կոլագենի սպիտակուցները կարող են քայքայվել, ինչը պոտենցիալ կերպով նվազեցնում է դրանց օգտակար հատկությունների մի մասը։ Այդ պատճառով սպիտակուցի կառուցվածքն ավելի լավ պահպանելու համար նախընտրելի է կոլագենն ավելացնել սմուզիի, վարսակի շիլայի կամ նույնիսկ ուղղակի մեկ բաժակ ջրի մեջ։
Այդուհանդերձ, դեռևս բավարար հետազոտություններ չկան այն մասին, թե որքանով է տաքությունը ազդում կոլագենային հավելումների վրա։ Քիչ հավանական է, որ սուրճին կոլագեն խառնելն այն բոլորովին անօգուտ է դարձնում։ Եթե ձեզ դուր է գալիս նման ըմպելիքի համն ու հարմարավետությունը, ապա դրանից, ամենայն հավանականությամբ, վնաս չկա. պարզապես պետք է հաշվի առնել, որ այն կարող է ավելի օգտակար չլինել, քան սովորական սննդից ստացվող
Փորձագետների կարծիքը
Կոլագենի փոշու հանդեպ Ջենիֆեր Էնիսթոնի սերը կարող է իրոք օգնել մաշկի առողջության, ոսկորների ամրության և ընդհանուր լավ տեսքի պահպանմանը, հատկապես երբ այն համակցվում է լիարժեք ու օգտակար նյութերով հարուստ սննդակարգի հետ։ Եվ թեև կոլագենը սուրճի մեջ լցնելն այն ամենօրյա խնամքի մաս դարձնելու հարմար տարբերակ է, սակայն փոշին սառը սննդի կամ ըմպելիքների՝ օրինակ սմուզիի կամ սառը սուրճի հետ խառնելն ավելի օգտակար կարող է լինել։
Ի վերջո, առողջ ծերացման և օգտակար սովորույթների կայունացման համար ամենամեծ արդյունքը տալիս է կոլագենի և առողջ ապրելակերպի մյուս կանոնների հետ համադրումը (հավասարակշռված սնունդ, ֆիզիկական ակտիվություն և լիարժեք քուն)։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day